Բալլադ զգուշավոր Օնիկի եւ անզգույշ Նիկոլի մասին

Բալլադ զգուշավոր Օնիկի եւ անզգույշ Նիկոլի մասին

ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ խոսեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ նախագահների դասակարգման մեջ առաջինը, բայց միշտ վերջինը, երբ պետք է խոսի տան մեծը եւ ասի իր վճռական խոսքը: Հայկական մենթալիտետի հարց է՝ մեծին պետք է լսել, հետեւել նրա խորհուրդներին, հարգանք դրսեւորել նրա փորձառության հանդեպ: Մեծերի համար պետք է հոգ տանել: ԽՍՀՄ դասագրքերը մեզ սովորեցնում էին ավտոբուսում տեղը զիջել նրանց, օգնել՝ անցնել փողոցը, վազել խանութ եւ գնումներ կատարել նրանց փոխարեն:

Իսկ ի՞նչ անել, երբ ծերուկը համառորեն առաջ է մղում մի գաղափար, որի կրախը մեր աչքով տեսանք, որի ցավը մեր մաշկի վրա զգացինք, եւ որը մեզ տանում է դեպի անխուսափելի աղետ ու կործանում: Հայկական մենթալիտետը, իհարկե, դրանից չի տուժում, հարգանքը տան մեծի հանդեպ չի նվազում, բայց, գրողը տանի, հարց է առաջանում՝ «անզգուշորեն» չի՞ սխալվում, արդյոք, Մեծը, եւ կամ՝ արդյո՞ք մի փորացավ չի տանջում նրան: Այս մտածմունքների մեջ էի, երբ տան մեծի վերջին հայտարարության առնչությամբ Աղվան Վարդանյանը գրեց. «Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում»: Յա՛ա՛ա՛… Փաստորեն, ես մենակ չէի իմ անհանգստությունների առումով:
Մի անգամ էլ ուշադիր կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ու Վարդանյանի հորդորով ուշադրությունս սեւեռեցի «անզգույշ» բառի վրա, որով առաջին նախագահը բնութագրել էր մեր ժողովրդի գլխին այսքան աղետ ու արհավիրք բերած Նիկոլ Փաշինյանի վերջին արկածախնդրությունը, այն է՝ 44-օրյա պատերազմում «իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու փորձը»:

Ճիշտն ասած՝ մի քիչ անհասկանալի է, թե ինչպես կարելի է սեփական մեղքը «անզգուշորեն» բարդել ուրիշի վրա: Դա կարելի է անել միտումնավոր, չարամտորեն, գլխի գալիքը իմանալով, իրավիճակը կշռադատելով, փորձառու մարդկանցից խորհուրդ հարցնելով, բայց ոչ երբեք անզգուշորեն: Հայաստանի վարչապետը, ինչ է, Համո՞ն է, որ մածունը կերել ու «անզգուշորեն» փիսոյի վրա է դրել: Վերջապես՝ Հայաստանում եւ Արցախում մարդ մնա՞ց, որ Նիկոլը չմեղադրեց այս պարտության համար: Շատ անզգույշ վարչապետ է այդ Նիկոլը, շատ…

Այս ողջ պատմության մեջ պապիի սրտով է միայն ԳՇ եւ բարձրագույն զինվորական հրամանատարության պահվածքը: Այդ կապակցությամբ նա ասում է. «Ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի եւ դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսեւորում եւ երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը»: Կարդալով այս տողերը՝ իմ մեջ անզուսպ ցանկություն առաջացավ պապիին մի «անզգույշ» հարց տալ՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել, այդ ինչո՞ւ է զինվորականությունը «զուսպ պահվածք» դրսեւորում:

Պատահաբար խոսքը Հայոց բանակի վճռական հայտարարության մասին չէ՞, որին հետեւել է Փաշինյան Նիկոլի բարձրացրած վայնասունն ինչ-որ «հեղաշրջման փորձի» մասին: Եթե այո, պարոն առաջին նախագահ, ապա ինչո՞ւ երկու բառով չեք անդրադարձել զինվորականության հայտարարությանը, որով ԳՇ-ն եւ զինվորական բարձրագույն հրամանատարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն այլեւս անհամատեղելի են: «Միաժամանակ չափազանց վտանգավոր եւ դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով»,- առաջ է անցել Տեր-Պետրոսյանը՝ այդպես էլ չպատասխանելով հարցին, թե ի վերջո ինչից ծագեց այլեւս «Մի կաթիլ մեղրին» նմանվող այս պատմությունը:

Ինձ համար պարզ էր արդեն, որ պապին մանիպուլյացիայի է դիմում: Նա, կարծես, չգիտի, որ Հայաստանում շատ քիչ հավ է մնացել, որ տակավին հավատում է վերջերս հրապարակ նետված այն սին թեզին, թե միավորված ընդդիմությունն ու բանակը ահա-ահա հեղաշրջում են ուզում անել: Հասկանալի է նաեւ, որ «հաջող հեղաշրջումների» մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիշատակումներն էլ տեսական բնույթի էին եւ իրենց մեջ ոչ թե հեղաշրջման կոչեր, այլ Նիկոլ Փաշինյանին հանդարտություն պարտադրելու տարրեր էին պարունակում:

Հետեւաբար, մեզ համար ՀՀ առաջին նախագահի խոսքն իսկապես արժեքավոր կդառնար, եթե նա իրավիճակը խեղաթյուրելու փոխարեն որեւէ ճանապարհ ցույց տար այն խաղաղությամբ հանգուցալուծելու համար: Տեր-Պետրոսյանը տեղեկացված չէ՞ր, թե ինչեր տեղի ունեցան Հայաստանում ԳՇ հայտնի հայտարարությունից ժամեր անց: Իսկ գուցե էն էշի հարսանիքը, որ մարտի 1-ին կազմակերպեց Նիկոլ Փաշինյանը, ընդամենը «անզգույշ» փո՞րձ էր Հայաստանի Հանրապետությունում «մեծ հեղաշրջում» բեմականացնելու, որ չստացվեց հենց իր հիշատակած ուժերի եւ քաղաքական գործիչների՝ զսպվածություն հանդես բերելու կոչերի շնորհիվ:

Իսկ հիմա ամենակարեւորի մասին՝ ինչի՞ց է մտահոգ պապին: Ասեմ՝ ավարտվում է նրա էպոխան եւ ավարտվում է շատ տխուր: Եվս մի քանի օր, եւ Նիկոլ Փաշինյանի ու նրա տխրահռչակ կառավարության հետ գրողի ծոցը կուղարկվի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ պարտվողականության կոնցեպտը: Հողերը տվեցինք, պատերազմը դադարեց, իսկ Սերգո ջանը շարունակում է վատ ապրել: Ասել է թե՝ «երգելու» բան այլեւս չի մնացել, բայց դեռ պետք է ինչ-որ բան «երգել», որպեսզի հանկարծ հայտնվես այս խայտառակության թիվ մեկ մեղավորի տեղում: Ինձ արդեն թվում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես թիվ 1 մեղավորը չէ, բայց թիվ մեկ պատասխանատուն է հանրության աչքից թիվ 1 մեղավորին ստվերելու հարցում:

Իսկ ինչպե՞ս վարվել պարտվողականության կոնցեպտի հետ: Այն միանշանակ պետք է նետել «աղբարկղ» եւ ջուրը քաշել: Իսկ որպեսզի պատահական խցանումներ չառաջանան, պետք է մի թեթեւ հեղաշրջում անել, ավելի ճիշտ՝ հեղաշտկում: Դուք մտածեք, իսկ ես հավելեմ, որ այս բառի հեղինակային իրավունքն անվիճելիորեն պատկանում է Վանաձորից իմ լավ բարեկամ, թարգմանիչ, բառաստեղծ ու բառահմա Խորեն Գասպարյանին: