Ավելի ճիշտ կլինի, որ պարոն Բաբաջանյանն անկախ պատգամավոր լինի

Ավելի ճիշտ կլինի, որ պարոն Բաբաջանյանն անկախ պատգամավոր լինի
Ալեն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը, ով տեւական ժամանակ կոնֆլիկտ ուներ իր խմբակցության մյուս գործընկերների հետ, երեկ ինքն իրեն ազատագրեց խմբակցության քաղաքական կապանքներից՝ հայտարարելով, որ լքում է ԼՀԿ խմբակցությունը։ ԼՀԿ-ից էլ շտապեցին արձագանքել, որ «դե, եթե խմբակցությունը լքում ես, բարի եղիր մեր շնորհիվ ստացած մանդատն էլ վերադարձնել»։ Բաբաջանյանը վերջին շրջանում աչքի էր ընկնում ակնհայտ պրոիշխանական եւ հօգուտ Փաշինյանի կեցվածքով, ինչը հակադրության մեջ էր «Լուսավոր Հայաստանի» եւ դրա ղեկավար Էդմոն Մարուքյանի վարած ընդդիմադիր քաղաքականության հետ։

Բայց նկատենք, որ «Լուսավորում» առաջին դեպքը չէ, երբ այս կուսակցության «հաշվին» մանդատ ստացած պատգամավորները ճանապարհի կեսից ճամբարափոխ են լինում՝ թեքվելով իշխանության կողմը։ Օրինակ՝ Հայկ Կոնջորյանը, որը մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները «Լուսավոր Հայաստանի» քվոտայով «Ելք» խմբակցության անդամ էր, բայց հեղափոխության օրերին լքեց ԼՀԿ-ն էլ, իր քավոր Էդմոն Մարուքյանին էլ եւ Ալեն Սիմոնյանի առաջարկով ու միջնորդությամբ անցավ ՔՊ-ի եւ «Իմ քայլի» շարքերը։ Հիմա նա դարձյալ պատգամավոր է, բայց արդեն՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից։ Ուստի, այս թեմայով երեկ հարց ուղղեցինք ԱԺ փոխնախագահ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանին, թե իրենք պատրա՞ստ են Արման Բաբաջանյանին նույնպես ընդունել իրենց իշխանական շարքերը։
«Իսկ ինչի՞ պիտի մենք դրա մասին մտածենք։ Օրակարգում նման հա՞րց կա»,- զարմացավ պարոն Սիմոնյանը։

- Դե, օրինակ, Հայկ Կոնջորյանն էլ լքեց «Լուսավոր Հայաստանը» եւ անցավ ձեր շարքերը, դարձավ ՔՊ անդամ ու «Իմ քայլի» պատգամավոր։

- Դա տեղի է ունեցել «Ելքի» ժամանակ, Հայկ Կոնջորյանը, կարելի է ասել, լքել է «Ելք» խմբակցությունը եւ եկել է մեզ մոտ։ Բայց Արման Բաբաջանյանի հետ կապված, կարծում եմ, ինքը բավականին կայուն քաղաքական գործիչ է եւ․․․

- Կայուն քաղաքական գործիչը կարո՞ղ է ընդդիմադիր դիրքերից այդքան արագ դուրս գալ եւ ձեռք բերել իշխանական հայացքներ։

- Բայց ինչի՞ է իշխանական։

- Դուք չէի՞ք նկատում նրա իշխանական հակումները, սերը առ Նիկոլ Փաշինյան։

- Բայց ո՞վ ասաց, թե իշխանական է, մեռավ մեզ քննադատելով, Վահե ջան։ Էնքան, ինչքան Արման Բաբաջանյանն է մեզ քննադատել․․․ մոռանո՞ւմ ես վարչապետի ակնարկը, իր քննադատությունները։ Համենայնդեպս, մեզ մոտ էդպիսի քննարկում չկա, նման օրակարգ չկա, եւ պարոն Բաբաջանյանի հետ մենք նման բան չենք խոսել։

- Իսկ եթե նրա կողմից ցանկություն լինի ինտեգրվել ձեր շարքերը, դուք կընդունե՞ք նրան։ Օրինակ՝ որեւէ պաշտոն տաք։

- Ես կարծում եմ՝ ճիշտն այն կլինի, որ ինքն անկախ պատգամավոր լինի, որովհետեւ անկախ պատգամավոր լինելն ամենալավ բանն է։ Որովհետեւ, վերջիվերջո, մենք գործում ենք մեր պատկերացումների շրջանակում, թե Հայաստանի համար ոնց ավելի լավ կլինի։ Ու անկախ պատգամավոր լինելը, կարծում եմ, պարոն Բաբաջանյանի համար շատ ավելի ձեռնտու կլինի։

- Բա եթե այդքան լավ բան է անկախ պատգամավոր լինելը, Դուք էլ անկախացեք Ձեր խմբակցությունից ու դուխով ասեք այն, ինչ ուզում եք։

- Ոչ, ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, ինձ պետք չէ համեմատել։

- Նա էլ էր քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ «Լուսավոր Հայաստան» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն էր։

- Դե, հիմա ինձ հարցնում եք ուրիշ մարդկանցից, ես ասում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ պարոն Բաբաջանյանն անկախ պատգամավոր լինի, որովհետեւ իր ոչ բոլոր հայացքներն են համընկնում իշխանության դիրքորոշման հետ, ու վստահ եմ, որ շատ-շատ հարցերում էլի չեն համընկնելու։