Ավինյանը՝ որպես ֆինանսական «պետուշոկ»

Ավինյանը՝ որպես ֆինանսական «պետուշոկ»

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը վերջերս նշանակվեց Հայբիզնեսբանկի խորհրդի անդամ: Առաջիկայում սա բազմազբաղ Ավինյանի եւս մի դերակատարումն է լինելու: Նշանակումը կատարվեց այն բանից հետո, երբ բանկի բաժնետոմսերի 25 տոկոսը վերցրեց Կենտրոնական բանկը՝ ի դեմս «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպության, իսկ մնացածը տրվեց «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի» շվեյցարական ընկերությանը: Ինչու հենց նրանց՝ մեծ գաղտնիք է: 

Կատարված գործարքի ոչ հրապարակային լինելու մասին գրել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ, փաստացի, այս պահին Հայաստանում գործում է առեւտրային բանկ, որի սեփականատեր է հանդիսանում է Կենտրոնական բանկը։ «Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը եւ Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։ ԿԲ օրենքի համաձայն, արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին՝ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռք բերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլեւ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռք բերել»,- նշել է Մանե Թանդիլյանը ՖԲ իր էջում:

Ավինյանի ընտրությունը նա բացատրում է նրանով, որ վերջինս 10 տարի առաջ բանկերից մեկում վարկային մասնագետ է աշխատել, նաեւ Հայբիզնեսբանկի հետ՝ իշխանական առնչություններով։ «Համաձայն շրջանառվող որոշ լուրերի,- գրում է Թանդիլյանը,- հենց այս բանկն էր նախկինում իշխանական ազդեցություն ունեցողների կասկածելի գործարքների միջնորդ բանկը, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների»: Ձեր կուսակցությունը դիմում ներկայացրե՞լ է իրավապահներին, որեւէ արձագանք կա՞: Մեր հարցին Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե։ Դե, հրապարակային գրելն արդեն համարվում է հաղորդում։ Բայց այս փուլում ավելի շատ հետազոտելու խնդիր կա, հատկապես, թե ում ներկայացուցիչն է Ավինյանը, ինչու շվեյցարական կազմակերպությունն ամբողջը չի գնել եւ այլն»: 

«Իրականում, Կենտրոնական բանկի մասին օրենքով սահմանված են դեպքեր, երբ ԿԲ-ն իրավունք ունի միջամտելու առեւտրային բանկի գործունեությանը: Օրենքը թույլ է տալիս ԿԲ-ին՝ ժամանակավոր վերցնել առեւտրային բանկի բաժնետոմսեր, բայց որոշակի ժամկետից հետո բանկը պարտավոր է դրանք վաճառել: Ամենայն հավանականությամբ, սա Հայբիզնեսբանկը փրկելու ծրագիր է»,- մեկնաբանում է Հայբիզնեսբանկում նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած անձը: Բայց քանի որ գործարքի մասին որեւէ հստակ տեղեկատվություն չկա, դժվար է ստույգ ասել, թե ինչն է օրինական, ինչը՝ ոչ: 

Երեկ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն մի տեքստ էր տարածել, որում փորձել է մութ գործարքի որոշ մանրամասներ հաղորդել: Պարզվում է՝ բաժնետոմսերի մոտ 75%-ի սեփականատեր դարձած «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի» ընկերությունը կանոնադրական կապիտալը համալրել է 96 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի կանոնադրական կապիտալը 32 մլրդ դրամի չափով համալրել է նաեւ 25% գումարած մեկ բաժնետոմս՝ սեփականատեր «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն: Բանկը հույս է հայտնում, որ կապիտալի համալրումն ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով, հնարավորություն կտա «իրագործել զարգացման նոր ծրագրեր՝ մասնավորապես՝ գրավիչ դարձնելով հիփոթեքային, կառուցապատման ֆինանսավորման ծրագրերը, արդիականացված թվային եւ նորարարական ծառայությունները եւ այլն»: 

Հիմնական հարցերը, սակայն, մնացին մութ՝ ի՞նչ պայմաններով է կատարվել գործարքը, ո՞րն է ԿԲ մասնակցության նպատակը, որքա՞ն ժամանակ է ԿԲ-ն պատրաստվում պահել բանկի ակցիաները, ի՞նչ կապ ունի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպությունը բանկի հետ, եւ ինչո՞ւ է հենց այս կազմակերպությունը 25 տոկոսի բաժնետերը դարձել: Մենք դեռեւս երկու շաբաթ առաջ դիմել էինք Տիգրան Ավինյանին՝ խնդրելով պատասխանել դրանց, սակայն նա հորդորեց դիմել ABB բանկ՝ վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանին: Բայց բանկը մեր հարցմանը պատասխանելու փոխարեն վերը նշված պարզաբանումն ուղարկեց մեզ: 

Փաստը մնում է փաստ, որ Ավինյանը ոչ հրապարակային այս «քեյսում» առանցքային ֆիգուր է: Երբ Սլավոնական համալսարանի շրջանավարտ, մաթեմատիկոս, մասնավոր ընկերություններում մանր-մունր պաշտոններ զբաղեցրած Տիգրան Ավինյանը միանգամից նշանակվեց ՀՀ փոխվարչապետ, նրան, կարելի է ասել, ոչ ոք չէր ճանաչում: 2018 թվականի մայիսի 11-ն էր: Նիկոլի թիմից անհայտ, անանուն քայլողներն արագորեն գրավում էին պետական հիմնարկներն ու համակարգերը, եւ չհիշվող դեմքով Ավինյանը նրանցից մեկն էր: Թերեւս ամենահաջողակը: Նիկոլի կողքին աճած պետական գործիչ Ավինյանը նրա պես պոպուլիստ չէ, ավելի ստվերային է, գործնական ձիրք ու պրակտիկ մտածողություն ունի, եւ ընդամենը երեք տարում նա իր «տակ» մտցրեց կարեւորագույն պետական ու ֆինանսական կառույցներ՝ Երեւանի քաղաքապետարանը, «Պետական հետաքրքրությունների հիմնադրամ» կոչված անհասկանալի հաստատությունը, որտեղ ահռելի պետական փողեր են պտտվում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին էին գրում, այժմ արդեն, ինչպես տեսանք՝ ԿԲ-ն: Եվ ամենուր, որտեղ նա հայտնվում է, ոչ հրապարակային գործելաոճը նորմ է դառնում: Տեղեկություններ կան, որ իշխանական թիմում արդեն գոյություն ունի Ավինյանի թեւ՝ Արարատ Միրզոյան, Արսեն Թորոսյան, «ադեկվատներ», որը փորձում է տարանջատվել վարչապետի եւ նրա «զոմբիների» թիմից: