Արմեն Գրիգորյանի նշանակումը հետողորմյա՞ են արել․ ո՞վ կնշանակվի ԱԳ նախարար

Արմեն Գրիգորյանի նշանակումը հետողորմյա՞ են արել․ ո՞վ կնշանակվի ԱԳ նախարար

Վարչապետի նշանակումից անմիջապես հետո՝ հրամանագրի թանաքը չչորացած, սկսեցին նշանակվել կառավարության մյուս անդամները։ Առաջին օրը մի մասը, մյուս մասը՝ հաջորդ օրը։ Եւ մենք արդեն ունենք երկու փոխվարչապետ եւ 11 նախարար, որոնք անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ 11-ից միայն 3 նախարարն է նոր՝ արդարադատություն՝ Կարեն Անդրեասյան, Ֆինանսներ՝ Տիգրան Խաչատրյան, Տարածքային կառավարում եւ ենթակառուցվածքներ՝ Գնել Սանոսյան։ Մնացածը հին են՝ 2018-ին կամ ավելի ուշ նշանակված։ 

Այս ցանկում զարմանալիորեն բացակայում է արտաքին գործերի նախարարի անունը։ Ինչպես գիտեք՝ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակելուց հետո լուրեր տարածվեցին, որ նա էլ նշանակվելու է ԱԳ նախարար։ Մեզ անգամ պատմեցին, որ ռուսական արգելքը հաղթահարելու համար, իսկ գաղտնի չէ, որ ՌԴ-ն դեմ էր հակառուսական հայացքներով հայտնի Արմեն Գրիգորյանին ժամանակին ԱԽ քարտուղար, իսկ հիմա՝ ԱԳ նախարար նշանակելուն, ՀՀ իշխանությունը ընդամենը տեղեկացրել է ՌԴ իշխանություններին այս մտադրության մասին եւ նրան պատասխանել են՝ «Ձեր գործն է»։ Ինչը մերոնք գնահատել են որպես թույլտվություն եւ սորոսականին որոշել են նշանակել նախարար։ Ուրեմն ի՞նչն է նրա նշանակումն ուշացնելու պատճառը։

Երեկ մեզ ասացին, որ այս նշանակումը հնարավոր է տեղի չունենա՝ ռուսական կողմն այնուամենայնիվ իր բացասական վերաբերմունքը տեղ է հասցրել։ Իսկ դիվանագիտական նոր փուլ մտնող Հայաստանը, որը Մինսկի խմբի, Ռուսաստանի, Արեւմուտքի հետ մեծաթիվ հարցեր ունի կարգավորելու, չի կարող իրեն նման արտոնություն վերապահել եւ ՌԴ-ի համար անթույլատրելի անձ նշանակել այս պատասխանատու պաշտոնին։ 

Եթե ելնենք այն հանգամանքից, որ «բանակն այլեւս անելիք չունի», քանի որ մեր իշխանությունը որդեգրել է ցանկացած գնով խաղաղություն պահպանելու եւ բանակը կազմալուծելու քաղաքականությունը, ուստի պաշտպանության նախարարությունում կարելի է պատահական մեկին նշանակել, ապա արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչության դերակատարումը գնալով մեծանում է, ուստի այստեղ նման անփութությունը եւ ինչ-ինչ թելադրանքներին տեղիք տալով հայտնի սորոսականին նշանակելը կարող է մեզ համար կործանարար լինել։

Մեր տեղեկություններով, իշխանությունը կրկին վերադարձել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարար նշանակելու մտքին եւ շարունակում են նրան համոզել, որ ստանձնի այդ պաշտոնը։