ԲՀԿ-ն պատվիրակություն է ուղարկում Մոսկվա

ԲՀԿ-ն պատվիրակություն է ուղարկում Մոսկվա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«Այսօր՝ հոկտեմբերի  28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:  Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝  ՀՀ ԱԺ փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանին ,  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության  քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ  Լուիզա Սարգսյանին  հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:  
Հաշվի առնելով  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության և  ՌԴ իշխող  «Եդինայա Ռոսիա»   կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում  և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:  Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես  թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից  սանձազերծված պատերազմին,  այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող  հարցեր:  
Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ  վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ  և  բնական դաշնակից  Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ  տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը  հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր  հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում  իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:
Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին»: