Այդ մարդը պատրաստ է մեր ճանապարհներն էլ հանձնել, հայրենիքն էլ

Այդ մարդը պատրաստ է մեր ճանապարհներն էլ հանձնել, հայրենիքն էլ

«Հրապարակի» զրուցակիցը «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է:

- Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանն ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Այն որքանո՞վ էր բխում հայկակական կողմի շահերից և որքանո՞վ` թշնամի պետության:

- Գործող իշխանությունների հանդիպումներից միանշանակ օգուտներ պետք չէ սպասել: Եթե հիշում եք` մինչև 44-օրյա պատերազմն էլ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե իբրև չի բանակցում, բայց պարզվեց, որ բանակցություններ տեղի ունենում են, և տեղի են ունենում հող հանձնելու և ցեղասպանության շուրջ: Հետևաբար նման հանդիպումներից դրական ազդակներ ես չունեմ: Փորձն է ապացուցում: Ինչ վերաբերում է ապագային, ապա թեժ պատերազմական գործողությունների վերսկսման բոլոր նախադրյալները կան: Գործող իշխանություններն այդ ամենի դեմն առնելու, դիրքորոշում հայտնելու հնարավորություններ չունեն:

- Հայտարարության մեջ կան որոշակի կետեր: Օրինակ, նշվում է, որ քննարկվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Ի՞նչ է սա նշանակում:

- Եկեք առանձին կետերին չանդրադառնանք, անդրադառնանք իրական փաստերին, որովհետև դրանք թղթի վրա գրված են, մինչև այդ էլ թղթի վրա շատ բաներ գրված էին, սակայն իրականությանը չէին համապատասխանում: Տեսեք` ինչ է տեղի ունենում մեր սահմաններում: Վերջերս նորից ունեցանք զոհեր, նաև Քարագլխի հատվածում: Թշնամին այս պահին Սև լճի հատվածում է: Սա բացահայտ ոտնձգություն է: Մտել են մեր սահման, դիրքեր են դրել, 21 կմ տարածք Գորիս-Կապան ճանապարհից հանձնվեց թուրքին, սակայն այդ մասին ոչինչ ասված չէր, բայց Նիկոլը հանձնել է չէ՞: Ի՞նչ գիտեր, որ պետք է հանձներ այդ հողերը, եթե չկար դեմարկացիա, դելիմիտացիա: Երբեք չի եղել նման բան: Դարեր շարունակ մենք այդ ճանապարհն օգտագործել ենք: Գորիս-Կապան ճանապարհը երբեք կասկածի տակ չի եղել: Չունենալով որևէ համարժեք փաստաթուղթ, մարդը այն հանձնել է թշնամուն, հիմա ի՞նչ եք ուզում, ակնկալո՞ւմ եք, որ նա ինչ-որ բաների շուրջ կարող է պայմանավորվե՞լ, բանակցե՞լ: Ոչ: Պայմանավորվածություններն ու բանակցությունները փաստաթղթերից պետք չէ սպասել: Այդ մարդն ամեն ինչի պատրաստ է: Մենք տեսել ենք: Նա պատրաստ է մեր ճանապարահներն էլ հանձնել, մեր հայրենքն էլ հանձնել, ցեղասպանության էլ ենթարկել: Եկեք դիտարկենք հակասությունները. մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումներ իրականացնել: Դե հիմա թող մի կետ էլ մտցներ հենց էթնիկ զտումների մասին: Ինչո՞ւ չմտցրեց: Նա կառավարության նիստի ժամանակ հայտարարեց այդ սպառնալիքի մասին: Թող հիմա բացատրեր, ինչ-որ մի փաստաթուղթ առաջարկեր, խոսեր:

- Այդ հանդիպումից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի վարչապետը համաձայնել է խաղաղության պայմանագրին կնքմանը: Հիմա հարց է առաջանում, իսկ վարչապետը կարո՞ղ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը` որպես Ադրբեջանի մաս:

- Նա պատրաստ է ամեն ինչի: Այդ մասին ինքը դեռ 2000-ականների սկզբից բարձրաձայնել է: Արցախի զգալի մի մասը նա իր ստորագրությամբ հանձնել է: Ոչ թե պարտությամբ, ոչ, մեր բանակը չի պարտվել, այլ մեր հողերը հանձնել են: Հիմա ի՞նչ եք սպասում: Այդ հանձնման մեջ ամեն ինչը չի՞ մտնում: Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Առանց Արցախ, չկա Հայաստան: Եթե այդ մարդը մի ստորագրությամբ Արցախի մեծ մասը հանձնել է, հետագայում նաև փաստացի զորքը հետ է քաշել, Արցախից դուրս ենք եկել ստորագրությամբ: Ընդամենը 2,5 շրջան ենք մենք պարտվել, դրանք էլ կարող էինք վերականգնել:

- Նշում եք, որ դրական առումով այդ հանդիպումից ոչինչ պետք չէ սպասել: Իսկ բացասական առումով ի՞նչ սպասել:

- Ադրբեջանը հիմա զորավարժություններ է անում: Եթե մարդը խաղաղ ապրել է ուզում, ինչո՞ւ է զորավարժություններ անում: Վերջերս էլ նոր սպառազինություն են գնել, բավականին թանկարժեք: Ի՞նչ է, Ադրբեջանն ուրիշ խնդիրներ չունի՞: Գումարները ծախսելու ուրիշ տեղ չկա՞: Իհարկե, կա: Հազարավոր խնդիրներ ունի Ադրբեջանը: Հետևաբար, այս ամենը վերլուծելով մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի օրակարգում խաղաղության ծրագիր չկա: Անկախ նրանից, թե դու ինչ ես ցանկանում, պետք է հասկանաս, թե դիմացինդ ինչ է ցանկանում: Խաղաղության մտադրությունը գոնե ինչ-որ կետերում պետք է համընկնեն քեզ հետ: Բայց երբ ոչ մի համընկնող կետ չկա, դու ի՞նչ ես ուզում իրենցից: Ի՞նչ ես ակնկալում: Ոչ մի համընկնում չկա, հակառակը` կան հակասություններ: Ես չեմ, չէ՞, հայտարարել, որ Երևանը, Գեղարքունիքը, Ադրբեջան է, գալու ենք, Հայաստան չպետք է լինի և այլն: Ես չեմ, չէ՞, հայտարարել այդ մասին: Հայտարարել են թուրքերը` Նիկոլի գործընկերները: