Արցախի նախագահը պետք է ցուցմունք տա եւ խոստովանի

Արցախի նախագահը պետք է ցուցմունք տա եւ խոստովանի

Հայաստանյան ներքաղաքական զարգացումները հայելային արտացոլում են ստանում Արցախում։ Վերջին տասնօրյակում, երբ Գլխավոր շտաբի եւ զինվորականների հայտարարության պատճառով կրկին խարխլվել են Նիկոլ Փաշինյանի դիրքերը, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ 

Շաբաթներ առաջ՝ փետրվարի կեսերին, Արցախի խորհրդարանի բարձր ամբիոնից ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը, գլխավոր դատախազի ընտրության ժամանակ մեջբերելով Արայիկ Հարությունյանի հետպատերազմական հայտնի ուղերձից մի հատված, ասաց, որ ԱՀ նախագահի հայտարարության այդ դրվագը քննարկել է սահմանադրագետների հետ եւ խորհրդակցությունների արդյունքում եկել համոզման, որ Արցախում սահմանադրական կարգը տապալվել է։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, Նիկոլ Փաշինյանն է խոչընդոտել կամ միջամտել, որպեսզի Արայիկ Հարությունյանը չկարողանա կատարել իր սահմանադրական լիազորությունները։ Նա ուշադրություն հրավիրեց Հարությունյանի հայտարարության վրա, որի վերաբերյալ դեռեւս տարեվերջին Արցախի մի շարք ՀԿ-ներ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել։ 

Խոսքն ԱՀ նախագահի դեկտեմբերի 15-ին հրապարակած ուղերձի հետեւյալ հատվածի մասին է. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից:

Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները եւ արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, եւ թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում:

Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջեւ մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ՝ նպաստ բերելու հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնեական ու ոչ պաշտոնեական լիազորություններից ու հնարավորություններից»:
«Սա  սահմանադրական կարգի տապալում է, քանի որ, ըստ իր հայտարարության, կան որոշ ուժեր, որոնք իրեն խոչընդոտել են սահմանադրական լիազորությունները կատարելու հարցում»,- Հարությունյանի ուղերձն ընթերցելուց հետո վստահաբար պնդել էր Մետաքսե Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ «այդ ուժը եւ անձը Նիկոլ Փաշինյանն է»։ 

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նախաքննությունն իրականացվելու է հատուկ քննչական բաժնի քննիչներից ձեւավորված խմբի կողմից:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է, որ Արայիկ Հարությունյանը պարտավոր է ցուցմունք տալ եւ խոստովանել՝ ինչպես են իրեն խոչընդոտել սահմանադրական լիազորությունները կատարելիս։ Գալստյանը համոզված է, որ չեն կարող գործը «ջրել» հանցակազմի բացակայության հիմքով․ «Կա հստակ հայտարարություն, Արայիկ Հարությունյանն ասում է, որ իրեն խանգարող ուժեր կային, եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ չի կարողացել իր քայլերը կատարել։ Հիմա պետք է նրան կանչեն եւ ցուցմունք վերցնեն, եւ նա ասի, թե այդ ինչ ուժեր կամ անձինք են իրեն խոչընդոտել, որի հետեւանքով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, եթե հրաժարվեց խոստովանել, վաղ թե ուշ կբացահայտվի, եւ Արայիկ Հարությունյանը, որպես հանցակից, կդատվի»։

Արայիկ Հարությունյանը, սակայն, դեռեւս իրավապահների կողմից ծանուցում չի ստացել։ Այս մասին մեզ տեղեկացրեց նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանը․ «Երբ ծանուցում կստանա, անպայման կներկայանա։ Նախագահը պատրաստակամ է պատասխանելու նախաքննական մարմինների բոլոր  հարցերին»։ Մեր հարցին՝ Հարությունյանն առարկություններ չունի՞ հարուցված քրգործի հոդվածի վերաբերյալ, համաձա՞յն է, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, եւ ինքը չի կարողացել իր լիազորություններն իրականացնել։ «Քանի որ այս փուլում գնահատականներ տալն անշնորհակալ գործ է, ուստի չենք անի, եթե նախաքննական մարմինները հարկ կհամարեն Արցախի նախագահին կանչել վկայություն տալու, ապա նախագահը պատրաստակամ կարձագանքի»,- եզրափակեց խոսնակը։