Եվ թող անիծյալ լինեն նրանք, ովքեր սովորեցրեցին մեզ բարի լինել ու համբերող

Եվ թող անիծյալ լինեն նրանք, ովքեր սովորեցրեցին մեզ բարի լինել ու համբերող

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը…

Այսպես է եզրափակել իր կոչը ժողովրդին երկրի վարչապետ Ն. Փաշինյանը իր խայտառակ, պարտվողական, ազգադավ պայմանագիրը ստորագրելուց հետո: Մեկը լինի՝ հարցնի․ ախր ինչո՞վ կեցցե Արցախի Հանրապետությունը, երբ հազարամյակներով, մաքառումներով պահպանված այդ սուրբ հողը հանձնում եք դարավոր հակառակորդին: Ախր որտե՞ղ պիտի ծնվի և արարի արցախցին, որ անամոթաբար ազդարարում եք՝ Կեցցե՛ Արցախը:

Փորձե՞լ եք ծանոթանալ Արցախի պատմությանը: Քանի-քանի անգամ են դուրս վռնդել հայրենի եզերքից դարավոր թշնամուն՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև օրս: Ամեն մի թիզ հող հեղված է արցախցու արյունով, բայց պահպանվել է այդ հողը: Պարբերաբար կրկնվող արյունահեղ պատերազմները ստիպել են դիմել ռուսական արքունիքին՝ օգնության ձեռք մեկնելու հայ ժողովրդին: 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Արցախը մտել է Ռուսաստանի կազմի մեջ:

Հայրենիքը այն հողն է, ջուրը, օդը, որտեղ ծնվում, ապրում և արարում է մարդը և այդ հողը ավանդում է ի սուրբ պահպանություն իր սերունդներին: Սին և անբարո է հնչում կեցցե հայրենիքը հայտարարությունը հայրենի հողը հանձնելուց հետո: Նման վերաբերմունքը կարծես թե սովորություն է դարձել մեր պետական այրերի համար դարեր ի վեր: Ցույց տվեք մի այլ ազգ, որ այնքան տարածքներ է կորցրել, ինչքան մենք: Ունեցել ենք Ուրարտու, Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկյան Հայաստան պետություններ, որոնց մասին տեղեկություններ այսօր կարելի է ստանալ միայն մատենադարաններից, հին պատմիչների կցկտուր տվյալներից, սեպագրություններից: Ինչու՞ է այսպես ստացվել: Պատմական փաստերը հուշում էին, որ հեթանոսություն դավանող ազգին պետք էր ավելի առաջադեմ, ժամանակին համահունչ կրոն, որն ավելի կմիավորի ազգը, նրան կդարձնի իր արժանիքների արժանի կրողը և պահապանը: Արդյո՞ք այդպես եղավ: Ըստ պատմիչների, 301թ. նորընծա հոգևոր դասը մասսայաբար ազգին մկրտում էր Եփրատում, Արածանիում: Եթե այսօր նման մասսայական միջոցառումների խնդիր առաջանա, կազմակերպիչները ստիպված կլինեն դիմելու Հրազդանին: Եփրատից և Արածանիից Հրազդան՝ քարտեզով կազմում են համապատասխանաբար 1550 կմ և 680 կմ:

Պատմիչներն ասում են, որ առաջ դրախտը համարել են Արածանիի ափերը, ինչու՞ ենք թողել այդ դրախտային երկիրը: Փորձեք մտովի պատկերացնել, թե այդ տարածքներում ինչքան գյուղեր, ավաններ, քաղաքներ են եղել, հարուստ ազգային մշակույթով, կալվածքներով, արդյունաբերական կարողություններով, պատմական հուշարձաններով, դպրոցներով, դպրանոցներով: Տարբեր դարերում տարբեր շահերի, փաշաների, կայսրերի կողմից այդ ամենը հրի ու սրի են մատնվել, հայի հողում վերացրել են ամեն հայկականը ու չեն արժանացել հայի բազկից արժանի հակահարվածի: Որտեղ մտել է մահմեդականը, կատարել է էթնիկ զտում, որպեսզի ոչ մի հայ չմնա անգամ ստրկական կարգավիճակում, որպեսզի հայկական հողում այլևս հայ չծնվի: Այսօր այնտեղ ծնվում են մանուկներ, բայց ոչ հայեր, իսկ հայկական եկեղեցիները կամ փլված են, կամ վեր են ածվել մզկիթների: Վերափոխված են հայկական գյուղերի, քաղաքների անունները, ավերված են հայկական գերեզմանները. երևի ձգտում են վերացնել հայի հետքը այդ տարածքներում: Ինչո՞ւ է այդպես ստացվել և շարունակվում է մեր օրերում: Հենվելով մատյանների, սեպագրերի, տարբեր պատմական արխիվների տվյալների վրա, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է իր պատմական հայրենիքի մոտ 1/12–րդ մասը: 

Մենք այդ տարածքները կորցրել ենք վերջին 1700 տարում և եթե ճիշտ եզրահանգման չգանք, ժամանակի ընթացքում այդ փշրանքներից էլ կզրկվենք: Հայ կլինի ամբողջ աշխարհում, բայց առանց Հայաստանի, և այլ սարսափելի, դժոխային հետևանքներ: Եթե փորձենք այս երևույթի բացատրությունը ստանալ մեր ժամանակակիցներից, հավանաբար կստացվեն տարբեր, բայց խոր տագնապ պարունակող պատասխաններ:

Ես կփորձեմ ընթերցողին ներկայացնել իմ պատասխանը: Իմաստ ունի՞ մեղադրել հակառակորդին: Ոչ՛, իհարկե: Թուրքը չմտնի՝ ուրիշն է մտնելու: Փորձենք դիմել հայրենասեր գրիչներից ամենամեծ հայրենասերին՝ Րաֆֆուն: «Մարդկային կյանքը հանդիսանում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմության շնորհք չունի, նա պետք է ընկնի, անհետանա, ոչնչանա»:

«Չարի հետ պետք է չար լինել, բարիի հետ՝ բարի: Այս է պահանջում անդադար մարդկությունը»:
Այս մեկնաբանությունը հեռու չէ պարզագույն բնության օրենքներից: Անտառում ապրող կենդանական աշխարհը հավերժորեն գոյատևում է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» կենսաբանական օրենքով: Այս օրենքը հավասարապես տարածվում է կենդանական և բուսական աշխարհի վրա՝ պայքար արևի, օդի, լույսի, հողի, ջրի, սննդի համար: Անպաշտպան տարածքը իսկույն զավթվում է:

Դարեր ի վեր հայ շինարարը հալածվել, բռնության է ենթարկվել հարևանությամբ ապրող թուրքական, քրդական ցեղախմբերի կողմից և չի համարձակվել բացարձակ պայքարի գնալ: Հայը կառչել է արորին, գութանին, մանգաղին, արարել, ստեղծել, իսկ նրանք զավթել են նրա ստեղծած բարիքը, հրի, սրի մատնել տունուտեղը, բռնի ձևով տարել կանանց, աղջիկներին: Նման բախումների հետևանքով անընդհատ ավերվել են գյուղեր, ավաններ, երբեմն ամբողջ շրջաններ: Արևմտյան Հայաստանում նման երևույթները դարձել էին սովորական և տեղական իշխանությունները ոչ միայն չէին կանխում, այլ գաղտնի ձևերով խրախուսում էին հայկական ջարդերը, տարածքների ամայացումը: Պայքարելու փոխարեն հայը ղեկավարվում էր «եթե աջ երեսիդ խփելու լինեն, ձախն էլ դարձրու»: Ցավը, մորմոքը բողոք է առաջացնում: «Եվ թող անիծյալ լինեն նրանք, ովքեր սովորեցրեցին մեզ բարի լինել, համբերող լինել»: Աստիճանաբար ձևավորվում է հայդույան շարժում – Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անքարեցի Սաքո, Անդրանիկ, բայց արևմտահայության առաջ ծառացած խնդիրները լուծելու հարցում դա մի կաթիլ էր ծովի մեջ:
«Մենք հայ ենք: Աստծո անեծքը գրված է մեր ճակատի վրա: Մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մի այս տեսակի չարություններ բույն են դրել մեր հոգու մեջ և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը»: Ազգի անմիաբանությունից օգտվում են զանազան ասպատակող խմբերը: «Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքով է սրում թշնամու սուրը: Ավելի քան բռնակալը, մենք ինքներս մեզ համար պատրաստեցինք ստրկության շղթաները»:

Իրականում ի՞նչ է ստացվում: Մենք շրջապատված ենք իսլամական պետություններով: Մեջբերեմ մահմեդականի հիմնական կանոներից մեկը. «Մահմեդականը պարտավոր է մասնակցել Ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների բռնի մահմեդականացումը»: Հայաստանը տեղակայված լինելով մահմեդական պետությունների խաչուղիներում, միշտ կենթարկվի նոր ասպատակությունների, եթե «վառոդը չոր չէ» և չի վարվում ճիշտ պետական դիվանագիտություն:

Իրականում հայը, հայկական պետությունը սխալվելու իրավունք չունեն: Փորձենք ավելի խորամուխ լինել մեր պետության մեջ իրականացվող վայրիվերումներին՝ անցյալում և այժմ: Պատմական փաստերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ պետական այրեր, մելիքներ, իշխաններ, փառասիրությունից, հարստանալու մոլուցքից մղված, հանուն գահի պայքարելով, դավաճանել են հայրենիքին, զբաղվել են զանազան մատնություններով: Օրինակներ ինչքան ուզեք: Խնդրեմ – Մերուժան Արծրունի և Վահան Մամիկոնյան, Վեստ Սարգիս և Պետրոս Գետադարձ: Վերջինս լինելով կաթողիկոս՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ, համագործակցելով Վեստ Սարգսի հետ, տեսնելով, որ բյուզանդացիները բազմիցս փորձելով չեն կարողանում գրավել քաղաքամայր Անին բերդաքաղաքի բանալիները, շահադիտական մղումներից ելնելով, հանձնում են Բյուզանդիայի կայսրին: Ահա քեզ երկրի հոգևոր առաջնորդի գործելակերպ: Ինչո՞ւ այդպիսի պետական այրերին ինկվիզիցիայի չեն ենթարկել: Եթե ընդունենք, որ միջնադարյան Հայաստանում ազգաբնակչության մեծ մասը գրագետ չէր, միշտ կար ինֆորմացիայի պակաս, դժվար էր կողմնորոշվել, ապա ինչպե՞ս մեկնաբանել ազգադավության սահռմկեցուցիչ փաստերը մեր օրերում՝ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունը՝ յուր բնակարանում, կամ էլ կազմակերպված նախճիրը Հայաստանի Ազգային ժողովում՝ հոկտեմբերի 27-ին:

«Պետք է դարերով թափված մեր պապերի արյունը ստիպի կյանքը հիմնել ավելի հաստատուն պայմանների վրա… և այն ժամանակ գուցե պապերի թափված արյունը որդիների փրկության ճանապարհը բացե»:

… 44-օրյա ցավոտ ելքով պատերազմը դեռ նոր է ավարտվել: Ժամանակը իրական հստակ պատասխան կտա բոլոր հայրենանվեր և ազգադավ գործերին, բայց այսօր արդեն բարձրաձայն հայտարարում են տարբեր ատյանների դավաճանական գործողությունների մասին: Ո՞վ և ինչպե՞ս պետք է արմատախիլ անի այդ արատավոր երևույթը հայ իրականության մեջ: 

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն ակամայից նպաստեցին 44-օրյայի մեր պարտությանը: Փոքր պետության մարդկային կարող ռեսուրսներն անսահման չեն: Առաջին արցախյան պատերազմում զոհվել են շատ պետականամեդ և հայրենասեր մարդիկ – Շահեն Մեղրյան, Արթուր Մկրտչյան, Մոնթե Մելքոնյան և ուրիշներ: Ավելի ծանր հարված ազգին, պետությանը հասցվեց հոկտեմբերի 27-ին, արդյունքում ազգը գլխատվեց և խնդրեմ դավաճանական գործողությունների արդյունքը:
Միջնադարում, Հռոմում, ցանկացած ոտնձգություն կրոնի, նրա գաղափարախոսության հանդեպ պատժվում էր խստագույն ձևով, ընդհուպ մինչև ինկվիզիցիա, իսկ այստեղ հայրենիքի դավաճանները, մատնիչները տարբեր ճանապարհներով խուսափում են պատասխանատվությունից: Այդպիսիներին պետք է գամել անարգանքի սյունին, որպեսզի դաս լինի գալիք սերունդներին: Հայ առաքելական եկեղեցին համարվում է ազգի հոգևոր հովիվը, բայց այս խայտառակ երևույթների վրա ազդելու փորձեր երբեք չեն նկատվել: Որոշ պետական այրեր այս կամ այն բարձր ատյաններում հայտարարում են, որ մենք քրիստոնեությունը ընդունած առաջին պետությունն ենք, բայց չեն ուզում ընկալել, որ մենք մեր  տարածքները կորցրել ենք հենց քրիստոնեությունը ընդունելուց հետո: Քրիստոնեությունը ընդունելուց ուղիղ 86 տարի անց Մեծ Հայքը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, իսկ հետագա տարիներին նորից ու նորից վերաբաժանվեց մի քանի անգամ: Այսօր քրիստոնեություն է դավանում մոտ 2.4 մլրդ մարդ, բայց առաջինը քրիստոնեությունը որպես կրոն ընդունած երկիրը այնքան է մեկուսացել քրիստոնեության ընդհանուր հոսանքից, որ ամենածանր հարվածների ժամանակ էլ ոչ ոք ռեալ օգնություն չի առաջարկել (1915թ., 44-օրյա պատերազմ):

Ո՞վ է մեղավոր այստեղ, ինչու՞մն է մեր բարձրագույն հոգևոր ատյանի դերը համայն քրիստոնեական համակարգում: Մի կողմից ունենք շատ թույլ պետական դիվանագիտություն, որովհետև վճռական պահերին միշտ էլ համախմբված չենք եղել, մյուս կողմից էլ հոգևոր գերագույն ատյանը շոշափելի միջոցներ չի ձեռնարկում, չնայած ամենաբարձրագույն տիտղոսներին և խնդրեմ, ազգ. – հոշոտվիր և ջնջվիր:

Կուզեի նշել մի ցավոտ երևույթի մասին ևս: Հանրապետությունը մեծ վնաս է կրում ահագնացող արտագաղթի պատճառով և չկա որևէ կանոնակարգող միջոցառում արտագաղթը մեղմելու համար: 1988թ. ավերիչ երկրաշարժից և Հայաստանի անկախացումից հետո արտագաղթը հասել է աղետալի չափերի: Հեռանում են գիտության, արվեստի, սպորտի, գյուղատնտեսության և արտադրության կազմակերպման լավագույն մասնագետներ և դա կարծես ոչ մեկին չի մտահոգում: Ավելորդ չէ հիշեցնել, որ ամեն մի քաղաքացու արտագաղթով պակասում է հայրենիքի եւս մի պաշտպան: 

Սփյուռքի նախարարությունը կառավարության հետ ոչնչով չփորձեցին հակազդելու արտագաղթին: Նորանոր գաղթի քարավաններ ճանապարհելով՝ ՀՀԿ-ն դատարկախոս «Արի տուն» կարգախոսն էր ընտրել: Ցավով պետք է ասել, որ որոշ պետական այրերի, որոնք իրենց քթից հեռու ոչինչ չեն տեսնում, ձեռք է տալիս արտագաղթը, որպեսզի հոգսեր քիչ ունենան, հեշտ լինի հնազանդեցնելը և այլն: Ասածիս հակափաստարկն այն կլիներ, որ կիրառվեին գործուն միջոցառումներ, դարձնեին պետական հոգածության թեմա:

Մենք շատ ենք վիճել ընկերներով, ես համարում եմ, որ այս հարցում մենք բոլորս ենք մեղավոր հայրենիքի առաջ: Վիրավոր, ավերված հայրենիքը թողած, գնում ենք ուրիշի տունն ենք շենացնում, ուրիշի սահմանն ենք պահպանում: Գերեվարված հայրենիքը ազատագրելու փոխարեն «Նոր հայրենիք» ենք ընտրում՝ լքելով հայրենի լեռներն ու գետերը, գյուղերն ու քաղաքները, սրբության սրբոց մեր պապերի շիրիմները: Արդյո՞ք փորձել ենք լսել մեր ներքին ձայնը: 

Ինչքան շատանում են գաղթօջախները արտերկրում, այնքան կծկվում, խղճահարվում է երկիր Նաիրին, դառնում անօգնական, անպաշտպան: Փարիզի, Լոս-Անջելեսի, Լիոնի հրապարակներում գեղեցիկ ելույթներ ունենալով, հայկական դրոշ ճոճելով՝ Հայաստանի հողը չեն պաշտպանի: Վիրավոր, բզկտված, հոշոտված Արցախը սրա ապացույցն է: Գաղտնիք չէ, որ բոլոր երկրներում էլ կա արտագաղթ, բայց Հայաստանում այն հասնում է կործանարար չափերի:

Արդյունքը՝ հայաթափված Արևմտյան Հայաստանին, Նախիջևանին միացան Շահումյանը, Գետաշենը, Հադրութը: Ինչպես Անի, Վան, այնպես էլ տուրիստական ուղևորություններ կկազմակերպենք Շահումյան, Հադրութ, կգրենք գեղեցիկ պատմվածքներ, վեպեր պատմական հուշակոթողների մասին, կբողոքենք հայկական խաչքարերը (Ջուղայի) բնաջնջելու, հուշակոթողները պղծելու, անվանումները վերափոխելու դեմ ընդհուպ մինչև ЮНЕСКО և վերջ… Դրանով կիրականացնենք մեր «հայրենասիրական» միսիան: Իրենց հայրենիքը աչքի լույսի պես սիրողների մոտ նման հայրենասիրությունը խղճահարություն և կարեկցանք է առաջացնում:
Հարևան Ադրբեջանը, օգտագործելով մարդկության կողմից թույլատրվող և պարսավելի բոլոր միջոցները, ետ վերցրեց 26-28 տարի առաջ կորցրած տարածքները, դեռ մի բան էլ ավել և սկսել է լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ՝ ընդհուպ մինչև օդանավակայանի կառուցում:

Յուրովի, ուսանելի հայրենապաշտություն: Իսկ մենք, լքելով մեր հայրենիքի տարածքները, Եփրատից հասել ենք Հրազդան, այդպես էլ բարձր վանկարկելով՝ Կեցցե՛ Հայաստանը, Կեցցե՛ Արցախը. վիրավոր, լքված, անօգնական…

Սուրեն Սուվարյան
բժիշկ