Շինարարական փուչիկ

Շինարարական փուչիկ

Նոր իշխանավորներն իրենց գործը սկսեցին քանդելով: Պարոն քաղաքապետը որոշ ինքնակամ կառույցներ թիրախավորելով, «քանդել-վերացնել» հրամաններ արձակելով՝ ուզում էր իր նկատմամբ նախկինում ձեւավորված զվարճախառն տպավորությունները` հեղափոխական ճանապարհով, փոխել տար: Ճիշտ է՝ նախկինում որոշ շինություններ կառուցվել էին խախտումներով, այնպես, ինչպես աշխարհի ցանկացած քաղաքում է պատահում, բայց համաձայնեք, որ քաղաքապետարաններն ու քաղաքաշինական հիմնարկներն իրենց գործունեությունը սկսում են առաջնահերթորեն կառուցողական դրական նոտաներով: Քանդել-վերացնելու կոչերը հատուկ են արմատական ծայրահեղական խմբավորումների տեռորիստներին: Բոլշեւիկներն էլ սկզբում այդպես վարվեցին: Նրանք կարծում էին, որ միայն հնի վերացումով հնարավոր կլինի նորը կառուցել: Այդ անգրագետ մոտեցման հետեւանքով արտասահմանյան խոշոր ներդրումները միանգամից դադարեցին: Նույնիսկ տեղացի որոշ ներդրողներ վերապահումներ ցուցաբերեցին իրենց արդեն սկսված ծրագրերում:

Եթե քաղաքապետից շատ սպասելիքներ չպիտի որ ունենայինք, ապա գլխավոր ճարտարապետի նկատմամբ մեր սպասելիքներն այլ էին: Նա, իր մասնագիտության ու տարիքային փորձի բերումով, պիտի որ արհեստավարժ գործունեություն ցուցաբերեր եւ ողջամիտ մոտեցումներով ծավալվող շինարարական գործունեությունը շարունակեր: Ցավոք սրտի, այդպես չվարվեց: Նա իր անկայուն եւ բազմաբնույթ խառնվածքից ելնելով՝ չկարողացավ ծանրախոհ ու հավասարակշռված քայլերով Երեւանի շինարարական գործին պատշաճ ընթացք հաղորդել: Երեւանի կենտրոնի գերծանրաբեռնվածությունը թեթեւացնելու պատրվակով, բռնազբոսիկ ու անպատասխանատու իր կարգադրություններով, իսկ հաճախ էլ ամբոխահաճո գործերով` լուրջ նախագծեր տապալեց ու նորերի ստեղծման ճանապարհը փակեց: Այդպիսով, դուռ բացեց Երեւանի ծայրամասերում անկանոն ու փնթի մի շարք շտապ համաձայնեցված նախագծեր իրականացնող պատեհապաշտ կառուցողների համար: Վերջում էլ, գլուխը կորցրած, հրաժարական տվեց ու գնաց իր երբեմնի երգերը երգելու… Աստված իր հետ…

Քաղաքապետարանում, ըստ ոմանց, նախագծերի համաձայնեցումների ու շինթույլտվությունների «աժիոտաժ» կա: Իսկ այդ եռուզեռին համահունչ շինարարական աշխատանքներ չկան: Աշխատաշուկայում եւս ակտիվություն չի երեւում: Պետական պաշտոնական վիճակագրությամբ՝ շինարարությունը 2020 թվականին շուրջ 25% անկում է գրանցել: Սա շատ լուրջ հարված է երկրի տնտեսությանն ընդհանրապես:

Շինարարությունը կենտրոնից ծայրամասեր տեղափոխելն առաջին հայացքից տրամաբանական է հնչում, պայմանով, որ դրա հիմքում դրված լինի խորապես ուսումնասիրված եւ բազմակողմանիորեն մշակված հայեցակարգ, որը չկա: Ծայրամասերում հողեր ունեցողները, այդ հայտարարությամբ ոգեւորված, բարձրացրել են իրենց հողերի գները: Առավել եւս՝ բոլորն էլ անխտիր «որակավորել» են իրենց հողերը`բարձրահարկ շենքերի ԱՊԶ-ներով կամ հապճեպ համաձայնեցված նախագծերով: Այդպիսով, հողի գինն ավելի են բարձրացրել: Բայց գնորդ չկա, իսկ հողի տերերն էլ կառուցելու մտադրություն չունեն: Նրանք հող վաճառողներ են միայն: Այսպիսով ձեւավորվում է յուրահատուկ մի պարադոքս` հար եւ նման սովետական ժամանակաշրջանին, ըստ որի՝ երկրում գործազրկություն չկար, բայց ոչ ոք չէր աշխատում: Ոչ ոք չէր աշխատում, բայց պլանը կատարվում էր: Պլանը կատարվում էր, բայց խանութներում ապրանք չկար: Խանութներում ապրանք չկար, բայց տներում՝ կար... եւ այդպես շարունակ։ 

Քաղաքապետարանը գերակատարում է նախագծերի համաձայնեցումների «պլանը», բայց շինարարություն չկա... Այս փուչիկն ինչքա՞ն կդիմանա…

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ