Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 19

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 19

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսաներորդ՝ ապրիլի 19:

2018թ․ ապրիլի 19
Երեւանում եւ մարզերում հանրահավաքներ են, փակվել են բազմաթիվ փողոցներ, շրջափակված են պետական գերատեսչությունների շենքեր: Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցնում են՝ Դուք ուրիշին ասում էիք՝ դու царь и бог-ն ե՞ս, ո՞վ ես, որ 100 հազար մարդու փոխարեն որոշես՝ էսօր հանրահավաք անում ես, էսօր չես անում, հիմա Դուք այդ նույն գործառույթը չե՞ք վերցրել Ձեզ վրա: «Ես, ճիշտ ասած, царь и бог-ի ֆունկցիայի հավակնություններ չունեմ: Ինչ վերաբերում է իմ ելույթին, ես այնքան շատ ելույթներ եմ ունեցել, պետք է տեսնեմ ինչ եմ ասել, որովհետեւ Ձեր ասած կոնտեքստն ինձ համար անծանոթ է»,- պատասխանում է նա: Հետո պիտի պարզվեր, որ հիշողության «հովհարաձեւ անջատումները» հատուկ են ՔՊ-ականներին: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, անգամ տեսանյութերի առկայության պարագայում, չհիշեց, որ, սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ տարված, խոստանում էր կորոնավիրուսը տնական օղով վնասազերծել:

«Երկու օրական» վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է․ «Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է: Իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»: Այնժամ «Սերժին մերժող» Նիկոլ Փաշինյանը հիմա նույն բանն է ասում: Հիմա՝ հազարավոր երիտասարդների մահվանից ու հսկայական տարածքներ կորցնելուց հետո:

2019թ․ ապրիլի 19
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը պնդում է, որ 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար փաստաթուղթը վերանայման կարիք ունի: 2007 թվականից մինչ այսօր տեղի են ունեցել շատ կարեւոր փոփոխություններ: Նկատելի է դիմակայության էական աճ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը մեծ դերակատարում ունի մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը, ու ակնհայտ է, որ Թուրքիան գնալով ավելի է մխրճվում ղարաբաղյան պատերազմի մեջ: Քաղաքացու երջանկության եւ հաղթանակի համար իշխանության եկած ուժն անտեսում է հիմնավոր կարծիքը: Այլ փորձագետներ նկատում են․ գալով իշխանության՝ վարչապետը չի կարողանում իրականացնել այն սպասելիքները, որ ուներ հասարակությունը, նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրում: Իսկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է՝ երկրի համար ամենաաղետալի ղեկավարը թույլ ղեկավարն է։

2020թ․ ապրիլի 19
Ապրիլի 17-ին, ժամը 20:00-ին Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղիղ եթերի նախապատրաստական հատվածը հայտնվում է համացանցում: Պախարակելի ոչինչ չկա՝ Նիկոլ Փաշինյանը ջուր է խմում, մազերն է ուղղում եւ այլն: Հարցը քննարկվում է այլ հարթությունում՝ վարչապետի թիմում կամ Հանրային հեռուստաընկերությունում կան լուրջ բացեր: 

2021թ․ ապրիլի 19
Փաշինյանը շարունակում է այցելել մարզեր, ու փորձագետներն արձանագրում են. դեռեւս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցերն օրենքից դուրս են, բայց ավելի գռեհիկ բան, քան գերեզմանների մոտ ֆոտոսեսիան է, անհնար է պատկերացնել։ Գալիս է կապիտուլյանտը, ծաղիկները տալիս են ձեռքը, գնում է թարմ, իր պատճառով, իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ, որտեղ հանգչում են դեռ կյանք չմտած երիտասարդներ, ֆոտոսեսիա է անում նախընտրական քարոզարշավի համար։ Իր իսկ գցած գերեզմանների ֆոնին արված ֆոտոսեսիան ոչնչով չի տարբերվում Բաքվում բացված ազգային ստորացման պուրակից։ Ֆոտոսեսիան զոհվածների հիշատակի անարգանք է, մեր հասարակության նսեմացում, ստորացում։

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ