Արցախում մարդիկ զրկված են ապրելու իրավունքից

Արցախում մարդիկ զրկված են ապրելու իրավունքից

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ադրբեջանցիները պայթեցրել են ողջ Արցախը սնուցող գազի խողովակը: Արցախում 90-ականներն են: Գազ չկա: Գազի բալոնը գյուղերում ճոխություն է: Օրերս ինչ-որ կամավորներ բալոններ էին ուղարկել Ստեփանակերտ: Բալոնների համար հերթ էր գոյացել: Գյուղերում փայտ են վառում: Վառարաններով ջուր, ճաշ են տաքացնում: Ստեփանակերտը զրկված է այդ հնարավորությունից: Այստեղ տաքանում են հոսանքով: Հոսանքի 1 կիլովատն արժե 25 դրամ՝ պետության կողմից սուբսիդավորվող մասը հանած: Էլեկտրաէներգիայի մատակարարումը եւս պարբերաբար ընդհատվում է: 

«Մեզ մոտ ամեն ինչ ահավոր թանկացել է: Տաքանում ենք հոսանքով: Ոչ մի օգնություն չկա: Գոյատեւում ենք: Անցյալ ամիս աշխատավարձը շատ ուշ տվեցին: Քովիդով հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմին պետք է լրացուցիչ վճարեին: Բայց խոստացված հավելավճարը չեն տալիս: Հիմա պայքարի մեջ ենք, որ ստանանք մեր փողերը»,- պատմում է Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներից մեկը: Գազատարը, որը սնում է Արցախը, անցնում է Ադրբեջանի վերահսկողության տարածքով: Խաղաղապահները փորձում են միջնորդել, որ այն վերականգնվի, սակայն Ադրբեջանը խաղաղապահներին բանի տեղ չի դնում: Արցախցիներն ասում են, որ ռուս խաղաղապահներին արգելել են մոտենալ գազատարին: 

Ցուրտ է: Երեկ Ստեփանակերտում առատ ձյուն է տեղացել: «Հենց հիմա քամոտ ձյուն է գալիս, անասելի ցուրտ է: Մենք այսքան տարի Արցախում այսպիսի եղանակ չէինք տեսել»,- ասում է ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` «Արդարություն» կուսակցությունից: Նա մեզ հետ զրուցելու պահին շրջում էր Ստեփանակերտով: «Մարդիկ բողոքել են, վթար է եղել, հոսանքն անջատվել է, փորձում ենք կարգավորել: Սա է վիճակը: Ամեն օր ասում են, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու` գազատարի վերականգնման շուրջ, բայց մենք տեսնում ենք, որ կա՛մ բանակցություններ չկան, կա՛մ էլ դրանց ժամանակ դրական լուծում չի տրվում, որովհետեւ այն պաշտոնյաները, որոնց պետք է կանչեին դրական արդյունքի դեպքում, եթե գազատարի վերականգնման մասին պայմանավորվեին, դեռ չեն կանչվել»,- ասում է պատգամավորը: 

Նա ՀՀ վարչապետից որեւէ ակնկալիք չունի: «Նրա անունը Նիկոլ Փաշինյան է, հետեւապես՝ նա ոչինչ էլ չի անելու արցախցիների համար: Իսկ ի՞նչ պիտի աներ: Պետք էր մեծ աղմուկ բարձրացնել, դաշնակիցներին դիմեր, այն ամենն աներ, ինչ պետք է անի հումանիտար աղետում գտնվող երկրի ղեկավարը՝ այն փրկելու համար: Մեր պետական մարմինների, մեր ԱԺ ձայնը լսելի չէ աշխարհում, մենք պետք է դիմենք աշխարհի ու ԵԱՀԿ նախագահող երկրներին, քննարկումներ անել եւ ճանաչել Արցախի ճանաչումը, որովհետեւ այսպիսի աղետալի վիճակում Արցախը չի եղել նույնիսկ պատերազմի ժամանակ»,- նշեց Մետաքսե Հակոբյանը: 

Ըստ նրա՝ Արցախում մարդիկ զրկված են ապրելու իրավունքից: «Երեխաներն են զրկված կրթվելու իրավունքից: Մենք պարզապես գարնանային արձակուրդներն առաջ տվեցինք, որովհետեւ այս պայմաններում չեն կարող դպրոց գնալ, բայց դա հարցի լուծում չէ: Ամեն բան այսօր մասնակի է աշխատում: Սննդի այն կետերը, որոնք ինչ-որ բան պատրաստում էին, հիմա չեն աշխատում, հացի փռերը, որոնք գազ էին օգտագործում, կանգնել են: Սով կամ խուճապ չէ: Գիտակցում ենք, որ լուրջ անվտանգային խնդրի առաջ ենք: Թշնամին ինչ ուզում, անում է»: 

Երեկ Երեւանի քաղաքապետը, պատասխանելով ավագանու անդամի հարցին, թե ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել Արցախի համար, որտեղ հումանիտար աղետ է, ասել է, որ Արցախին օգնելու կարիք այս պահին չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեիք: Արցախցի պատգամավորը «Հրապարակին» ասաց. «Եթե քաղաքապետարանում մտածում են, որ մենք սովից մեռնելու ենք, իրենք էլ գան, մեզ ուտելիք տան, քավ լիցի, այդ վիճակում չենք: Յուրաքանչյուրս էլ պատրաստ ենք մեկս մյուսին օգնել: Բայց այս օրերին մեզ պետք է, որ պաշտոնյաները գան Արցախ, մեր կողքին լինեն: Այս օրերին շատ արցախցի պաշտոնյաներ, պատգամավորներ մեկնում են Երեւան՝ հանդիպումների, քննարկումների, ինձ էլ առաջարկեցին, բայց ես մերժեցի, քանի որ այս պահին չկա ավելի հրատապ հարց, քան արցախցիների կողքին մնալն է: Հանրային մարդկանց, պաշտոնյաների շարժը կարող է խուճապ առաջացնել: Մարդիկ Արցախում ֆիզիկական ներկայության պահանջ ունեն: Այսօր ռուս խաղաղապահները, որոնք նույն մեր վիճակին են ու կիսում են մեզ հետ ամեն դժվարություն, որոնք մեզ հետ այստեղ ապրում են, ավելի կտրուկ ու գործուն քայլեր են անում, քան մինչ օրս տեսել էինք»: 

Արցախն այս պահին միջազգային կառույցների կամ պետությունների կողմից որեւէ օգնություն չի ստանում: Ինչ-որ անհատներ են փորձում օգնել: Կուսակցական գործիչներ են այցելում: «Պատիվ ունեմ» կուսակցության ղեկավարն է օրերս այցելել Արցախ: «Այն ամենը, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում, խիստ մտահոգիչ էր… Ցավոք, այսքան բարդ իրավիճակում Հայաստանում չկան իշխանություններ, որ կամք ու վճռականություն դրսեւորեն լուծումներ գտնելու հարցում… Բոլորս ու մեզնից յուրաքանչյուրը, հատկապես՝ քաղաքական ուժերը, պիտի կոնսոլիդացվենք Արցախի շուրջ, պիտի կանգնենք մեր արցախահայության թիկունքին»,- գրել էր նա` վերադարձից հետո։
Պաշտոնական Երեւանը համարում է, որ արցախցիներն օգնության կարիք չունեն: Ճիշտ է, ԱԳՆ-ի մակարդակով պարբերաբար արվում են հայտարարություններ: Վերջինը մարտի 14-ին էր՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ժամանակ խոսվել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունների, գազի մատակարարման խաթարման, բնակչության թիրախավորման մասին, բայց ավելի հնչեղ SOS ազդանշան, որը պետք է ամեն օր հնչեցնի ՀՀ վարչապետը, չկա: