«Սիթին» մենաշնորհ է սահմանում եւ հաճախորդ փախցնում փոքրերից

«Սիթին» մենաշնորհ է սահմանում եւ հաճախորդ փախցնում փոքրերից

Էջմիածնի խանութներում եւս պարենային ճգնաժամ է: Առեւտրի միակ կենտրոնը, որտեղից կարելի է շաքարավազ գնել, նորաբաց «սիթին» է` Լֆիկի բիզնես-զավակը: Քաղաքում գործող սուպերմարկետների ու փոքր խանութների տերերը դժգոհում են, թե «սիթին», շաքարավազի ու ձեթի դեֆիցիտի առիթն օգտագործելով, փախցնում է իրենց հաճախորդներին:

Հեղափոխություն կոչվածից հետո եղավ մի պահ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրվեց, ու շուկայում հայտնվեցին այլ խաղացողներ նույնպես: Բայց դա կարճ կյանք ունեցավ՝ ապաշնորհ հեղափոխականների պատճառով. մենաշնորհի դեմ որեւէ լուրջ քայլ չանելով՝ «հեղափոխական» թիմը թույլ տվեց, որ այն կուլ տա այլ ներկրողների: Հիմա շաքարավազը մի կենտրոնից է առաքվում խանութներ ու սուպերմարկետներ: Դրան «6-րդ կասսա» են ասում: Էջմիածնի խանութներից մեկի սեփականատերը՝ Գեւորգը, որ այդ կենտրոնի մշտական հաճախորդներից է, դժգոհում է՝ «6-րդ կասսայում» հրաժարվում են շաքարավազ վաճառել: «Բոլորիդ հայտնի մականունավորն է բերում շաքարը, գինն էլ ինքն է որոշում: Լավ, համաձայն ենք, թող իր որոշած գնով լինի, բայց էդ գնով էլ չի տալիս: Գնում ենք, որ առնենք, ասում են՝ միայն մեր մեքենաներին ենք տալիս: Մեծ կամազներով տանում են «սիթիներ», մեզ հետ էլ շատ կոպիտ են խոսում: Չեն էլ հիմնավորում՝ ինչու չեն տալիս: Չկա ու վերջ՝ ասում են: Իսկ ավելի առաջ, որ դեռ դեֆիցիտ չէր, պարկերը մեքենաների մեջ բարձելիս արգելում էին դրանք հաշվել. գոռում էին, ասում՝ էլ չգաք: Դա մենաշնորհի հետեւանքն է»,-իրավիճակը ներկայացնում է Գեւորգը:

Որպեսզի իրենց խանութներից շաքարավազը չպակասի, Գեւորգն ու իր նման շատ խանութպաններ այն գնում են «սիթիից» եւ վաճառում իրենց խանութներում: «460 դրամով գնում ենք, նույն գնով վաճառում միայն նրա համար, որ կլիենտ չկորցնենք: «Սիթին» էլ 5 կգ-ից ավել չի տալիս: Ստիպված 5-6 հոգի եմ ուղարկում, որ յուրաքանչյուրը 5-ական կիլո բերի, վաճառենք»,- պատմում է մեր զրուցակիցը: Մանրածախ խանութների սեփականատերերը փորձել են «սիթիից» պարկերով շաքարավազ գնել նույնիսկ կգ-ը 500 դրամով, բայց պարկով չեն վաճառել: «Առիթն օգտագործում են՝ հաճախորդ հավաքելու համար: Ու, ցավալիորեն, դա աշխատում է. եթե մարդը մի քանի խանութ մտնում եւ իր ուզածը չի գտնում, ստիպված հասնում է «սիթի» եւ նույն խորհուրդն էլ տալիս է ծանոթներին ու հարեւաններին»: 

Փոքր քաղաքներում մեծ սուպերմարկետների առկայությունը, զրուցակցիս կարծիքով, վնասում է մանր ու միջին խանութներին: «Սուպերմարկետից առեւտուր անելը դառնում է սովորություն: Սա շատ խոր մտածված քայլ է, որը պետք է օրենքով արգելվի: Ներկրողը չպետք է մանրածախի իրավունք ունենա: Հ1-ը նայում՝ ներվայնանում ես, կարելի՞ է էդքան նենգափոխել իրականությունը: Լավ, եթե չեք ուզում ապրանքի դեֆիցիտի մասին ճշմարտությունն ասելով խուճապ տարածել, գոնե բարի եղեք՝ ազդեք ներկրողի վրա, որ արհեստական խնդիրներ չառաջացնի»:

Զրուցակցիս ասելով՝ նույն վիճակն է նաեւ ձեթի շուկայում: Իսկ կանադական նրբերշիկը, որը, ըստ նրա, վերամշակված սննդամթերքի ցանկում ամենապահանջվածներից է, պարբերաբար դեֆիցիտ է դառնում դարձյալ նույն ներկրողի՝ Սամվել Ալեքսանյանի հնարքով: «Հենց սկսում է պակասել, ինքը պահում է, խանութներին չի տալիս, որ մենակ ինքը ծախի: Անցած նոյեմբեր-դեկտեմբերին նման վիճակում հայտնվեցինք: Ստիպված «սիթիից» 780 դրամով գնեցի, նույն գնով դրեցի խանութում, որ հաճախորդ չկորցնեմ»: