Քաղաքացիները տուժում են պլանային վիրահատությունների հետաձգման պատճառով

Քաղաքացիները տուժում են պլանային վիրահատությունների հետաձգման պատճառով

Կորոնավիրուսի համավարակը փաստի առաջ է կանգնեցրել քրոնիկ հիվանդություններ ունեցողներին․ հանրապետությունով մեկ պլանային վիրահատությունները կանգնեցված են։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ այլ ԲԿ-ներում պլանային վիրահատություններ չեն արվում։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ ապրիլի 2-ից ամբողջությամբ ինֆեկցիոն նպատակի են ծառայում։ Միայն Իզմիրլյան կենտրոնից հայտնեցին, որ պլանային՝ ոչ, բայց եթե անհապաղ, շտապ ու «շատ վատ դեպքեր» են, վիրահատություն անում եմ։

Բայց Ռոզա Ս․-ի պատմությունը հակառակն է վկայում՝ բոլոր մյուս հիվանդները մնացել են ուշադրությունից դուրս վիճակում։ Նրա ստամոքսից նախորդ տարվա օգոստոսին չարորակ նորագոյացություն է հեռացվել, անցել է բուժման կուրս, հետո պարզվել է, որ վիրահատության ժամանակ կարերի թելը չի ներծծվում, թարախ է գոյանում։ «Մենք ամսի 18-ին ուզում էինք գնալ, որ մի հատ նայեին, որովհետեւ երկու օր առաջ արտադրությունն ահավոր էր, կես բաժակի չափ, չէի հասցնում փոխել, զանգահարեցի, զգուշացրեցի, որ գալիս ենք, որ ջրերն ու թարախը գնում են։ Անգամ իրենց «Թեժ գծին» եմ զանգել, ասացի, որ բուժող բժիշկը մեզ ասել է, որ կարերի մասում խցանված թարախային վիճակ է։ Իրենց ասելով՝ դա թարախային պրոցես է, կգնաք, կորոնավիրուսը կվերջանա, նոր կգաք։ Իսկ եթե շտապում եք, կարաք թուղթ ստորագրել, որ հենց հիմա եք ուզում, որ եթե կորոնվիրուս կպնեք, մեզ չմեղադրեք»,- պատմեց հիվանդի քույրը։ Նա բժշկի պատասխանից հասկացել է, որ սա նշանակում է՝ «եթե կորոնավիրուսով վարակվեցիր, ուրեմն մեռած ես»։ Տիկնոջը հարցրինք․ ի՞նչ է նշանակում՝ «երբ կորոնավիրուսը վերջանա», չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ կորոնավիրուսը մեզ հետ լինելու է մինչեւ 2021 թ․ ապրիլը, իսկ նախարար Թորոսյանն էլ՝ առհասարակ, 5 տարի է ասում։ Հիվանդի քույրն ասաց, որ բժիշկը, այնուամենայնիվ, նկատի է ունեցել մայիսի վերջը, երբ պետք է հիվանդի հարազատները զանգահարեին հիվանդանոց, պարզեին՝ թեթեւացա՞ծ են հիվանդներից, ապա կա՛մ դրենաժով հանեին թարախը, կա՛մ նոր վիրահատություն անեին։ Տիկինն ու քույրը կամուկացի մեջ են, մի կողմից՝ ցավերն ու թարախը, մյուս կողմից՝ վարակվելու վտանգը։ Ասում է․ «Չգիտեմ, եթե ռիսկի դիմենք, գնանք հիմա անենք, հիվանդս պետք է goodby անի»։ Առողջապահական կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանն էլ իր հիվանդների վիճակը ներկայացրեց այսպես․ «Էդ մարդիկ արդեն ասում են՝ հիվանդանանք, բուժվենք, գնանք անեն։ Իմ հիվանդներից ոմանք արդեն միզել չեն կարողանում։ Միզելու հետ կապված գանգատներ ունեն, չեն կարողանում գան, վիրահատվեն։ Սա, ի վերջո, բերելու է նրան, որ հետո երիկամներն են շարքից դուրս գալու»։ Նրա գնահատմամբ՝ անհապաղ պետք է վերականգնվեն պլանային բուժումները․ մարդկանց բուժօգնություն է պետք։