Ռեզինե խողովակի «ֆենոմենը»

Ռեզինե խողովակի «ֆենոմենը»

Պաշտոնական՝ միջազգային. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպության համար Վլադիմիր Զելենսկին մնում է Ուկրաինայի նախագահը՝ չնայած նախագահական լիազորությունների ավարտին։ Մեկնաբանություն. Ուկրաինայի Սահմանադրությամբ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանված է 5 տարի: Դրանում առկա չէ որևէ հանգամանքով պայմանավորված՝ այն երկարաձգելու որևէ հնարավորություն: Պետական կառույցը կամ պաշտոնյան իրավասու է անել այն, ինչ թույլատրված է օրենքով: Միաժամանակ, Եվրամիությունը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ անգամ վերընտրվելու հանգամանքի լեգիտիմությունը: Մեկնաբանություն. ընտրական ողջ գործընթացը համապատասխանել է ռուսական օրենսդրությանը: Իսկ Արևմուտքը հերթական անգամ բացահայտել է երկկակի չափանիշների օգտագործման հանգամանքը:

Ոչ պաշտոնական՝ հայաստանյան. Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին, ըստ «Հրապարակ»-ի, ներկայացվել է մեղադրանք իշխանություն զավթելու փորձ կատարելու համար։ Մեկնաբանություն. չհասկացա, էս ինչ իշխանություն է, որ մի հոգին կարող է այն զավթել. «wow»:

Շարունակենք՝ վարչապետի աթոռից կառչած անձը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: 

Կենտրոնանանք հայաստանյան իրավիճակի վրա, քանի որ աշխարհին օգուտ տալ չենք կարող: Բայց մեր տունը ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք կարգի բերել: Բագրատ սրբազանի  հետ կարճատև զրույցում լրագրողները հիշատակել են ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի հանդիպումը Նիկոլի և ԱԽՔ Արմենի հետ: Եվ այն մասին, որ «պլանավորվում է ավելի մեծ ճնշումների ենթարկել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը»: Ենթադրում եմ, որ շարժման ակտիվիստ Հայկ Ղևոնդյանին նման աննորմալ մեղադրանք ներկայացնելը հենց այդ պլանավորման արդյունքն է: 
Հին հունական հանրահայտ ասացվածք կա. «Այն, ինչ թույլատրված է Զևսին, արգելված է եզին»:

Իմաստն է, որ հասարակության մեջ կան արտոնյալ մարդիկ կամ խավեր, որոնց թույլատրված են շատ բաներ՝ ի տարբերություն մնացածների: Դիտարկելով 2018-ի և առնվազն 2024-ի գարնանային իրադարձությունները՝ բացահայտում ենք էական մի հանգամանք: 2018-ին Նիկոլն արտոնյալ անձ էր, որին թույլատրվեց թե՛ Ռադիոտան մուտքը ջարդելով ներխուժելը և թե՛ ընդհանրապես փողոցային շարժման միջոցով իշխանություն գրավելը: Այստեղ բնական հարց է առաջանում, թե ով էր նրան կարգել արտոնյալ: Հիշենք նաև այն օրերի զրույցները, որ նրա անվտանգությունն ապահովում է ԱԱԾ-ի ինչ-որ գնդապետ: Իսկ այս օրերին Արցախյան երկրորդ պատերազմի պարտության խորհրդանիշ Նիկոլին պաշտոնից հեռացնելու մտադրությունն իսկ բնորոշվում է որպես իշխանություն զավթելու փորձ: Որովհետև չեմ լսել, որ զենքը ձեռքին Հայկ Ղևոնդյանը հարձակում է գործել դեռևս Արևմուտքի լիակատար օժանդակությունը վայելող Նիկոլի վրա:

Եվ վերջում կրկին քարոզչության մասին, որովհետև դրանով իշխանության եկավ Նիկոլը, դրանով կառավարեց (վայ էն կառավարմանը), դրանով պահպանեց իշխանությունը պարտության խորհրդանիշի վերածվելուց հետո: Նախորդ օրերին հայաստանյան լրատվականներում հերթական անգամ երևաց արևելքի բռնապետն ադրբեջանական «Նոլդու Փաշինյան» երգի ուղեկցությամբ Արցախում մեքենայով շրջելիս: Եվ քանի որ նիկոլական ուսապարկերն, այնուամենայնիվ, երկոտանի արարածներ են՝ մարդկային ինչ-ինչ գծերով, դրանց վրա ևս ազդել է հայաստանյան լրատվականներով տարածված այդ տեսաժապավենը: Եվ որպեսզի իրենք իրենց ու իրենց ընտրազանգվածին փորձեն հոգեպես հանգստացնել, դրանք ասում են, թե դա հրապարակվել է ներքաղաքական օգտագործման համար:

Եվ քանի որ ինքս ինձ արդեն որերորդ տարին պարտադրել եմ բացել այդ ընտրազանգվածի աչքերը՝ ասեմ, որ դրա կարիքը Իլհամը չի զգում: Ադրբեջանի հասարակությունում Իլհամն արդեն հաստատվել է որպես հաղթանակող առաջնորդ: Իսկ այդ հրապարակումն էլ Նիկոլին և նրա միջոցով՝ ողջ մեր ազգին նվաստացնելու հերթական ակտն է: Ինչից կարող ենք ազատվել, նախ, պարտության խորհրդանիշ անձին պաշտոնից հեռացնելով: Եվ երկրորդ, ինչն, իհարկե, շատ ավելի բարդ գործ է լինելու, Արցախի Հանրապետությունն իր ողջ սահմանադրական տարածքով ազատագրելով:

Հ. Գ. Ինչ մնում է ներքաղաքական օգտագործման գործիքի խնդրին, ապա այն, միևնույն է, Նիկոլի միջնորդությամբ ուղղված է նաև մեզ: Իսկ նման դեպքերում սովորաբար նորմալ պետության իշխանությունն արձագանքում է իրեն հասանելի գործիքակազմով: Եվ ոչ թե իրեն դնում է ռեզինե խողովակի տեղ՝ ինչպես անընդհատ դա տեղի է ունենում ՀՀ իշխանության պարագայում: