«Հրապարակ». Ծեծ էլ կա` ծեծ էլ
Երեկ, ժամը 17․00-ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղում վերականգնվել էր, սակայն մինչ այդ փորձել էին 1-2 ժամ հոսանքազրկելով՝ հոգեբանական ճնշում գործադրել գյուղացիների նկատմամբ: Օրվա մեջ տեղեկացրել էին նաեւ, որ Կիրանցում ինտերնետը թույլ է, եւ այդ բոլորն արվում է միտումնավոր։
Աշխատանքային օրվա վերջին արդեն ոստիկանական բաժանմունքներից բերման ենթարկվածներին ազատ էին արձակել։ Բայց բռնարարքների կադրերը թեւածում էին համացանցով մեկ, թե ինչպես են սեւ բերետավորները ծեծով, ձեռքերը ջարդելով, ոլորելով՝ Կիրանցի բնակիչներին գազանաբար բերման ենթարկում. կոնկրետ ոստիկաններ` կոնկրետ մարդկանց։ Հիմքը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածն է՝ «Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը»։ Եվ ներքին գործերի նախարարությունը ստում է՝ ծեծ չկա։
«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-անամոթաբար հայտարարում էր ՆԳՆ-ն եւ հորդորում՝ չհրապարակել կեղծ տեղեկություններ։ Մնում է ենթադրել, որ համացանցով տարածվող բռնարարքների կադրերը մասսայական պսիխոզի, ամբողջ հայ ազգի մոտ միաժամանակ առաջացած հալյուցինոգեն երեւույթների հետեւանք էին։
Ինչպե՞ս եղավ, որ ոստիկանությունը հերքեց այն, ինչի մասին հայտնել էին Տավուշում գտնվող Բագրատ սրբազանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Կիրանցի բնակիչները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն այսպես է բացատրում. «Իրենք չեն իմացել, որ այստեղ կամերա կա, կամերան ֆիքսում ա։ Իրանք հայտարարել են, հետո կադրերը տարածվել են։ Իրենց ապուշությունները քողարկելու համար ինչ ասես, ասելու են։ Այդտեղ եղել են ընդամենը 30 հոգի։ Կադրերը գցած են՝ տեսեք։ Բարձրացրած ձեռքերը ոլորում են, ջարդելով տանում են»։ Ըստ Կամո Շահինյանի, ոստիկանները գյուղը շրջափակել են, ճանապարհները փակել, օրվա մեջ էլ կիրանցիներին թույլ էին տալիս ներսուդուրս անել, մյուսներին՝ ոչ։ Ի՞նչ կանխատեսում ունի վարչական ղեկավարը։ «Մենք վերջը չգիտենք, ժողովուրդն ինչ ա մտածում, ինչ կարանք անենք։ Բոլորը խառնված են, ամեն մեկը՝ մի մտքի։ Չգիտեմ, ոնց կհավաքենք մենք էս ժողովրդին, ոնց կպլանավորենք, չգիտեմ։ Բավականին դժվար հարցեր են։ Բոլորը հավաքված են, նստած գետնին, որ ուզես մի բան էլ անես, անհնարին ա: Թուրքին բերում են մեր տուն` էն գյուղ, որը հերոս գյուղ ա։ Սա ռեւանշ ա, ուրիշ բան չի։ Եկեք տեսեք, որ մենք մեր սեփական հողերի համար ենք պայքարում։ Մենք մեր կադաստրային վկայականով տրված հողերի համար ենք պայքարում, ուրիշ ոչ մի բանի։ Ադրբեջանը գալիս ա, թող գա, ջհանդամը գա, մենք էն մարդիկ ենք, էն հզորությունն ունենք, որ մի անգամ էլ պետք լինի, էլի կհանենք իրանց ստեղից։ Մենք վախող չենք։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք մեր պապական, մեր սեփականաշնորհած, ձեր ասած` լեգիտիմ սանտիմետրերի ճշտության հողի համար ենք պայքարում»,- ասում է Կամո Շահինյանը։
Կիրանցի հերոս Գագիկ Վարդանյանի եղբոր դուստրը՝ Գոհարիկը, ով լաց էր լինում Փաշինյանի հետ տավուշցիների հանդիպումից դուրս գալով, հաշվել է՝ 2-3 հազար բերետավորներ են բերել իրենց գյուղ։ «Հիմա նրանք կանգնած են այն հատվածում, որտեղից պետք է ականազերծումն անեն, որպեսզի ժողովուրդը չխանգարի։ Ժողովուրդն էլ չի խանգարում, որովհետեւ 350 բնակչության վրա բերել են 2-3 հազար բերետավոր։ Բնականաբար, էդքանի դեմ բան չեն անելու։ Նստած՝ նայում ենք»,- ասում է Գոհարիկը։
Նա եւս հաստատեց, որ անչափահաս տղաների են տարել բաժին՝ 16-17 տարեկան։ «Մարդիկ կան, ում լավ ջարդել են, քիթն են ջարդել։ Բայց տղամարդիկ են, իրենց համար ամոթ է, որ նկարեն, ցույց տան։ Եթե ինձ խփեն, ես կնկարեմ, ցույց կտամ, բայց իրենք անհարմար են զգում, գյուղում ապրող մարդիկ են։ Մարդ կա` քիթն են ջարդել, մարդիկ կան` ձեռքերը բարձրացրած գնում են, գալիս են` գետնին են տապալում, մի հոգուն 4-5 հոգով տանում են»,- ասում է Գոհարիկ Վարդանյանը։
Ծեծի միջադեպերը Հայաստանում երկակի ստանդարտներով են քննվում, կախված նրանից, թե ինչ քաղաքական կողմնորոշում ունի տուժողը։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած տղային՝ Սամվել Վարդանյանին, ոստիկանները, կարելի է ասել, հանձնեցին դիմակավորված անձանց, որոնք խոշտանգեցին նրան` իջեցնելով մեքենայից, մութ տարածքում նվաստացրին։ Հայտարարեցին, թե գործ է հարուցվել, բայց պարզ է, որ ոչ ոք չի հայտնաբերվել, չի կալանավորվել եւ չի պատժվելու, որովհետեւ թե՛ ուղեկցող ոստիկանները, թե՛ դիմակավորված անձինք պաշտպանում են ՔՊ-ին։ Իսկ, այ, Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանին ուղղված մի ապտակը ոչ միայն մեծ աղմուկ առաջացրեց, այլեւ ապտակողն անմիջապես կալանավորվեց։
Եվ ՔՊ-ական պատգամավորները, որոնք վիրավորում են լրագրողներին, միկրոֆոն խլում, խոչընդոտում նրանց աշխատանքը, հանկարծ բոլորը դարձան չորրորդ իշխանության պաշտպաններ ու ԱԺ ամբիոնից դատափետեցին լրագրողին ապտակող Արթուր Սուքոյանին եւ նրա ղեկավար Լեւոն Քոչարյանին։ Անգամ Դատական դեպարտամենտը խառնվեց իրեն չվերաբերող հարցին եւ 37 թվին համահունչ մի հայտարարություն տարածեց ԱԺ պատգամավորի օգնական՝ նախկին դատավորի որդու եւ հոր մասին: Եթե չամաչեին, «ժողովրդի թշնամու որդի» եզրույթն էլ կօգտագործեին։ Անգամ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ով անտարբեր է այսօր Տավուշում կատարվող ոստիկանական բեսպրեդելի նկատմամբ եւ աշխարհին նայում է «լայն փակված աչքերով», պաշտպանեց «Սիվիկ»-ի լրագրողին։ Երեկ, երբ լրագրողները նրան բռնացրել էին կառավարության դռների մոտ, նա արագ անհետացել էր՝ խուսափելով հարցերից։
Կարծիքներ