Վերջին քսան տարիներին Արցախում հրաշքներ են կատարվել

Վերջին քսան տարիներին Արցախում հրաշքներ են կատարվել

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նախագահի 14 թեկնածու։ Նրանք են․ «Անկախության սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից՝ Վիտալի Բալասանյանը, ինքնառաջադրվել են Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը, Արցախի պահպանողական կուսակցության կողմից՝ Դավիթ Բաբայանը, ՀՅԴ-ից՝ Դավիթ Իշխանյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից՝ Հայկ Խանումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն առաջադրել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից՝ Վահան Բադասյանը։ Մյուս թեկնածուներն են Սերգեյ Ամիրյանը, Քրիստինե Բալայանը, Բելլա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը: Հիշեցնենք, որ նույն օրը թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանի ընտրություններ են սպասվում։

Արցախի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակ է ներկայացրել կուսակցությունների 2 դաշինք եւ 10 կուսակցություն: Գրանցումը կավարտվի փետրվարի 25-ին, հաջորդ օրը կմեկնարկի քարոզարշավը։ 150 հազար բնակչություն ունեցող տարածքում թեկնածուների եւ քաղաքական ուժերի այսպիսի առատությունն աննախադեպ է, իսկ պատճառները՝ տարբեր․ հասարակության պառակտվածությունից մինչեւ կողմնակի ազդեցություններ։ Դիցուք, վարկածներից մեկի համաձայն, ոմանք ներդրվել են ձայներ փախցնելու եւ երկրորդ փուլ ապահովելու համար։ Ըստ լուրերի՝ այդ նպատակով էլ վերջերս ձեւավորվեց անհավանական թվացող դաշինք՝ Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան տանդեմով։ Սրանով ՀՀ իշխանությունները թերեւս ծրագրում են ձախողել Արայիկ Հարությունյանի հաղթանակն առաջին փուլով, իսկ երկրորդ փուլում ուժերը կմոբիլիզացվեն, որ Մայիլյանը հաղթի։

Այսինքն, նախնական փուլի տեղեկությունները, թե Հարությունյանն է Փաշինյանի սրտի թեկնածուն, ընթացքում փոփոխություն են կրել, եւ հայաստանյան իշխանությունը տակից երկրորդ սցենարն է տանում:

Առաջադրված թեկնածուներից Բելլա Լալայանը լրագրող է, Արցախի բնապահպանության նախարարի նախկին խոսնակ, հանրության լայն շրջանակներին նա հայտնի է համարձակ, ընդդիմադիր կեցվածքով՝ շարունակ քննադատում է ՀՀ իշխանություններին,ինչի արդյունքում հեռացրեցին խոսնակի աշխատանքից,  Արցախի գեներալիտետի նկատմամբ հստակ դրական պահվածք ունի։ «Թեկնածուների առատությունը մի քանի բան է նշանակում․ նախ՝ որ անելիքներ կան քաղաքականության մեջ, երկրորդ՝ հասարակությունն է պառակտված, գաղափարախոսության բացակայություն կա»,- ասում է նա եւ իրավիճակը մտահոգիչ է անվանում․ «Բազմակուսակցականությունը պետությունը քանդելու ամենաանվրեպ մեթոդներից մեկն է»։ Իսկ ինչո՞ւ Արցախում առաջացավ այդ իրավիճակը։ «Ոչ միայն Հայաստանի ազդեցությունն է, այլեւ՝ Ուկրաինայի։ Եթե կարող է քաղաքականությունից հեռու մարդը հայտ ներկայացնել եւ հաջողության հասնել… Կարծում եմ՝ այս բոլոր ազդեցությունները մեկտեղվել են եւ առաջացրել նման իրավիճակ»։

Գուցե դա՞ է պատճառը, որ ինքն էլ, չլինելով քաղաքական ֆիգուր, որոշել է բախտը փորձել։ Նա համաձայն չէ, ասում է՝ 10 տարուց ավելի տեղեկատվական պատերազմի դաշտում է․ «Իսկ դա հենց քաղաքականություն է, բացի այդ, լրագրողները կիսով չափ քաղաքական գործիչ են»: Մեր գործընկերը մեծ ամբիցիաներ չունի, իր պարտքն է համարում ընտրելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կողմնորոշվում, թե արդեն հայտնի գործիչ-թեկնածուներից ում ընտրել. «Ես շփվել եմ մարդկանց հետ ու վերջին պահին կայացրել առաջադրվելու որոշում: Առաջադրված թեկնածուներին այստեղ բոլորը գիտեն, բայց չի բացառվում, որ նրանց ջանքերը, ներդրված ռեսուրսները չարդարացնեն իրենց սպասելիքները: Ես մարդկանց հետ շփումներից հասկացա, որ կա մեծ ընտրազանգված, որը ֆավորիտ թեկնածուներից ոչ մեկին կողմ չէ, իրենց շահերը, իրավունքները նրանց մեջ չեն տեսնում»:

«Արցախյան արվեստի ֆորումի» գործադիր տնօրեն Քրիստինե Բալայանը քաղաքականության մեջ նոր դեմք է, բայց մարտական է տրամադրված. «Իմ նպատակն այն է, որ ժողովուրդն աչքերը բացի, այս չոքած վիճակից վեր բարձրանա, մեղք է: 2016 թվականից հետո ես հասկացա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, սխալ է, այդպես չպետք է լինի, մարդիկ, ովքեր իշխանության էին, այլեւս չպիտի շարունակեն նույն ոճով, բանակի վատ վիճակն էլ այն պատճառով էր, որ ճիշտ մարդիկ չէին զբաղվում այդ գործով: Կապ չունի, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես 28 տարի է՝ ապրում եմ այստեղ ու ամեն ինչ լավ եմ տեսնում, Արցախը փոքր է, ու բոլորը բոլորի մասին գիտեն: Իմ ինքնագիտակցությունն էլ այնքան լավ բարձրացավ, որ հասկացա՝ հիմա փոփոխությունների ժամանակն է»: Հիշեցմանը, որ Բակո Սահակյանը չի առաջադրվել ու չի հայտարարել ժառանգորդի մասին, Բալայանն արձագանքեց. «Որ այստեղ ապրեիք, կիմանայիք, որ Արայիկ Հարությունյանն է, ու ադմինիստրատիվ ռեսուրսն էլ ամբողջն իր վրա է աշխատելու, որպեսզի այն, ինչ որ կատարվելու էր, շարունակվի»: Բալայանն աշխատելու է մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ. «Այստեղ մի քանի տեղ արդեն լսել եմ, թե ասում են՝ Արայիկը կանցնի, ինձանա հինչ ա՞ կախված։ Մենք այնպես պիտի անենք, որ մարդիկ հասկանան, որ հենց իրանցից է կախված, իրենց քվեով է որոշվելու»: 

Ի տարբերություն 2 կանանց, որոնք միայն նախագահի թեկնածու են, Դավիթ Բաբայանի նորաստեղծ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը նաեւ ԱԺ-ի համար պայքարին է մասնակցելու։ Բաբայանը 2 տասնամյակ աշխատել է Արցախի նախագահի աշխատակազմում, հիմա էլ Բակո Սահակյանի խորհրդական-խոսնակն է։ Նրա համար սպասելի է եղել թեկնածուների այս առատությունը. «Ցանկացած տրանսֆորմացիայի դեպքում միշտ էլ ակտիվություն նկատվում է, իսկ իշխանական բուրգի վերադասավորման պայմաններում՝ առավել եւս։

Բացի այդ, 2 ընտրություն մեկ օրում է նշանակված»։ Բաբայանը սկզբում որոշել է միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցել, սակայն նախագահականին մասնակցությանն «այլընտրանք չի մնացել»։ «Շուրջ 1 տարի է՝ մենք կուսակցություն ենք հիմնել, շրջում էինք տարբեր համայնքներ, զրուցում մարդկանց հետ, տեսնում՝ հարգանք, պատիվ կա, ակնկալիքներ կան մեզանից։ Մենք ինչո՞վ պիտի բացատրենք, որ չենք մասնակցում նախագահական ընտրությանը։ Ասենք՝ կայացած չենք, ներդրում չունենք մեր պետականության մեջ, իհարկե՝ ունենք, 20-25 տարեկան էլ չենք, որ մտածենք, թե նախագահի պաշտոնի համար շուտ է։ Անցյալ ունենք․ 3 համալսարան եմ ավարտել, գիտությունների դոկտոր եմ, տարիներ շարունակ դասավանդում եւ աշխատում եմ, պարկեշտ կյանքով եմ ապրում»,- իր առաքինություններն է թվարկում Բաբայանը։ «Չառաջադրվեմ, ասելու էին՝ վախենում է, ինչ-որ մեկի կցորդն է։ Իսկ մենք վստահ ենք, որ շատերից էլ լավ կղեկավարենք, ու կլինի ավելի լավ Արցախ, եթե մենք գանք իշխանության։ Մեր կարգախոսն էլ «Ավելի լավ Արցախ»-ն է»։ Իսկ չե՞ն հարցնի՝ որպես խորհրդական, Բակո Սահակյանին ինչո՞ւ այնպիսի խորհուրդներ չեք տվել, որ ավելի լավ Արցախ ունենայիք, կամ գուցե տվել եք, իրականություն չի դարձրել։ «Արցախում շատ լավ բաներ են արվել, վերջին 10, 15, 20 տարում նույնիսկ հրաշքներ են կատարվել, օրինակ՝ ո՞վ էր պատկերացնում, որ Շուշին պետք է լինի հայկական, երազում էինք, բայց չէինք պատկերացնում, չէինք պատկերացնում, որ Ստեփանակերտը 24 ժամ ջրամատակարարում պետք է ունենա։ Ես էլ իմ դաշտում վատ չեմ աշխատել եւ հպարտ եմ, որ Քարվաճառը հայկական պահելու, այնտեղից ջրային պաշարների սկիզբ առնելու գաղափարի հեղինակը ես եմ»։

Հիշեցրինք, որ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Բաբայանը նույնպես վերջին 20 տարիներին բարձր պաշտոններ են զբաղեցրել։ «Հարցը դրանում չէ, մենք կարծում ենք, որ ավելի լավ Արցախ կարող ենք ձեւավորել։ Մեր ընտրողը ժողովուրդն է, թող ինքն էլ որոշի»։

Պատասխանելով Բակո Սահակյանի՝ իրենց աջակցելու մասին հարցին, Բաբայանն ասաց․ «Մենք որեւէ անձից աջակցություն չենք սպասում, մենք սպասում ենք յուրաքանչյուր անձից»։
Մյուս թեկնածուներին կփորձենք ներկայացնել առաջիկայում։