Արգիշտի Քյարամյանին համ էլ պատվավոր հետախույզի կոչում տվեք

Արգիշտի Քյարամյանին համ էլ պատվավոր հետախույզի կոչում տվեք

Քննչական կոմիտե չի, է, իսկական` հեքիաթասաց, հետախուզական գործակալություն` էն Քրիստիկի գործակալությունից ավելի հմուտ: 

Ուրեմն էս քննչականի քննիչները գնում են մի գործի ետեւից ու հոպ` մեկ էլ լրիվ ուրիշ գործ է բացվում արանքում: Էն որ ասում են` շան բախտ ունեն, Նիկոլն էլ հետները: 

Այսօր Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել` ամերիկյան վեսթերնի սյուժե: Ուրեմն մեր պինկերտոնները գնացել են Լոռու մարզի մի բնակչի «խարդախության փորձի» հետքերով, ով Վանաձորցի մի բնակչուհուց 500 դոլար եւ 20 հազար դրամ է շորթել` ինչ որ պաշտոնատար անձի կաշառելու համար եւ ով հրաշք` մի շատ ավելի «ծանր հանցագործություն» են բացահայտել: Այդ նույն Գ.Ղ-ի բնակության վայրում արված խուզարկությամբ մի ձեռագիր ցուցակ են գտել` «A4» ֆորմատի թղթի վրա, որտեղ բազմաթիվ անուններ, որոնց դիմաց նշված են եղել տարբեր գումարներ:

Հետո միանգամից «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» էլ տվյալներ են ձեռք բերվել, որ «Գ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով  կոորդինացրել է նշված աշխատանքները»:

Եւ Քննչական կոմիտեն ինչ որ մի ձեռագրի, ինչ որ ցուցակի հիման վրա մոռացել է Վանաձորցի բնակչուհու 500 դոլարի մասին ու ձեռնամուխ եղել այս «ծանր» հանցագործության բացահայտմանը, քանի որ սրանով իր շեֆին` Նիկոլ Փաշինյանին նաեւ կկարողանա հերթական ծառայությունը մատուցել, հերթական անգամ վարկաբեկել հայրենիքի համար շարժումը եւ Բագրատ սրբազանին, հերթական անգամ վախեցնել պայքարին միացող մարդկանց եւ այլն: Մի խոսքով` օգուտները շատ են, մեկ մեկ չթվարկենք: 

Եւ քաղաքացուց գումար շոթելու համար ենթադրյալ հանցագործին ձերբակալելու մտադրություն չունեցող Քննչականը, բնականաբար, անմիջապես ձերբակալել է Գ.Ղ-ին, տեղափոխել ոստիկանության բաժին, քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական վարույթ սկսել եւ այլն:

Արեգ Մարգարյան