Կոնդը՝ բնակելի թաղամա՞ս, թե՞ հասարակական գոտի

Կոնդը՝ բնակելի թաղամա՞ս, թե՞ հասարակական գոտի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթ են կազմակերպել: Մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում, առաջարկություններ ու դիտողություններ կարելի է ներկայացնել մինչեւ 2021 թ․ փետրվարի 1-ը:

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, Կոնդի արդիականացումը՝ պահպանելով թաղամասի մշակութային շերտը, շատ բարդ բան է, այն էլ հիմա, երբ Կոնդն այդքան աղավաղել են. «Բացի այդ, շատ մեծ ծախսեր պահանջող նախագիծ է, որովհետեւ պահպանելը կրկնակի անգամ թանկ է ու բարդ, քան նոր բան սարքելը»։

Միջազգային պրակտիկայում ինչպե՞ս են արդիականացնում քաղաքային միջավայրը, Կոնդի դեպքում ինչպե՞ս է հնարավոր դա անել։ «Այստեղ խնդիրը մասշտաբի եւ մոտեցման մեջ է։ Ասենք, 2-3 տուն՝ իրենց բալկոններով, մնացել են, դա թողում են եւ դրա մասշտաբի կողքին անում մի ուրիշ շենք, որն արդեն ապրելու երկար կյանք է ունենում, բայց ժամանակակից այնպիսի լուծումներ են տալիս, որ, օրինակ, էլեկտրականությունը չի երեւում։ Դրսում անում են նման բաներ, բայց անգամ դրսում դրանք շատ թանկ են արժենում, որովհետեւ կրկնակի գործ է արվում։ Հիմա Կոնդի դեպքում թե ինչպես պետք է արվի, լավ չեմ պատկերացնում, որովհետեւ պահպանվել է ընդամենը 2-3 փողոց, մնացած մասն այլանդակված վիճակում է»։  

Ստացվում է՝ մի կողմից պետք է պահպանվի Կոնդը, մյուս կողմից, ինչպես գրված է փաստաթղթում, այնտեղ պետք է լինեն հասարակական տարածքներ, զարգացվի փողոցային ցանցը։ «Այո, ստացվում է կիսապահպանություն, եւ այդպես էլ կլինի։ 80-ականներին առիթ եղավ՝ շփվեցինք մի սեփականատիրոջ հետ, ասացինք՝ դու էս քո հողը տուր, որպեսզի այդտեղ մայթ լինի, քեզ ուրիշ տեղ հող կտանք։ Ոչ մի կերպ չհամաձայնեց»: 

Որպեսզի Կոնդը Հին Երեւանի օրը չընկնի, ինչպե՞ս կարելի է այն պահպանել՝ իր կենդանի միջավայրով հանդերձ։ «Հին Երեւանն անգամ իմիտացիա էլ չէ, նա նոր շինարարություն է, բիզնես ծրագիր, որի «շնորհիվ» կորավ մի այլ արժեքավոր բան` Թամանյանի գլխավոր պողոտան` Թամանյանի հատակագծի ամենալավ հատվածը»: Թե որքանով է Կոնդի տարածքն ամբողջովին ուսումնասիրված, գուցե կան շերտեր, որոնց մասին մասնագետները չգիտեն։ Մինասյանն ասում է. «Ինչ-որ մի ժամանակ զոնդաժ արեցին, իսկ այս ծրագրի մեջ կա այդ կետը, որ պետք է նաեւ ուսումնասիրեն տարածքը: Բայց քանի որ ժայռի վրա է Կոնդը, եւ շատ քիչ է այնտեղ հողային մասը, այնպես չէ, որ փորեն, ու բուրգ դուրս գա տակից»: 

Ինչ վերաբերում է ներդրողներին ու նրանց ախորժակին, ապա. «Փող դնողը մտածում է՝ եթե այսքան գումար է ծախսում, բա վերեւում մի հատ հյուրանոց չունենա՞: Մեկ այլ խնդիր է լինելու ավտոկայանատեղիի հարցը, այնտեղ որ մի մեքենա կանգնում է, մնացածները չեն կարողանում շարժվել, ուրեմն պետք է մտածեն նաեւ կանգառների համար․ որտեղ պետք է դրանք անել, որ մարդիկ գան, Կոնդը նայեն»:

Ըստ նրա, պետք է մրցույթը մի քիչ էլ հետաձգեն, որովհետեւ այս պահին «շատ բաց տեղեր» ունենք. «Նման կիսատ-պռատ մրցույթ անելը շատ վատ բան է, ինքը չի կայանում, իսկ հաջորդ մրցույթը որ ուզում ես անես, շատ դժվարությամբ ես երկու հոգի հավաքում, որովհետեւ ասում են` բերեցիք, խաբեցիք, ոչինչ չստացանք եւ այլն: Մարդիկ կարող են նաեւ ասել, որ դա կբերի տուրիստական հոսքի, բայց այդ տուրիստական հոսքը նման նախագծի արժեքը հանելու է մի 20 տարի հետո միայն»:

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի համար ամենակարեւոր հարցն այն է, թե Կոնդն ինչ է լինելու` բնակելի թաղամա՞ս, թե՞ հասարակական գոտի։ «Ես կարծում եմ, որ Կոնդը պետք է լինի ավելի շատ հասարակական գոտի, որտեղ կլինեն այգիներ, պուրակներ, շուկաներ, խանութներ, ամենաշատը` սրճարաններ, եւ դրանով Կոնդի փոքրիկ ինքնությունը կպահպանվի: Ամենակարեւորը, որ Կոնդի փոքր փողոցները նույնձեւ էլ մնան, հատկապես Սարյան փողոցի կողմից` 2 հարկից ոչ ավել, մի հատ մանսարդ, որ Կոնդի տեսարանը չփակվի, որովհետեւ Պռոշյանի կողմից այն արդեն աղավաղված է, նույնը՝ Պարոնյանի կողմից»,- ասում է Մնացականյանն ու ընդգծում` ցանկալի կլիներ Կոնդում իրականացնել երկրաբանական շերտերի ուսումնասիրություն, որովհետեւ վկայություններ կան, որ դեռ 6-րդ դարից հետաքրքիր շինություններ ունենք․ «Օրինակ, մենք կարող ենք գտնել բյուզանդական ժամանակաշրջանի հետաքրքիր շինություններ: Եվ եթե մենք դա գտնենք, ի՞նչ ենք անելու դրա հետ, ինչպես, օրինակ, Հանրապետության հրապարակի ստորգետնյա շերտի հետ, որը 17-րդ դարի էր: Ես հուսով եմ՝ քաղաքապետարանը խորը քնից կարթնանա ու ինքն էլ կսկսի զբաղվել Կոնդով»։

Ըստ նրա, Կոնդի երկրաբանական շերտերի ուսումնասիրությունը ոչ թե վաղ է, այլ՝ ուշացած։ «Հուսով եմ՝ մրցույթի մեջ ներառված է նաեւ այդ կարեւոր մասը»,- ասում է նա ու ընդգծում, որ կարեւոր է, թե որտեղ են լինելու Կոնդի մուտքերը։ «Կոնդը դարձել է գետտո, որտեղ մուտք չկա, որովհետեւ տարիներով փակել են: Հետո՝ տրանսպորտ լինելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետեւ տարիներով Կոնդ տրանսպորտ էլ չի մտել, բայց ժամանակին ավտոբուս է Կոնդում եղել, «Դվին» հյուրանոցի մոտից ավտոբուսը մտել է, Լեոյի փողոցից դուրս եկել: Կոնդի եկեղեցին պետք է լիներ դոմինանտող այդ հատվածում, քանի որ Երեւանի ամենաբարձրադիր տեղում է գտնվում, բայց երկրում ապաշնորհ կառավարման պատճառով Պռոշյան փողոցից եկեղեցու դիմաց բարձրահարկ շենքեր կառուցեցին եւ եկեղեցին փակեցին: Մինչդեռ չէր կարելի թողնել Կոնդում 4 հարկից ավել բարձր շինարարություն: Ամեն դեպքում ուրախ եմ, որ պետությունը դուխ է արել եւ մտել է դրա տակ, ուրախ եմ, որ նոր ներդրումներ են լինելու, որովհետեւ մենակ ինձ տասնյակ մարդիկ, եթե ոչ ավել, դիմել են Կոնդում ներդրումներ անելու համար` 1-50 մլն դոլարանոց ներդրումների մասին է խոսքը: Ուղղակի մարդիկ ուզում են, որ գրագետ նախագիծ ունենանք: Ֆիրդուսի խնդիրը ճարտարապետի եւ կառուցապատողի խնդիր է. կառուցապատողը պետք է մտածի՝ շատ փող աշխատի, իսկ մենք Երեւանը սիրող շատ քիչ կառուցապատողներ ունենք, ճարտարապետն էլ անելու է կառուցապատողի պատվերը` շատ դեպքերում անտեսելով Երեւանի շահը, իսկ երբ ուրբանիստ է դա անում, եւ քաղաքային իշխանություններն էլ խելքը գլխին տիրություն են անում, դա արդեն ունենում է իր դիմագիծը, իսկ Կոնդը, ի տարբերություն Ֆիրդուսի, ունի ավելի հին պատմություն»: 

Ինչպե՞ս պետք է ներդրողին շահագրգռել, որ ներդրում անի, եթե 4 հարկից բարձր շենք չի կարողանալու կառուցել։ «Բայց ո՞վ ասաց, որ չի կարողանալու շահույթ ստանալ, մենք հաշվել ենք՝ շատ լավ էլ կարողանալու է, ուղղակի պետությունն այստեղ ուժեղ զսպելու ֆունկցիա պետք է ունենա, որ մարդիկ գերշահույթ չստանան: Երեւանի կենտրոնի հերն անիծվել է գերշահույթի պատճառով: Բարեբախտաբար, Կոնդում հող չի եղել, եւ մարդիկ չեն կպել այդ 20 հեկտարին»,- ասում է Մնացականյանն ու ընդգծում, որ Կոնդի վերակառուցման հարցում հասարակական վերահսկողությունը մեծ է լինելու` գոնե իր եւ իր ընկերների կողմից: 

«Մեր ռեսուրսներով ու ուժերով շատ դժվար ու կասկածելի կարող ենք առաջ գնալ, պետք է ներգրավել աշխարհի լավագույն ուրբանիստ քաղաքաշինարարներին»,- ասում է նա ու հավելում, որ Հայաստանում կան շատ լավ ճարտարապետներ, բայց շատ քիչ ուրբանիստներ. «Վերջապես, զոնինգ պետք է արվի Երեւանում, որ ասվի՝ այստեղ պետք է լինի ժամանցի տեղ, այստեղ՝ հասարակական վայր: Երեւանում կա մանկապարտեզ, որի տակը մասաժի սալոն է, մի մուտքից երեխաները մտնում են մանկապարտեզ, մի մուտքից՝ մասաժի սալոն, այստեղ առաջ է գալիս ուրբանիստի կարիք»: