Նոր ներկայացում է սպասվում

Նոր ներկայացում է սպասվում

Հիմա Նիկոլն ասում է, որ գնում է արտահերթ ընտրությունների, իսկ մի քանի օր առաջ ասաց, որ չի գնում, դեկտեմբերին էլ հայտարարել էր, թե գնալու է: Մենք չգիտենք՝ վաղն ինչ է ասելու Նիկոլը. գնո՞ւմ է, թե՞ չի գնում: Գուցե ասի՝ կիսով չափ է գնում` կիսաընտրություններ, ինչպես որ ճիշտ է համարում վերադառնալ կիսանախագահական համակարգին, որը մեկ տարի առաջ անարդյունավետ էր համարում: Այդպիսին է մեր վարչապետը, եւ չգիտենք՝ այդ հոգեվիճակը, խոսքի այդ անկայունությունը, անարժեք շաղ տալը գալիս է իրենի՞ց, թե՞ մեզնից: Պատճառ պետք չէ փնտրել կամ տրամաբանություն, քանի որ այդ մարդը որ պահին ինչ ուզում, այն էլ ասում է՝ առանց պատճառահետեւանքային կապի ու տրամաբանության: Մնում է այս իրողության հետ կա՛մ հաշտվել, կա՛մ չհաշտվել, բայց սույն իրողությունը սովորական է դարձել մեր կյանքում, ինչպես կորոնավիրուսը, որի հետ համատեղ ապրում ենք:  

Նիկոլն արտահերթի մասին հայտարարում է Ազգային ժողովի բարձր ամբիոնից` պատասխանելով միայն Արման Բաբաջանյանի հարցին: Միայն՝ որովհետեւ անպատասխան թողեց մյուս բոլոր պատգամավորների կողմից իրեն ուղղված հարցերը` այդ իրավունքը փոխանցելով Տիգրան Ավինյանին: Բայց չի հասցնի պարոնն իրականացնել կրկին օրակարգ բերվող արտահերթը, որ պատասխանն էր Բաբաջանյանի հարցի. այդ հնարավորությունն արդեն բաց է թողել: Արտահերթ ընտրություններ անցկացնելը հնարավոր կհամարվեր մի քանի օր առաջ, բայց հիմա այլ է իրավիճակը, այլ իրականություն, քանի որ օր-օրի, ժամ-ժամի փոխվում են իրադարձությունները երկրում: Այդ երեւում է առաջին հերթին Նիկոլի պահվածքից, ուղղակի գրված է նրա դեմքին: Ճառասեր Նիկոլը Ազգային ժողովում չպատասխանեց իրեն ուղղված եւ ոչ մի հարցի. խուճապ, անվստահություն, ընկճախտ... 

Հավանաբար, միայն ինքն է հավատում իր երազին. բոլոր միջոցներն օգտագործելով՝ հաղթել արտահերթ ընտրություններում եւ մնալ վարչապետ, նորընտիր վարչապետ: Վատագույն դեպքում, հավաքած ձայների շնորհիվ, անցնել խորհրդարան որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար եւ շարունակել գործել նախկին Նիկոլի վարքով: Իսկ հաջորդ ընտրություններին գուցե հաջողվի խորհրդարանական մեծամասնություն կազմել եւ կրկին նստել վարչապետի բաղձալի աթոռին: Բայց դա երազախաբություն է: Այդ երազն այդպես սահուն միայն Նիկոլն է տեսնում, իսկ արդյո՞ք հավատում է դրա իրականացմանը: 

Նիկոլը Ազգային ժողովի նիստերի դահլիճում էր, իսկ պատշգամբներից հսկում էին դիպուկահարները` ցուցադրաբար երեւալով ցուցարարներին` դեմքով ու զենքով շրջված նրանց կողմը: Ազգային ժողովի բակը պատված էր լուսաձայնային նռնակներով, դարպասները զոդված էին, առավել ամրացված: Պարսպաճաղերի երկայնքով, ճանապարհ ու խաչմերուկ հսկում էին հազարավոր ոստիկաններ` վահաններով ու մահակներով զինված: Նման տեսարանը թույլ է տալիս ենթադրել, որ ժամանակ չի մնում արտահերթ ընտրությունների համար, եւ առհասարակ՝ ժամանակ չի մնացել Նիկոլի համար: Այս նողկալի թամաշան միայն մեզ համար չէր, այս թամաշան նաեւ Նիկոլի համար էր, եւ Նիկոլն է, որ չեղած ժամանակից փորձում է վերջին հույսի ժամանակ կորզել: Ներկայացումն ավարտված է, բեմի վարագույրն իջել է, բայց հանդիսատեսը շարունակում է նստած մնալ դահլիճում, որովհետեւ նոր ներկայացում է սպասվում, ասաց Սերժ Սարգսյանը:

Հուսիկ Արա