Իշխանությունները մշտապես հույսները դրել են ադրբեջանական «ոչ»-ի վրա, մենք այլ կերպ ենք վարվում

Իշխանությունները մշտապես հույսները դրել են ադրբեջանական «ոչ»-ի վրա, մենք այլ կերպ ենք վարվում

Անգամ այն պահերին, երբ արցախյան հարցի լուծումը շատ մոտ է թվացել Քի Վեսթում կամ Կազանում, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքների զիջման՝ հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով ադրբեջանական մաքսիմալիստական մոտեցումը,  հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա` վստահ է  ԱԺ իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով տարբեր՝ որոշների դեպքում` հանրային, որոշների դեպքում՝ ոչ հանրային լուծումներին։

«Մենք այս տակտիկայով առաջ չենք գնում, մենք կարծում ենք, որ հեղափոխությունը, դրանից հետո լեգիտիմ իշխանությունը նշաձողերի փոփոխության հիմք են տալիս»,-ասում է Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ նրա, իրենց օրակարգն է՝ քննարկել ոչ թե այն տարբերակները, որոնք դրված են սեղանին և տասնամյակներով չեն աշխատում, ԻՔ-ն առաջարկում է մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ։ Եվ, իհարկե, դիտարկում են Արցախի բանակցային սեղանի, նոր դրանից հետո գործողությունների մասին խոսակցություն, որը պետք է ընդունելի լինի «այդ ամենը կրողը հանդիսացող 3 ժողովուրդների համար»։ 

Փաստորեն, ադրբեջանագետն ասաց՝ 3 ժողովուրդներ։ Կարծում ենք՝ վրիպակ է։

Ըստ նրա՝ այս մոտեցումն ադրբեջանական կողմը բավականին ծանր է տանում, իսկ միջազգային հանրության աչքում ավելի աշխատող է դիտվում։

Հարցին, թե ինչի վրա է Նիկոլ Փաշինյանի իշխանության հույսը, Տաթևիկ Հայրապետյանն ասաց՝ մեր հույսը մեր վրա է, մեր ռեֆորմների ու արտաքին քաղաքականության։