«Զոն նայողները» որոշել են հետ քաշվել՝ բերդերի պետերին մենակ թողնելով կալանավորի հետ

«Զոն նայողները» որոշել են հետ քաշվել՝ բերդերի պետերին մենակ թողնելով կալանավորի հետ

Գողական աշխարհի դեմ Փաշինյանի կառավարության ձեռնարկած արշավի պայմաններում քրեական աշխարհը՝ օրենքով գողերը, գողականները, «զոն նայողները», «ավտարիտետները»  համախմբվում են։ Այս օրերին նրանք «կոնսուլտացիաների»  ու օպերատիվ «սխոդկեքի» մեջ են, քննարկում են մարտավարական հարցեր։ Մեր տեղեկություններով, որոշված է, որ «զոն նայողները» կտրուկ հետ քաշվեն, դադարեն հարցեր լուծել՝ բերդերն «անտեր» թողնելով։

Սեպտեմբերի 5-ի երեկոյան ՔԿՀ-ներում անհնազանդության ակցիա արձանագրվեց։ Որոշ կալանավայրերում՝ «Կոշ»-ում, «Նուբարաշեն»-ում, Գորիսի բերդում, ազատազրկվածները փակել են խցերի դռները, աղմկել են, բոլորը միաժամանակ դեղեր են պահանջել վարչակազմից։  Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՔՕ 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) հատկանիշներով։ Առայժմ այն չի ուղարկվել Քննչական կոմիտե։
Երեկ արդարադատության նախարարությունը հաղորդեց, որ նախարարությունը վերահսկում է իրավիճակը, եւ անհնազանդության գործողությունները դադարեցվել են։ Քրեակատարողական համակարգում էլ մեկ օրում պաշտոնների փոխատեղում եղավ՝ «Հրազդան» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին նշանակել են «Գորիս» ՔԿՀ ղեկավար, իսկ «Հրազդան»-ում պետ է նշանակվել Հովհաննես Պետրոսյանը։
Տեղեկությունը հաստատեց ՔԿԾ պետի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հովիկ Պետրոսյանը հին, փորձառու կադրերից է։ Քրեակատարողական համակարգում աշխատանքի երկարատեւ ստաժ ունի։ Վերջինը «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնն է եղել։ ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանի գալով  հեռացել էր համակարգից, անցել թոշակի։ Այժմ կրկին վերադարձել է։ Հովիկ Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի անվտանգության ծառայության պետն է եղել։ Արտակ Ղազարյանը համակարգում է 2015 թվականից։ ԶՈՒ հրամկազմից է եղել, իսկ ՔԿԾ համակարգում՝ մշտապես երկրորդ դերերում։ Արտյոմ Մխոյանի օրոք առաջին անգամ բարձր պաշտոն ստացավ՝ «Հրազդան» ՔԿՀ պետ։

Սակայն վերադառնանք կադրային «ռակիռովկաների» սկզբնաղբյուրին՝ սպասվող բունտին։
Սեպտեմբերի 5-ի ակցիան իրականում եղել է ոչ թե բունտ, այլ բունտի նախազգուշացում, եւ դադարեցվել է ոչ թե ոստիկանության եւ արդարադատության նախարարության ջանքերով, այլ գողական աշխարհի ներքին որոշման ուժով։ Այս մասին հայտնում է «անհնազանդ» կալանավայրերից մեկում պահվող տեղեկացված աղբյուրը։ «Իսկական բունտը դեռ չի եղել։ Սա նախազգուշական կրակոց էր»,- ասում է նա։
Այսպիսով, քրեական աշխարհը վտանգ է զգում քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծի ընդունումից։ Ինչո՞ւ, ինչի՞ց է զրկվելու այս դեպքում «զոն նայողը»։ 
Հարցին պատասխանելու համար փորձենք վերլուծել, թե ինչ դեր է կատարում կալանավայրում «նայողը», եւ որն է նրա ազդեցության ու լայն լիազորությունների բուն աղբյուրը։  
Կալանավայրում գրեթե բոլոր հարցերը՝ կենցաղայինից մինչեւ բարոյական, «զոն նայողի» լիազորությունների տիրույթում են։

«Զոն նայողն» է թույլ տալիս «կալանավորին» հեռախոս պահել, նա գիտի, թե որտեղ ով է նստած, ով ինչի է ընդունակ, նա է որոշում՝ խաղան, թե չխաղան, վերահսկում է, որ կալանավայրում պահման պայմաններից չբողոքեն։ Բերդի պետը, որպես կանոն, նույնպես տեղյակ է այս հարցերից, բայց նրա համար կարեւորը խաղաղությունն է, բողոքների բացակայությունը, ինչը փայլուն ապահովում է «զոն նայողը»։ Դրա դիմաց նա արտոնություններ է ստանում պետից՝ նրա խցի դուռը չեն փակում, միշտ ունի հեռախոս, տնօրինում է «օբշչակի» գումարը, որը կարող է հավաքվել դրսում։ Ունի կալանավորին ճնշելու արտոնություն, նրա մոտ կա հեռուստացույց, ամեն մարդ նրա մոտ մտնելու իրավունք չունի, նրա խուցը, որպես կանոն, չեն ստուգում։
Փաստաբան Հակոբ Ճարոյանը հանցագործ աշխարհում ազդեցիկ պաշտպանյալներ է ունեցել, նաեւ որոշակի ժամանակ անցկացրել է կալանավայրում եւ մանրամասն ուսումնասիրել կալանավայրի դրվածքը։
«Զոն նայողն այնպես է անում, որ կալանավորը չդժգոհի կալանավայրի թերություններից։ Այդ թերությունները վերացնելու համար պետությունը պետք է մեծ գումարներ ծախսի։ Օրինակ, մարդն ուզում է ամեն օր լողանալ, դա նրա իրավունքն է, բայց տաք ջուր բերդում չկա։ Կամ՝ մարդն ուզում է ամեն օր սպիտակեղենը փոխել, ինչը նույնպես չեն ապահովում։ Մարդը պահանջում է իր՝ օրենքով սահմանված սնունդը, որը չեն կարողանում ապահովել։ Ամռանը նա շոգում է, բայց խցերում օդափոխության համակարգ չի գործում։ Այս բոլոր դժգոհություններն ի հայտ չեն գալիս, եթե կա զոն նայող։ Ենթադրենք, ուտելիքից դժգոհում են, քնելու տեղը լավը չէ։ Եթե ես բողոքում եմ, պետը չի խառնվում, այլ զոն նայողը գալիս է, այդ հարցը լուծում է։ Ինձ ճնշելով, թե այլ ճանապարհով՝ դա նրա գործն է։ Պատկերացրեք, մի 50 հոգի միաժամանակ գրեն, որ, ենթադրենք, ճաշը վատն է։ Ասենք, մեկը ճաշի մեջ ճանճ է գտնում, բոլորը սկսում են գոռալ, որ կեղտոտ ճաշ են տվել։ Սա անընդհատ պետին լարվածության մեջ է պահում։ Իհարկե, այս իրավիճակը պետք է վերացնել, բայց դա կարելի է անել միայն համակարգը բարեփոխելուց, դատապարտյալների պահման ծախսերը կտրուկ ավելացնելուց, դրանց արդյունավետությունը բարձրացնելուց հետո»,- ասում է Հակոբ Ճարոյանը։ Նա կարծում է, որ օրինագիծն ընդունելը վաղաժամ էր։ «Ես չգիտեմ՝ արդյոք ունե՞ք վերլուծություն, թե ինչքանով են մեզ վնասում օրենքով գողերը, հեղինակությունները, զոն նայողները։ Հայաստանում ունես 6-7 գող, նրանց ազդեցությունն ինչպիսի՞ն է հանցագործությունների աճի վրա, եւ ո՞րն է նրանց կանխարգելիչ դերը։ Սա համադրե՞լ են, թե՞ ոչ»։  
Հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանին, որը նախկինում աշխատել է դատախազությունում, ապա՝ Քննչական կոմիտեում, եւ կարծում էինք, որ շատ բան կունենա ասելու թեմայի շուրջ։ Բայց նրա փոխարեն հեռախոսազանգերին պատասխանեց նրա վարորդը, իսկ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը հայտնեց, որ ՔԿԾ պետը հարցազրույց կտա միայն պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո։ «Ավելորդ լարվածությունից խուսափելու համար նա այս օրերին ԶԼՄ-ների հարցերին չի պատասխանում»,- նշեց Նոնա Նավիկյանը։