Նարեկ Կիրակոսյան. Նոտագրելով Տիեզերական Քաոսի Ալքիմիան

« ...որովհետեւ հարկ է պարպել լսողությունը, որպեսզի որսաս նրա մակընթաց ալիքը, միայն, երբ հնչի մոմի լույսը, վառված մոմի լույսը ծղոտե կանաչ բազկաթոռի վրա, կհնչի նրա շնչառությունը...»։ (1)
Անտոնեն Արտո
Ես ոչինչ չեմ հասկանում երաժշտությունից: Այն ընկալում եմ մաշկով, լսում՝ բիբերով:
Արդեն քանի ամիս տարված եմ Հարություն Դելլալյան անձով եւ գտնվում եմ նրա հիպնոսացնող մեղեդիների ազդեցության տակ: Ծնվող պատկերների հոսքից ճախրում է միտքը՝ ստիպում թափառել տարածության մեջ, զգալ մենության ոսկին, նրա զրնգուն ճիչը, արձագանքվող ձայները:
Գրիչս թարգմանում է Դելլալյանի հայտնության ֆենոմենը:
Հնչյունների ծանրությունից կարկամում է լռությունը:
Թուղթը գծագրում է առասպելը՝ մետաֆիզիկական հիշողությունները վերածելով ծխացող տեսիլքների հարմոնիայի:
Տիեզերական անվերջության մեջ բնազդորեն ընկալում ես զգայական շղարշով օծված սիմֆոնիաների մոգական ուժը, որոնք վերացարկում են Ժամանակը՝ բախվելով գունագեղ ալեգորիաներին:
Փայլատակող մեղեդիներից ճախրում է աստվածային լեզուն, լեզու, որ մագաղաթյա աղոթք է՝ խելահեղ հրավառություն, շնչահեղձ տարափ, պաթոսային ռիթմ, որի ջրվեժահունչ երեւակայություններից մագնիսանում է ուղեղս՝ վերածվելով ուրվատեսիլներով շաղախված եթերային պատարագի:
Սոնետները լցված են ոսկե, դողդոջուն տառերով՝ մտագար նկարչական վրձնազարկերով, տարածական փոխակերպումներով, որ ստիպում են երկար լսել Ժամանակի Աղմուկը:
Հնչյունը վերապրում է երաժշտական նշանների թանաքե հորձանքը, գույնի դիմադրությունը, զարդանախշերով ներհյուսված ձեւագոյացումների հեքիաթային երանգների հրավառությունը:
Շիկացած զգացմունքների արտահոսքը ճառագում է հուզական մթնոլորտում:
Դու փոխակերպվում ես թրթռացող ներվի, քայքայվող նյութի:
Իրականության մեջ արտացոլվող ելեւէջների շնչող տիեզերական պատկերները հնչեցնում են Լռության Աղմուկը:
Կայծակի զիգզագներն ակոսում են աստղազարդ երկնքի ձայնային տատանումները:
Լսելով սիմֆոնիաները՝ շոշափում եմ թափանցիկ բառերի, անտեսանելի սահմանների ու ձեւերի մոգությունը, որովհետեւ թվում է՝ հնչյուններով ջրերի վրա անսահմանություն ես նկարում:
Փակում եմ աչքերս:
Պատկերների հորդահոս անցումները ներթափանցում են գիտակցությանս մեջ՝ ճեղքելով ներսում սերտաճած մամռոտ քարերի անսահման տխրությունը, եւ սարդոստայնին հայտնված բիբը դանդաղ ծորացող անձրեւի կաթիլվող համրությունից թարգմանում է Քո Հարության ծեսը: Անտեսանելի մեկը հեթանոս քրմի նման անշտապ իջնում է լեռներից ու սկսում փչել գալարափողը:
Անցյալի ձայները կլանում են շարժումը՝ փորձելով վերարտադրել հիշողության մեջ թաքնված առասպելական Ոգին: Հնչյունները տրոհվում են՝ ստեղծելով մի նոր հնչյունություն, ինչպես նկարչության մեջ տարածական, բեկվող պատկերների երազային հոսքը, որ քեզ դանդաղ տեղափոխում են աստծո կողմից մոռացված կիսավեր տաճարի կամարների տակ, որտեղ լսում ես հալվող մոմերի խնկաբույր կաթոցը:
Դու փորձում ես հնչյունների միջոցով վերարտադրել գերզգայական աշխարհի արձագանքը: Երկաթե ձողը լարերից քամում է լույսի զրնգոցը, նրա ներքին հնչողությունը, պրկված նյարդերը քամու ոռնոց են, իրերի մեջ վերացարկվող ճիչ, պատկերի, գույնի եւ տարրալուծվող բառերի ճառագում՝ չափման մեջ ու դրանից դուրս:
Ձայնային ֆորմաներում փոխակերպվող, ներթափանցող ակորդները ժայռապատկերների նման սեպագրում են ապագայում արձագանքվող ու երբեք չկիրառված աննյութեղեն նոտաների տարերային հոսքը արյան մեջ:
Topophonօ-ն լսվող հնչյունների եւ նրանց ճեղքումից առաջացած ատոմային էներգիան կլանելու սինթեզ է:
Գալակտիկաներում թափառող նախնական, չդեֆորմացված կիսաձայներն իրականության մեջ համակարգելու յուրահատուկ ճիգ: Դու փորձում ես գտնել հնչյունի քիմիական ռեակցիան ու դրանից քամել Գույնի Ակուստիկան, բացահայտելով ոչ թե դրանց քայքայումը, ոչնչացումը, այլ՝ շոշափելով տրոհվող ձայնից նոր ռիթմի արարման յուրահատկությունը:
Ելեւէջներին գույնի շարժում հաղորդելով՝ բացում ես դրանց մաթեմատիկական, վերացական կառուցվածքների բանալին: Հայացքդ սահում է օդում թրթռացող պոլիֆոնիկ միրաժների միջով: Դու վերանում ես: Դառնում Գույնի Լսողություն: Ակորդներն արտագրում են բնության ձայների հարմոնիան: Փշրելով հարթության սահմանները՝ հայտնվում ես իրար հաջորդող հնչյունների քաոսում՝ ընկալելով տարածության մեջ թաքնված բառերի ներքին ուրվագծերի սինթեզը, լսելով տերեւաթափից պոկված քամու ալիքվող մենությունը:
Topophonօ-ն մահապատժի դատապարտված ոտնաձայների դիվային երկխոսություն է, որպես նյարդոդ պատարագ, կառափնարաններում լսվող զառանցանք, որ սղագրում է ժամանակից ու տարածությունից դուրս գտնվող, բայց միայն Դելլալյանի զարկերակներում բաբախող կեսգիշերային աղոթքի թափանցիկ ելեւէջների մեկնություն: Այնտեղ «Աշխարհը հնչում է: Այն ոգեպես գործող էակների տիեզերք է» (2), մոգական լույսերով ողողված հայելային լաբիրինթոս:
Ամեն ինչ սկսվեց պատահականությունից: Մեր կյանքը դիպվածների հոսք է:
Մի գիշեր դուստրդ՝ Նարինեն, իմանալով, որ ես կախարդված եմ Քո երաժշտությամբ, ինձ ուղարկեց լուսանկար, որտեղ Կոստան Զարեանի բառերն էին ու քո մանկական, նուրբ ձեռագրով արված նոտագրերը: Զարմանքից քարանում եմ: Բացում եմ Զարեանի «Բառերի ոսկին» ժողովածուն ու վերծանողի հայացքով գտնում «Օրերի Պսակից» արտագրածդ հատվածը:
Կոստանի բանաստեղծությունն ու քո նոտաները:
Սա ֆանտաստիկ, բացառիկ երեւույթ է:
Դուք կյանքում երբեք չեք հանդիպել:
Ես հիմա համոզված եմ, որ չճանաչելով իրար՝ նույն շնչառությունն ունեք: Ու այնտեղ՝ Աստղերից մեկի վրա, միասին զրուցում եք՝ քարտեզագրելով Ձեր Նոր Հայտնության սկիզբը:
Ամեն բան սերում է երազներից, պայծառացումներից:
Դու բացվում ես իմ առջեւ Ջոյսի Ուլիսի պես՝ շերտ առ շերտ, ինչպես դելտաներն են հոսում շիկացած ավազների վրա։
Հարություն, գիտես, մենք հանդիպել ենք երազում:
Ես գնացքում եմ: Հանկարծ դու՝ կաթնագույն վերարկուն հագիդ, արագ ներս ես մտնում: Առանց բառ ասելու, մոտենում ես, նստում կողքիս, աջ ձեռքդ դնում ուսիս:
Շունչս կտրվում է:
Բացում ես կաշվե պայուսակդ ու հարցնում.
- Ի՞նչ ես տեսնում:
- Թղթեր,- պատասխանում եմ:
Գլխի դանդաղ շարժումով հերքում ես ասածս ու ավելացնում:
- Ոչ, սա ժամանակ է:
- Ժամանա՞կ,- զարմանում եմ:
Չոր, կտրուկ, էլեկտրական ձայնով ավելացնում ես.
- Պարտիտուրան միջոց է, որ հավերժացվի ժամանակը:
Դողում եմ: Երկաթգծերը լուսնոտների պես հանդարտ սահում են արծաթաշղարշ քնքշության վրա:
Հնչում է հաջորդ նախադասությունդ.
- Շատերը կարծում են՝ երաժշտությունը գործիքների կարիք ունի: Դա այդպես չէ: Միջոցները մենք ենք հորինում: Երաժշտությունը մեր ներսում է:
Դուրս ես գալիս:
Փորձում եմ հետեւել քեզ: Կանխազգալով քայլերս՝ սաստում ես.
- Չիջնես, լսո՞ւմ ես, չիջնես:
Ինձ թեթեւ հրում ես նստարանին: Մատներիդ հպումը զգում եմ այնքան մոտ, այնքան իրական:
Աչքերդ, կիսաթեք, սֆինքսե հայացքդ ու հեռացող լռությունը:
Ես վագոնում եմ, ոչինչ չի մտածվում:
Ստվերները լիզում են լապտերներից կաթող մթնշաղի փոշին:
Կրկին հայտնվում է ցոլացող կերպարանքդ: Ճակատս հենում եմ քրտնած ապակուն:
Ձախ ձեռքդ վեր բարձրացնելով՝ ժպտում ես:
Սարսուռը քարացրել է ինձ: Ափիս մեջ լսում եմ սրտիս զարկերը:
Կայարանում ոչ ոք չկա:
Դատարկություն է:
Բրոնզե ճառագայթը մագիլում է աչքերս:
Գնացքը շարժվում է:
Դու գնում ես դեպի լույսը ու ձուլվում թափանցիկ շամանդաղին:
Արթնանում եմ: Դեռ գիշեր է:
Նյարդերս արձագանքում են տեսիլվող բառերի աղմուկը:
Լռությունը քայլում է սառցե միջանցքներով:
Միացնում եմ «Մեդիտացիադ»՝ պատարագող «Մեդիտացիադ»: Մաքուր հնչյունները ձգտում են սինթեզել հակադիր հնչողության բեկվող տոնայնությունը: Մեղեդին դառնում է մանրանկարչություն, ներքին թելադրանք, հազարավոր նուրբ գծերի լարում, որոնք պոռթկում են ատոնալ հնչողության էլեկտրական գրգիռների պայթյունից:
Լսում եմ կիսաձայն հնչող բառերի ճաքած լռությունը: Հիմա փորձում եմ գրել այնպես, որ ցավը քերի մաշկիս սերտաճած տագնապը, որ տառերն արնահոսեն, ու ինձնից ոչինչ չմնա, աղմուկը խլացնի հնչյունների միֆական դատարկությունը: Թանաքը դուրս գա բառի տիրույթից, եւ սպառված լռությունը խեղդվի տողերի ալիքվող ջղերի մեջ:
Գրել՝ նշանակում է վերածնվել մանկան բիբերով:
Զգում եմ ձեռքերիդ ծանրությունը, շոշափում ջրերի վրա իջնող ոսկե փաթիլների դիվային հնչողությունը: Ոսկրոտ մատներդ հպվում են թղթերին:
Դելլալյանի սիմֆոնիաներն իրենց մեջ կրում են մոռացված ձայների արձագանքը:
Նա ստեղծել է իր միկրոտիեզերքն ու փորձում է նոր լեզվով ուղղորդել պայծառացումներին հասնելու իր հայտնաբերած ճանապարհով: Դրանք դեպի Արարչական Սկիզբ տանող նախնյաց մաքուր հնչյուններն են՝ գենետիկ հիշողությունները, որ երազային առկայծումներով, գույնի երաժշտությամբ հայտնվում էին Արշիլ Գորկուն, որոնց մասին նա գրում է. «Աստվածները՝ Աստծուց առաջ: Միտքը՝ Աստվածներից առաջ: Առաջիններից առաջ»: (3)
Աշխարհը մեր երեւակայության մտացարկումն է, մեր հավերժության ընկալման պատկերը, որ գտնվում է ժամանակից դուրս ու անընդհատ շարժման մեջ է:
Ներկան այնքան վերացական է, որքան որ ապագան: Ուրեմն, խոսել կոմպոզիտորի մասին միայն ներկայով՝ աններելի է:
Պետք է հաղթահարել երկրի ձգողական ուժը, սահմանված ժամանակից անցնել Անհայտության, որովհետեւ, ինչպես Բորխեսն էր ասում, «ներկան կանգ չի առնում: Չէինք կարողանա պատկերացնել զուտ ներկա. այն զրոյական կլիներ: Ներկան միշտ անցյալի մասնիկ ունի, ապագայի մասնիկ» (4):
Հարություն, օկտավներիդ վայրկենական պոռթկումից ծնվում է Ձայնի Հավերժությունը:
Բանաստեղծական հյուսվածքների առաձգականությամբ ընդարձակում ես անսահմանության մեջ սուզվելու կարողությունը, խազագրելով Ձայնի ծագումը, նրա մեջ թաքնված խելագարության պուլսացիան:
Սգո քայլերգդ հնչում է ինչպես շարական՝ Մենության Ժամերգության մեջ ելեւէջող դրախտի մեկնություն, որ ստիպում է կուտակվել քո ներսում, խխունջի պես սեղմվել, հայացքով որոնել հեռացող տեսիլքներն ու անէանալ թղթերի դատարկ կնճիռների մեջ:
Բացում եմ աչքերս, նայում երկնքին՝ զգալով թիկունքիս հպվող հրեշտակների ափերի դողը: Ես հեքիաթում եմ, կտավի մեջ, որտեղ հաղորդության պես խնկարկվում է ռիթմի հրաշքը՝ Աստծո մոգական ներկայությունը:
Սարսուռը սողում է պոլիֆոնիկ հոգեհոսքով, նյարդերս պրկվում են, քներակներս արձագանքում են ասուպների ոռնոցը: Փոքրանում եմ, դառնում լուսափոշի՝ վերածվելով ապակին շոշափող գոլորշու:
Մեղեդին սահում է մատներիս արանքով:
Ես ոչինչ եմ, ոչինչ, տարրալուծվող ռիթմ, հախճապակե ճաղերին զարկվող մելանե շաղախ: Բիբերս ճաքում են հայելիների արձագանքվող աղմուկից:
Հետո դանդաղ ընկալում եմ անթարգմանելի հնչյունների շարժման թերապիան, որ անցնում են երակներիս մեջ:
Հարկավոր է կանգնել անձրեւի տակ ու լսել, թե ինչպես են ջրի կաթիլները խլացնում Լույսի Լռությունը:
Քո գործերն իրենց մասշտաբային խտությամբ ինձ համար սիմֆոնիաներ են՝ ամբողջովին երազատեսություններ, ակորդների մեջ թաքնված վերազանցական հնչյունների գունատոնային առկայծումներ եւ մագնիսացնող մեդիտացիա:
Թվում է՝ դու չես լսում, զգում ես մարմնով, ատոմային ռիթմը խփվում է քունքերիդ, ստիպում քեզ քայլել անդունդի եզրով, կլանել մազանոթներիդ մեջ հալվող ելեւէջների արձագանքը՝ նոտագրելով Տիեզերական Քաոսի Ալքիմիան, որ ժամանակի մեջ ու նրանից դուրս հնչում է ինչպես օրատորիա՝ Հարության Օրատորիա:
1. Անտոնեն Արտո, Վան Գոգ, հասարակության ինքնասպանը, թարգմ.՝ Վ. Ֆերեշեթեանի:
2. Կանդինսկի, «Հոգեւորը՝ արվեստում» էսսեներ, Երեւան, 2000, Սարգիս Խաչենց:
3. Արշիլ Գորկի, նամակներ, Երեւան, 2005, Գրաբեր
4. Բորխես, հավերժության պատմություն, Երեւան, 2016, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Անտարես:
Լուսանկարը` Արամ Կիրակոսյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ