Մարդիկ կային, որ ոգևորված էին Կոսովոյի նախադեպով, կլինեն մարդիկ, որոնք կոգևորվեն Պաղեստինի օրինակով

Մարդիկ կային, որ ոգևորված էին Կոսովոյի նախադեպով, կլինեն մարդիկ, որոնք կոգևորվեն Պաղեստինի օրինակով

Եվրոպական երեք պետություններ՝ Նորվեգիան, Իսպանին և Իռլանդիան այսօր ճանաչել են Պաղեստինի անկախությունը։ 

«Հրապարակի» հետ զրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` վերլուծելով եվրոպական երկրների այս շրջադարձային քայլը` թե որքանով դա կարող է կապ ունենալ օրինակ ԱՄՆ-ի հետ, ասաց, որ վերջին շաբաթներին Միացյալ նահանգների ադմինիստրացիան պարբերաբար հայտարարել է, որ որոշակի տարաձայնություններ ունի Իսրայելի ղեկավարության հետ՝ ռազմական գործողությունների հետ կապված։ Գազայի ու Եգիպտոսի սահմանագծին գտնվող Ռաֆֆա քաղաքի ռազմական գործողությունների հետ կապված Միացյալ Նահանգները բազմաթիվ վերապահումներ ունի։ 

«Ձեր հարցին վերադառնալով, չեմ կարծում, թե սա Միացյալ Նահանգների նախաձեռնությունն է, հատկապես, որ ոչ Վաշինգտոնը, ոչ էլ նրան ավելի մոտ կանգնած որևէ երկիր, չի պատրաստվում ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Ավելի շուտ սա երկու բանի մասին է խոսում` սա ուղիղ հետևանք է այն ցեղասպանական քաղաքականության, որն իրականացնում է Նեթանյահուի կառավարությունը, իսկ այդ քաղաքականությունը խարխլեց Արևմուտքում գոյություն ունեցող կոնսենսուսը՝ Իսրայելին աջակցելու վերաբերյալ։ Նեթանյահուի կառավարության ցեղասպան քաղաքականությունը խարխլել է նաև ներամերիկյան կոնսենսուսը՝ Միացյալ Նահանգներում էլ ենք բազմաթիվ բողոքող ձայներ լսում»,-ասաց Սուրենյանցը։ 

Նեթանյահուն, հենց ինքն իր արկածախնդիր քաղաքականությամբ, պատճառ դարձավ, որ արևմտյան այս երեք երկրները ճանաչեն Պաղեստինի անկախությունը՝ սա ինչ-որ առումով օրինաչափ է, կարծում է քաղաքագետը։ Մեր դիտարկմանը, որ բավականին հետաքրքիր էր այստեղ Իսպանիայի դեպքը, քանի որ կա Կատալոնիայի հարցը, քաղաքագետը նշում է, որ իրավիճակը բացարձակ նույնական չէ, քանի որ Կատալոնիայում Իսպանիայի կառավարությունը բացարձակապես էթնիկ զտումների կամ ցեղասպան քաղաքականություն չի վարում: Ավելին, վստահ չէ, որ կատալոնացիները ձգտում են անկախության, ավելին` վստահ է հակառակում։ Նույնիսկ սոցիոլոգական հարցումներն ու Կատալոնիայի խորհրդարանի ընտրությունները հենց դա են ցույց տալիս, որ այնտեղ ամենևին էլ ակնհայտ չէ, որ հասարակության մեծամասնությունը նման ձգտումներ ունի: 

Իսկ Պաղեստինի այս նախադեպը ինչպե՞ս կարող ենք օգտագործել Արցախի հարցում, Սուրենյանցն ասաց․ «Բացարձակապես չենք կարող օգտագործել, որովհետև ցանկացած կոնֆլիկտ ունիկալ է»։ Քաղաքագետը նշեց, որ մեզ մոտ մարդիկ կային, ովքեր ոգևորված էին Կոսովոյի նախադեպով, և կլինեն նաև մարդիկ, ովքեր կոգևորվեն Պաղեստինի օրինակով։ Աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարբեր ռեգիոնների առանձնահատկություններն են հուշում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչպիսի դիրքավորում պիտի ունենան այս կամ այն կոնֆլիկտի հարցում։

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո անգամ պատժամիջոցներ չեն կիրառվել Ալիևի դեմ։ Ցավոք սրտի, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար Ադրբեջանն այս պահին արժեքավոր գործընկեր է։ Առանց բացառության բոլոր կենտրոնների՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, եթե կուզեք` Չինաստան, կարևոր գործընկեր է և ես չեմ կարծում այս իրավիճակում որևէ մեկը կվտանգի իր շահերը և Հայաստանի հետ դաշինքի կգնա` ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ սա մեկ: Երկրորդը, Լեռնային Ղարաբաղում ցավոք այլևս չեն ապրում հայեր։ Շատ մշուշոտ է, որ որևէ աշխարհաքաղաքական կենտրոն կգնա նման լուծման, էսկալացիայի»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։