Խնայողություններ՝ ԵՊՀ-ի ոճով

Խնայողություններ՝ ԵՊՀ-ի ոճով

Արդեն գրել եմ, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեւորգյան Գեղամի հանձնարարությամբ չեղարկվել է «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունն ու առաքումը ԵՊՀ: Խնդիրն այն է, որ Գեւորգյանին դուր չեն գալիս «Հրապարակ»-ի հրապարակումները: Վերջերս նա մասնավոր խոսակցությունում կարծիք էր հայտնում, որ «Հրապարակ»-ի բաժանորդագրության չեղարկմամբ ԵՊՀ-ն «լուրջ խնայողություն է իրականացրել»: «Հրապարակ» օրաթերթը լույս է տեսնում ամիսը 22 անգամ, տարվա կտրվածքով՝ 264 անգամ: Թերթի մեկ օրինակն արժե 100 ՀՀ դրամ, մեկ տարվա բաժանորդագրությունը՝ 25 հազար ՀՀ դրամ: Այսինքն, Գեւորգյան Գեղամը, հրաժարվելով «Հրապարակ»-ի բաժանորդագրությունից, խնայել է 25 հազար ՀՀ դրամ:
Այժմ փորձենք հասկանալ, թե արդյոք Գեւորգյան Գեղամը խնայող է նաեւ ա՞յլ ոլորտներում: Դրա համար շատ բան պետք չէ: Ուղղակի պետք է վերհիշել վերջինիս գործունեությունը ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում․

1. Երբ 2019թ․ մայիսի 30-ին Գեւորգյան Գեղամն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նրա առաջին գործերից մեկը եղել է ջրի բաքի՝ հիդրոտարայի մոնտաժումը հրատապ ընթացակարգով: Ջրի բաքը ԵՊՀ-ի վրա նստեց 27 մլն ՀՀ դրամ: ԵՊՀ-ում ջուր չեղած օրերին ԵՊՀ-ի հիդրոտարան չի աշխատել: 

2. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրվելուց անմիջապես հետո Գեւորգյան Գեղամը 495 հազար ՀՀ դրամ աշխատավարձով ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ նշանակեց Վարոսյան Լիանային: Իսկ հետաքրքիրն այն է, որ նախկինում նման պաշտոն ԵՊՀ-ում չկար: Ստացվեց, որ ԵՊՀ-ի լրացուցիչ բեռը տարեկան հաշվարկով, հաշվի առնելով միայն Վարոսյան Լիանայի աշխատավարձը, կազմեց ամենաքիչը 5 մլն 940 հազար ՀՀ դրամ:

3. ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված ընթրիքը պլանավորել էր անցկացնել «Ռենեսանս» ռեստորանում եւ վճարել 10-12 հազար ՀՀ դրամ՝ մեկ անձի համար: Գեւորգյան Գեղամը նույն ընթրիքը կազմակերպեց «Ֆլորենս» ռեստորանում՝ մեկ անձի համար 40 հազար ՀՀ դրամ հաշվարկով: Եթե չեմ սխալվում, միջոցառմանը հրավիրված էր մոտ 400 անձ, հետեւաբար ստացվեց, որ ԵՊՀ-ն ծախսեց 11 մլն 200 հազար ՀՀ դրամով ավելի, քան նախատեսվում էր Արամ Սիմոնյանի օրոք:

4. ԵՊՀ-ում Գեւորգյան Գեղամի կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով ԵՊՀ-ն ընկավ դատական գործառույթների հորձանուտի մեջ, որի արդյունքում ֆինանսական կորուստներ է ունեցել եւ շարունակելու է ունենալ: Մասնավորապես, ԵՊՀ-ն, չպատասխանելով կազմակերպությունների եւ անհատների կողմից հարցումներին, շարունակում է կոպտորեն խախտել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, իսկ օրենքի նմանօրինակ խախտումը համարվում է վարչական իրավախախտում, որն առաջացնում է տուգանք՝ առավելագույնը 50 հազար ՀՀ դրամ: Վերոհիշյալ օրենքի խախտման հիմքով արդեն հայցադիմումներ կան ՀՀ վարչական դատարանում, եւ գործընթացը շարունակելի է:

5. Այս տարի պարզվեց, որ ԵՊՀ-ն հատուկ ֆոնդ ունի, որը ԵՊՀ աշխատակիցներից 85 հոգու լրավճար է տրամադրում: Ֆոնդի ընդհանուր գումարը տարեկան 70 մլն ՀՀ դրամ է: Այդ ֆոնդից ամսական լրավճար է ստանում նաեւ ինքը՝ Գեւորգյան Գեղամը: Քանի որ վերջինս պաշտոնավարում է 7.5 ամիս, ապա տարրական ազնվությունը պարտավորեցնում է նշել, որ այդ ֆոնդի 7 ամիսների համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 45.5 մլն ՀՀ դրամ: 
Փորձեցի ներկայացնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգյան Գեղամի պաշտոնավարության ընթացքում իրականացված «խնայողությունները»: Ի դեպ, ներկայացրի վերջինիս գործունեության միայն հանրամատչելի տեղեկությունները: Կան տեղեկություններ, որոնք ապագայում նույնպես հանրամատչելի կդառնան: Իսկ այնպիսի «մանրուքներին», ինչպիսիք են Գեւորգյան Գեղամի սանիկին պրոռեկտորի պաշտոնում նշանակելը, «Հյուր սերվիս» կազմակերպության եւ «Էվոկա» բանկի հետ կապերը, ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տան սննդի որակի հետ կապված տեղեկությունները, ես մեծահոգաբար չանդրադարձա:

Համադրելով հանրամատչելի տեղեկությունները եւ գումարելով դրանցում առկա թվերը՝ կստանանք, որ պաշտոնավարման 7.5 ամիսների ընթացքում Գեւորգյան Գեղամի խնդրահարույց ծախսերը կազմել են 89 մլն 640 հազար ՀՀ դրամ (186 750 ԱՄՆ դոլար): Այստեղ չեն երեւում ԵՊՀ-ի խնդրահարույց դատական ծախսերը, քանզի դատական գործընթացները դեռ չեն ավարտվել: Թվերը խոսուն են, եւ մեկնաբանությունները՝ ավելորդ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ