Երբ փաստերը 100-ից պակաս են, օգնության են գալիս կովկասյան հովազն ու էժանացած նավթը

Երբ փաստերը 100-ից պակաս են, օգնության են գալիս կովկասյան հովազն ու էժանացած նավթը

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալիս ու ներկայացնում է հերթական 100 փաստը, ես սրտատրոփ սպասում եմ, որ նա կբարձրաձայնի իմ մասնագիտությանն առնչվող, աչք ծակող փաստերը: Բայց վարչապետն ամեն անգամ համեստորեն լռում է՝ մեծահոգաբար այդ գործը թողնելով մեզ:

Եվ այսպես՝ փաստ 101-րդ

 

Հետհեղափոխական Հայաստանում բուռն «զարգացում» ապրեց հայոց լեզուն: Հեղափոխական տարերքը փոթորկի պես իրար խառնեց լեզվի բոլոր շերտերը: Ջնջվեցին լեզվի մեջ առկա սահմանները, իրար խառնվեցին գրական հայերենը, բարբառները, ժարգոնները: Այդ ամենը հորդեց վիրտուալ տարածքներ, ապա թափանցեց խորհրդարան, կառավարություն, լրատվամիջոցների էջեր, գրական ստեղծագործություններ, հաղորդակցության ամենատարբեր ոլորտներ: 
Այնինչ Լեզվի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով մայրենի լեզվի մաքրությանն ուղղված քնքուշ հորդորակներ է տարածում՝ առաջարկելով հայոց լեզվի կողմից յուրացված փոխառությունները փոխարինել աներեւակայելի հեղափոխական նորաբանություններով եւ դրա համար ստանալով պատկառելի պարգեւավճարներ: Ոչ մի լուրջ շարժում, քայլեր չձեռնարկեցին լեզվաբանները, հայերենի գիտակից կրողները: 

Հեղափոխության բոցաշունչ տարերքը մոռացության անդունդից, ենթագիտակցության խորքերից պեղում ու հանում է նորանոր բառեր ու դարձվածքներ, գռեհկաբանություններ: Վիրտուալ Հայաստանում հայատառ ու լատինատառ հայերենով մոլեգնում է ատելության խոսքը՝ իր ամենատարբեր դրսեւորումներով: Որքան էլ ցավալի է, այն թափանցում է իրական կյանք: Վիրավորանք, անարգանք, զազրախոսություն, թուքումուր՝ հրապարակումներում ու մեկնաբանություններում:  Թվում է՝ մի թշնամական ձեռք անընդհատ խառնում է ժողովրդի պառակտման ու անհանդուրժողականության խարույկը, որ վառվեց Սերժին մերժելու մի մութ գիշեր:
Անգամ փորփրեցին պատմական հիշողությունների խորը շերտերը, ու լեզուն լցվեց կոտորածների, ավերների ժամանակ հայ կանանց ու աղջիկներին ասկյարների տված հայհոյանքներով ու նվաստացուցիչ արտահայտություններով:

Կարծում եմ, լեզվաբանների մի մեծ խումբ պետք է ուսումնասիրի հայոց լեզվի կրած հեղափոխական տրանսֆորմացիան եւ նկատի առնելով, որ լեզուն մտածողության, աշխարհընկալման, հոգեբանության դրսեւորման միջոց է, հետեւաբար, կուսումնասիրվեն նաեւ հայ տեսակի կրած ձեւախեղումները: 

Երբ փորձում ես ընկալել հայերեն լեզվամտածողությունը պայթեցրած որոշ հանրային, քաղաքական դեմքերի ապականված բառամթերքը, որոշ գործիչների հայատառ հրապարակումները՝ քաղաքագետ, միջազգայնագետ, իրավաբան, քաղաքական գործիչ, ուզում ես գնալ Օշական ու ճգնել Մաշտոցի գերեզմանի մոտ: Փաստերի փաստ է, որ հայոց լեզուն ենթարկվել է հեղափոխական աղճատման, պառակտիչ, բացասական մտածողության վիրուսով վարակված են լեզվի կրողները, նրա տարբեր շերտերը, եւ այդ վարակն ավելի վտանգավոր է ու ավելի արագ է տարածվում, քան COVID 19-ը: Իսկ երկրի բյուջեից ֆինանսավորվող Լեզվի պետական կոմիտեն շարունակում է անհասցե, անաղ ու անիմաստ հորդորակներ տարածել եւ ուրիշ ոչինչ: 

Անհերքելի փաստ է երկրի վարչապետի ավանդը նորագույն դարձվածաբանության զարգացման գործում, նրա ստեղծած հեղինակային դարձվածքներն օգտագործվում են ամենուր: Օգտագործում են ներկաներն ու նախկինները, ֆուտուրիստական հրով վառվող ապագայի քաղաքացիները: Նրա անբարդույթ խոսքը, երկրի ղեկավարին ոչ վայել արտահայտություններն օրինակ են ծառայում՝ ոգեւորելով զազրախոսության, բամբասանքի հակում ունեցողներին: Միթե աննախադեպ չեն տղամարդկային հայհոյանքներ շաղ տվող հայ կնոջ ու աղջկա տեսակը կամ սիրո ու փառաբանության նրանց հեթանոս, նողկալի արտահայտությունները: Անկախ այս տեսակի քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումից, սեւ կամ ճերմակ լինելուց, հայհոյող, լեզուն աղավաղող տեսակն արժանի չէ հայերենի կրողը լինելուն: 

Եթե վարչապետի էքսցենտրիկ արտահայտություններին վերաբերվենք պարոնյանական հումորով, կբացահայտենք այդ դարձվածքների կառուցողական իմաստային նրբերանգները: Քաջ Նազարի դրոշին գրված աֆորիզմի ոգով համեմված դարձվածքներն ուղղակի ազդեցություն են գործում կյանքի տարբեր ոլորտների զարգացման վրա: Օրինակ՝ մարդկանց ասֆալտին փռելու դարձվածքը մեծապես ազդել է ճանապարհաշինության զարգացման վրա. պետք է նախ ասֆալտ փռել, որ հետո անհաշիվ մարդիկ տեղորոշվեն ասֆալտին: Նույնկերպ է ընդունվել նաեւ բնակարանաշինության զարգացմանը նպաստող՝ պատերին ծեփելու ուղերձը: Աղքատության հաղթահարման բացառիկ ցուցանիշներ արձանագրվեցին, երբ հնչեց աղքատությունը գլխում հաղթահարելու դարձվածքը: Ոչ ավանդական բժշկագիտության մեծագույն նվաճում արձանագրվեց, երբ անդամալույծ ժողովրդին ուղղվեց «Վեր կաց ու գնա» կոչը: Տեղ չհասավ հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում պինցետի ու օղու արտադրության զարգացմանն ուղղված դարձվածք-ուղերձը՝ հասկանալի պատճառով. վարչապետն ինքն էր մոռացել այն: Կարծում եմ՝ առաջնահերթություն է քրեակատարողական հիմնարկների նորանոր մասնաշենքերի կառուցումը, եթե կյանքի կոչվեն բոլոր թալանչիներին, կոռումպացվածներին, շնաբարո դուրսպրծուկներին դատապարտելու վերաբերյալ վարչապետի դարձվածքները: Թեեւ արդեն կա խնդիրը լուծելու հաջողված փորձ. նրանք բոլորը կա՛մ երկրից կանհետանան, կա՛մ կտեղավորվեն ապօրինի գույքի բռնագրավմամբ պետականացված իրենց իսկ առանձնատներում: 

Փաստ 102-րդ

 

Հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ զարգացում ապրեցին բանահյուսության այնպիսի ժանրեր, ինչպիսիք են էպոսը, առասպելը, օրհնությունը, փառաբանության ձոներն ու օդաները, ծիսական, հմայական երգերն ու խաղիկները, առածներն ու ասացվածքները, որոնք բոլորը նվիրված են մեկ կերպարի: Այդ նմուշներն աննախադեպ են, չարժե անգամ համեմատել ռուսական հեղափոխությանը հաջորդած, Լենինին ու Ստալինին նվիրված կոլխոզային բանահյուսության հետ:

Անհերքելի փաստ է նաեւ անեծքի ու հայհոյանքի կատաղի զարգացումը: Այս ժանրերի դրսեւորումները հեղափոխական քայլերով առաջ անցան ու հատեցին հայ մարդու երեւակայության ու մտածողության սահմանները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արհեստածին էջերի ետեւում թաքնված պահապան վաշտը ստեղծեց հայհոյանքի ու զազրախոսության աներեւակայելի զենքեր, որոնցով աջ ու ձախ հարձակվում են ազատ մտքի ու ազատ խոսքի վրա, դրանք արտահայտող անհատների ու նրանց յոթ պորտի վրա: 

Երբ տարիներ առաջ բանահյուսության պրակտիկա էինք անցնում Հայաստանի, Արցախի, անգամ Սեւ ծովի ափերին հանգրվանած համշենահայերի տարբեր շրջաններում, ցավով արձանագրում էինք, որ եղած բանահյուսական նմուշները միայն փոխանցված են նախորդ սերունդներից, նորերը գրեթե չեն ստեղծվում, եւ գիտակցում էինք, որ հայ բանավոր ստեղծագործությունները մայրամուտ են ապրում, նրա բազում ժանրեր պարզապես մեռնում են: Սակայն ժողովրդական բանահյուսության զարգացման այսպիսի ընթացք մեր մեծ բանահավաքներն ու բանահյուսության մասնագետները չէին կարող տեսնել իրենց ամենադաժան երազներում:

Հուսամ, որեւէ բանահավաք չի հանդգնի կազմել այս շրջանի բանահյուսության ժողովածու, այլապես անխուսափելի կհայտնվի համար 6 հիվանդասենյակում: Վստահ եմ, շատ շուտով Գորգոնայի տեսքով անարգանքի մուսան կհեռանա մեր երկրից, եւ մեր ականջը կշոյեն սիրով ու լույսով լեցուն խաղիկները, երգերը, զրույցներն ու համով-հոտով հումորը: Կախարդական փայտիկով գրված 100 փաստը լրացրինք ընդամենը երկուսով:
ՀԳ. Դիպուկ է մտածված. վարչապետը ներկայացնում է ոչ թե ձեռքբերումներ, նվաճումներ, այլ՝ փաստեր, մարդն արձանագրում է իր նախընտրա՛ծ փաստերը եւ մեծահոգաբար թույլ է տալիս, որ մենք էլ մե՛ր փաստերն ավելացնենք, էլ ի՞նչ ենք ուզում: Եվ հետաքրքիրն այն է, որ դրանք անպայման լինում են 100-ը: Գործը հեշտ է, երբ պարծենալու փաստերը 100-ից ավելի են, մի մասը կրճատվում է, ու վերջ: Իսկ երբ դրանք պակաս են 100-ից, օգնության են գալիս կովկասյան հովազը, էժանացած նավթի բարելը,  Աստված գիտի՝ էլ ինչեր:

Էվելինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ