Մյունխեն-Երևան․ Վթարային վայրէջք առանց թռիչքի

Մյունխեն-Երևան․ Վթարային վայրէջք առանց թռիչքի

2007թ. փետրվարին, Մյունխենի Անվտանգության տարեկան համաժողովի ընթացքում, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլ. Պուտինի աղմկահարույց, կոշտ, Արեւմուտքի հասցեին մեղադրանքներով լի ելույթին, նկատեց. «Հին լրտեսները մի սովորություն ունեն. նրանք անկեղծ են խոսում»: Գեյթսն ակնարկում էր ոչ միայն ՊԱԿ-ի երբեմնի գործակալ Վլ. Պուտինին, այլեւ հենց իրեն՝ որպես ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավարի՝ նախազգուշացնելով, որ պատրաստվում է նույնքան անկեղծ եւ կտրուկ պատասխանել ՌԴ նախագահին: 

1963թ. հիմնադրված Մյունխենյան համաժողովը, որ սկզբում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքատեղի էր, հետագայում աղմկահարույց, ուշագրավ քաղաքական ելույթների, բանավեճերի, բարձրաստիճան քաղաքական, պետական գործիչների պակաս չի ունեցել:

Այս տարվա փետրվարի 15-ին, բավարական Մյունխենում գումարված 56-րդ համաժողովի ընթացքում, Փաշինյան-Ալիեւ քաղաքական բանավեճը կարող էր, իհարկե, դարակազմիկ չլինել, սակայն չպետք է լիներ հուսահատեցնող: Երկու տարի առաջ, թավշյա հեղափոխության ընթացքում, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ բանավիճելու եկած եւ նրա հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանից հետք անգամ չկար: Մյունխենյան բանավեճը եկավ վկայելու ցավալի իրականությունը. այն է՝ կարելի է լինել լավ հեղափոխական, սակայն չլինել, չդառնալ պետական գործիչ, կարելի է հաղթել սեփական երկրում, սակայն պարտվել արտերկրում, առավել եւս՝ պարտվել ռազմաքաղաքական թշնամուն: Իհարկե, դժվար է պնդել, թե այս բանավեճում Ադրբեջանի նախագահը հաղթեց, քանի որ քաղաքականության մեջ ստախոսությամբ, կեղծիքներով, ցինիզմով եւ ցցուն ինքնավստահությամբ չեն հաղթում:

Մյունխենյան բանավեճում հաղթող չկար, սակայն պարտվողներն էին՝ ճշմարտությունը, պատմությունը, քաղաքականությունը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրականում, բանավեճում ձախողվում էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանը այլեւ՝ Հայաստանը: Համենայնդեպս, բանավեճին ուղիղ եթերով հետեւող հայ ժողովրդի մի մասն այդ ձախողումը համարում էր նաեւ իր անձնականը: Մյունխենյան բանավեճն ի ցույց դրեց նաեւ, որ ներքաղաքական պայքարի ճանապարհ անցած Նիկոլ Փաշինյանն իրականում մեծ քաղաքականություն է մտել ոտաբոբիկ: 

«Քաղաքականությունը նման է հեքիաթի սֆինքսին. նա լափում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում լուծել իր հանելուկները»,- պնդում էր ֆրանսիացի խմբագիր, գրող-հրապարակախոս Անտուան Ռիվարոլը՝ հեղափոխության քննադատն ու միապետության կողմնակիցը, ֆրանսիական բարձրաշխարհիկ սալոնների հայտնի եւ սուր բանավիճողը:

Ահա քաղաքականության այդ սֆինքսը այս տարվա փետրվարի 15-ին, մյունխենյան բանավեճում կուլ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայոց պատմության չիմացությամբ, քաղաքական խնդիրների եւ նպատակների անտեղյակությամբ, կարեւորն ու անկարեւորը զատելու անկարողությամբ, քաղաքական բանավեճի սկզբունքների անտեսմամբ, վատ անգլերենով՝ Նիկոլը նման էր այն ուսանողին, որը չգիտե ոչ միայն քննական տոմսի հարցերը, այլեւ քննական առարկան ընդհանրապես: Իսկ առարկան տվյալ դեպքում ոչ միայն ղարաբաղյան խնդիրն էր, այլեւ՝ մեծ քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանը, որ վարժվել է քայլել հայաստանյան քաղաքական մտքի անապատում, մյունխենյան քաղաքականության ծովում ալիքներից էր կառչել:

Այդ ծովում, հայտնվելով ստորջրյա խութերում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստախոսության, պատմության կեղծման, դեմագոգիայով եւ ընդգծված ինքնավստահության գալարապտույտներում, Նիկոլ Փաշինյանը բանավեճին հետեւող ողջ հայ ժողովրդին մատնեց հուսահատության իր պատասխաններով, կեցվածքով, թույլ փաստարկներով: Պատմաքաղաքականության անտեղյակությանը գումարվեց նաեւ օտար լեզվով՝ անգլերենով տարվող բանավեճը: Մինչդեռ Փաշինյանը կարող էր բանավեճին մասնակցել թարգմանչի միջոցով: Թեպետ նույնիսկ անգլերենի անթերի իմացությունն ամիսներ առաջ չօգնեց նաեւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին բրիտանական հեռուստաեթերում մեծ քաղաքականության «Ծանր զրույցին» մասնակցելու ընթացքում: 

Թե՛ հեղափոխության ընթացքում, թե՛ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ընտրեց ապաքաղաքականությունը՝ նախ, հեղափոխական հարթակը հեռու պահելով քաղաքական միտք եւ կենսագրություն ունեցող գործիչներից, ապա եւ՝ ներկայացուցչական քաղաքական մարմինը՝ ՀՀ խորհրդարանը, «ողողելով» ապաքաղաքական, անհայտ դեմքերով: 

Մինչդեռ քաղաքականության, ինչպես եւ բնության մեջ, ոչինչ անհետեւանք չի անցնում:  Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը փոխարինեց սեփական հոբբիներով՝ հեռախոսային ինքնանկարներով՝ սելֆիներով, ցածրակարգ բանավեճերով եւ չնվազվող ագրեսիայով: 
Հասարակական գործընթացներում այսօրինակ բանավեճերի կայծկլտումներն ու աղմուկն արագորեն մարում են, քանի որ քաղաքականության սֆինքսը պահանջում է լուծել իր առաջադրած խնդիրներն ու հանելուկները: Այս տարվա փետրվարի 15-ին, գերմանական Բավարիայի մայրաքաղաքում մեծ քաղաքականության սֆինքսը կուլ տվեց հեղափոխության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Մյունխենյան բանավեճը նորից ասպարեզ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ, վտանգահարույց եւ անհեռանկար լուծումները: Փաշինյանը երբեմն չի կարողանում քողարկել սեփական հիացմունքն իր իսկ մտքերի հանդեպ, տվյալ դեպքում՝ անվերջ կրկնելով նույն վտանգավոր թեզը՝ «Ես Հայաստանի ու Ադրբեջանի միակ ղեկավարն եմ, որ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի համար»: Մյունխենյան բանավեճը Հայաստանի հանրությանը վերադարձրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրած եւ արդեն իսկ մերժված՝  ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակը:  

Այս թեզը միանգամից վերցրեց Ալիեւը՝ ի պատասխան ռուսաստանցի լրագրողի հարցին նշելով, որ «Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հետոյին. այս հակամարտությունը պետք է լուծել փուլերով: Հայերը, որպես ազգային փոքրամասնություն, Ադրբեջանի կազմում կօգտվեն բոլոր իրավունքներից»:

Նիկոլ Փաշինյանը բանավեճը սկսեց Պոմպեոսից, Տիգրան Մեծից եւ հասավ մինչեւ իր դարակազմիկ քաղաքագիտական եւ քաղաքական հայտնագործություններին.  «Մեզ միկրոհեղափոխություններ են պետք, որ դրանք վերափոխենք մինի-հեղափոխությունների, որ հետո բեկում ունենանք բանակցությունների գործընթացում», «Ես դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիեւը խոսի Հայաստանի ժողովրդի հետ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»: 

Բանավեճի միակ ուժեղ պահն այն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց Ղարաբաղում կամավոր զինծառայության մեկնած որդու մասին, սակայն հընթացս մոռացավ, թե ինչու հիշեց նրան: Մինչդեռ նրա որդին Ղարաբաղ էր մեկնել պաշտպանելու հայ ժողովրդի անխախտ իրավունքը՝ ապրել, արարել սեփական հողում, պաշտպանել այդ հողը թշնամիներից եւ պատմության կեղծարարներից:
Մյունխենյան 56-րդ համաժողովը պատմության գիրկն անցավ Արեւմուտքի դերի եւ տեղի վերագնահատման փնտրտուքներով: Մյունխենյան համաժողովում հայկական մարտնչող ապաքաղաքականության դրոշը ծանակվեց մեծ քաղաքականության քամիներից:

Մեծ քաղաքականության՝ Մյունխեն-Երեւան ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց՝ առանց իսկ թռչելու: Մեծ քաղաքականության թռիչքուղում հայկական քաղաքական ավիաուղիները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ուժգին բախվեցին անտեղյակության, ապաքաղաքականության, հայկական օրակարգի բացակայության, մանր ու ճղճիմ խնդիրների բետոնե պատին: