Անթույլատրելին` թույլատրելի

Անթույլատրելին` թույլատրելի

Լսում եմ Նիկոլ Փաշինյանին ու մտածում` բերել հասցրել է մի կատաստրոֆիկ կետի եւ փորձում է մեզ համոզել, որ այլ ելք չկա, որ այս սահմանազատումն այլընտրանք չունի, հողերի հանձնումն անխուսափելի է: Եվ ջանք ու եռանդ չի խնայում, որ այս իրավիճակը բացատրի, հիմնավորի, որպես անխուսափելիություն ներկայացնի եւ դրան գումարած` մեզ իրեն համախոհ դարձնի:

Մինչդեռ մենք խաղաղ ապրում էինք` մանր-մունր (այսօրվա աչքով) դժգոհություններ ունենալով իշխանությունից, որն անգամ չէր համարձակվում խոսել Արցախի շուրջը ձեւավորված բուֆերային գոտու` 5 շրջանները վերադարձնելու մասին: Հիմա երկրի ղեկավարը նստել է Հանրայինի եթերում եւ անվախ ու հպարտ խոսում է հող հանձնելու մասին` դա քողարկելով «սահմանի վերարտադրության», «Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն չլեգիտիմացնելու», «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության զարգացման մի շատ կարեւոր անկյունաքար դնելու» անվան տակ:

Եղբայր, մինչեւ քո գալը մեր սահմանը միանգամայն վերարտադրված էր` ոչ ոք այն կասկածի տակ չէր առնում, մեր դեմ ագրեսիվ քաղաքականություն վարողները պատժվում էին, նաեւ` խուսափում էին ագրեսիվ քաղաքականությունից, քանի որ գիտեին, որ պատժվելու են: Մեր ինքնիշխանությունը նույնպես ոչ ոք չէր վիճարկում եւ «մեր պետության երկարաժամկետ գոյության» հետ կապված էլ ոչ ոք կասկածներ չուներ: Եվ ոչ մի ՀՀ ղեկավարի մտքով անգամ չէր անցնի նման միտք բարձրաձայնել. «Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը»: Այս արտահայտությունը եթե-ով սկսող ղեկավարը պետք է նույն օրը եւեթ դիմումը գրած` հեռացած լիներ: Մենք քեզ չենք ընտրել, որ դու մեր պետականությունը վտանգես: