Փոքրիկ մի կանգառ գրողի անմոռաց ճանապարհին
Թո՛ղ որ երկնից աստղը ժպտա
Իմ աննշան շիրիմին,
Թո՛ղ որ անուշ հովը սուլե՝
Ու երգե ինձ ողորմի։
Շուշանիկ Կուրղինյան
Ամիսներ առաջ այցելել էի հայկական սրբավայրերից մեկը՝ Երեւանի պանթեոն։ Առաջինը հայ նշանավոր պրոլետարական գրող Շուշանիկ Կուրղինյանի այս քառատողը եկավ աչքերիս առաջ, երբ աչքերս արձանագրում էին օրեր առաջ լսածս՝ անհետացել է Շուշանիկ Կուրղինյանի արձանիկը։ Մտքովս անգամ չէր անցնի, որ հայ մարդն ունակ է նման ստորության։ Մի քանի գրոշի համար պղծել գերեզման, այն էլ՝ պանթեոնում։ Ո՞վ է հանել արձանը, ո՞վ է այն գնել որպես մեղաթափոն վաճառելու համար։ Կա՛նգ առեք, մարդիկ, Աստված վերեւից տեսնում է ամեն ինչ․․․
Ալավերդի վերադառնալուն պես ձեռքս առա «Գրական ժառանգություն» մատենաշարով Հայաստանի ԳԱ հրատարակչության կողմից 1981թ․ հրատարակված Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունների, արձակ էջերի, պիեսների, նամակների ժողովածուն: Դրանից առաջ էլ՝ 1978թ․, Երեւանում լույս է տեսել նրա «Հատընտիր»-ը։ Որքան խորանում էի կուրղինյանական մտքի ծալքերում, այնքան ավելի էին ավելանում զարմանքս ու զայրույթս վերը հիշատակված արարքի նկատմամբ։ Կատարվածը կրկնակի խոցելի դարձավ, երբ պարզվեց, որ տարին հոբելյանական է Շուշանիկ Կուրղինյանի համար՝ ծննդյան 145-ամյակը։
․․․․Շուշանիկ Կուրղինյանը (Փոպոլճյան) ծնվել է Ալեքսանդրապոլում, 1876թ․ օգոստոսի 18 (30)-ին, սովորել է տեղի Արղության օրիորդաց դպրոցում եւ գիմնազիայում։ Նրա ստեղծագործությունները միանգամից լայն ճանաչում են գտել, արժանացել բազմաթիվ հրատարակումների, թարգմանվել ռուսերեն եւ այլ լեզուներով։ Նա աչք է բացել գյումրեցի արհեստավորի ընտանիքում։ Աշխատանքի քաղցրությունը, նաեւ՝ տառապանքը, սեփական մաշկին զգացել է դեռ մանկուց։ Ատել է սոցիալական անհավասարությունը եւ լծվել աշխատավորների շահերի պաշտպանության գործին․
Սիրեցե՛ք միմյանց անկեղծ, անարատ,
Ո՛վ էլ որ լինեք, ուր էլ որ ապրեք,
Միայն այդ սիրով կյանքը մեղապարտ
Կարող է հաղթել՝ առանց արհավիրք։
Մարդկային փոխհարաբերությունների նուրբ նկարագրություններ են նրա արձակ էջերը, դրանք սեփական փորձով հաստատված փրկության դեղատոմսեր են: Շատ խոսուն են «Փուշն ու ճամփորդը», «Մայրերը», «Անհաջող ենթադրություն» վերնագրերն անգամ, իսկ իր ասույթներից մեկում նա ընդգծել է․ «Պետք է լայն սիրտ ունենալ՝ նեղ չապրելու համար»։
․․․Ուշադրության արժանի են Կուրղինյանի դրամատիկական գործերը։ Բանվորական միջավայրի հեղինակին հոգեհարազատ նկարագրություններ են դրանք, հեղափոխությանը տրվող գնահատականներ, փոխադարձ վստահության եւ համատեղ պայքարի ընկալելի եւ օրինակելի պատառիկներ։ 1905թ․ հեղափոխությանը նվիրված՝ հինգ գործողությամբ «Կարմիր խաչը» պիեսը, որը, կարծում եմ, շատ արդիական է նաեւ մեր օրերում։ Միշտ էլ գրողների ստեղծագործական կյանքի վրա լույս են սփռում նրա նամակները՝ ուղղված ժամանակի գրողներին եւ մշակույթի գործիչներին։
Պարզվում է, որ շատ չեն եղել Շուշանիկ Կուրղինյանի նամակները։ Ինձ համար հոգեհարազատ էր 1920թ․ դեկտեմբերին Վլադիկավկազից Հովհ․ Թումանյանին ուղարկած նրա նամակը, որի կրկնօրինակն էլ ներկայացնում եմ ընթերցողին՝ չմոռանալով շնորհակալական խոսքեր հասցեագրել իմ լավ բարեկամ, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին եւ աշխատակիցներին՝ այն սիրահոժար ինձ տրամադրելու համար։
Հիմա լիովին համոզված եմ, որ 1927թ․ նոյեմբերի 24-ին Շուշանիկ Կուրղինյանի անժամանակ մահով պարզապես նրա երկրային կյանքը դարձել է երկնային։ Ներկայացնելով մի փոքրիկ կանգառ նրա անմոռաց ճանապարհին, ուժերիս ներածին չափով արժեւորելով նրա ծննդյան 145-ամյակը՝ նպատակադրումս համարում եմ ի կատար ածված:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
Կարծիքներ