Վահե Էնֆիաջյանը ԱՄՆ-ից այստեղ շահել է դատը

Վահե Էնֆիաջյանը ԱՄՆ-ից այստեղ շահել է դատը

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որն տեւական ժամանակ է ԱՄՆ-ում է գտնվում, հայտարարություն է տարածել. «Զրպարտությունը հերքելով` արդարության հետքերով» վերտառությամբ.

Ուղիղ մեկ տարի առաջ «Սոուշըլ Մեդիա» ընկերությունն իր կայքում՝ mamul.am-ում, ենթադրում եմ նպատակ ունենալով արտահերթ ընտրություններին ընդառաջ զրպարտել ինձ, հրապարակել էր․ «Վահե Էնֆիաջյանի օգնականն առաջարկում է գումարի դիմաց գովեստներ գրել Ծառուկյանի մասին և վարկաբեկել Փաշինյանին» վերտառությամբ հոդվածը։  Լրատվականի կողմից հրապարակային կերպով տարածած նյութի բովանդակությունը, բնականաբար, չէր համապատասխանում իրականությանը։

Իրականությանը չհամապատասխանող հոդվածում տարածված փաստական տվյալները արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հոդվածում նշված փաստացի տվյալները բովանդակում էին անձի կողմից անարդարացի վարքագծի դրսևորման, հասարակական և քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, անբարեխղճության վերաբերյալ տեղեկություններ։ Ու քանի որ բացասական բնույթ կրող այդ գործողությունները կատարող անձը ներկայացվում էր որպես իմ օգնական, ապա ակնհայտ է, որ այդ նկարագրված գործողությունների ամբողջ բացասական իմաստը փաստացի վերագրվում էր ինձ։

Հաշվի առնելով նշվածը, դրսևորելով բարեխիղճ վարքագիծ, հույս ունենալով խնդրին տալ արտադատական լուծում, գրությամբ դիմել եմ լրատվական գործակալությանը, ներկայացրել, որ հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և խնդրել եմ օրենսդրությամբ սահմանված կարգով տարածել հերքում։ Այնուհետև, թե իմ աշխատակազմի ներկայացուցիչը, թե անձամբ ես, հեռախոսազրույց եմ ունեցել ընկերության ներկայացուցչի հետ։ Սակայն, լրատվականը վերահաստատել է իր դիրքորոշումը և հայտնել, որ տեղադրված նյութը չի պատրաստվում հերքել։ Հաշվի առնելով լրատվական գործակալության անբարեխիղճ վարքագիծը և անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները դիտավորությամբ տարածելու միտումը, դիմել եմ դատական պաշտպանության։ Թեև զրպարտության դեպքում դատական կարգով կարող էի բացի հերքումից պահանջել նաև ֆինանսական փոխհատուցում, սակայն դա չեմ արել։ Նպատակս մեկն է եղել՝ հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները և վերականգնել արդարությունը։
 Ի վերջո, ուղիղ մեկ տարի անց, դատարանը ևս հաստատված համարեց, որ հոդվածում առկա է իմ անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտող տեղեկություններ և իմ օգտին կայացրած դատական ակտով պարտավորեցրեց «Սոուշըլ Մեդիա» ՍՊ ընկերությանը www.mamul.am կայքում հոդված հրապարակելու միջոցով հրապարակայնորեն հերքել Վահե Սարգսի Էնֆիաջյանին զրպարտող տեղեկությունները»։

Մենք փորձեցինք կապ հաստատել պարոն Էնֆիաջյանի հետ` գործի հետ կապված որոշ մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: ԲՀԿ-ից տեղեկացանք, որ Էնֆիաջյանը դեռևս ԱՄՆ-ում է` մեկնելու պաշտոնական բացատրությունը մայրիկի բուժման խնդիրներն են, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ուղղակի արտագաղթել է ԱՄՆ եւ այնտեղ անգամ աշխատում է: Ընդ որում, ըստ որոշ լուրերի` սեւ աշխատանք է կատարում: Նա դեռ ամիսներ առաջ էր իր ֆեյսբուքյան էջում գրել, որ մայրիկի առողջական խնդիրների պատճառով մեկնում է ԱՄՆ: Ըստ ամենայնի, ԲՀԿ-ի հետ հարաբերությունները խզվել են, իսկ Քաղպայմանագրի հետ ինչ-որ բան գլուխ չի եկել: