Ռեպլիկ. Թուրքիայի դեպքում բնական է, մինչդեռ Հայաստանի…

Ռեպլիկ. Թուրքիայի դեպքում բնական է, մինչդեռ Հայաստանի…

Ճապոնական մի ասույթ կա, որ մոտավորապես այսպես է հնչում. «Կյանքը նման է վառվող լուցկու. լուրջ վերաբերվես՝ ծիծաղելի է, անլուրջ վերաբերվես` վտանգավոր»: Գուցե կյանքի մասով էլ ասույթն ինչ-որ տեղ ճշմարիտ է, բայց կյանքի առանձին պահերի, դրվագների առնչությամբ, հաստատ, ճշմարտություն է: 

Այս անցած մեկ-երկու օրում քաղաքական կյանքում, դիվանագիտական անցուդարձում մի քանի զավեշտական դրվագներ եղան, որոնք ուշադրությունս գրավել են: Սակայն ճապոնական այդ ասույթի նմանությամբ՝ ոչ այն է՝ լուրջ վերաբերվես, դրանց մասին հոդված գրես, ոչ էլ այն է` ծիծաղես եւ անտեսես: Որոշեցի ռեպլիկների շարքով անդրադառնալ:
Չուվուշօղլուի` բոզկուրտներին նմանակող ժեստը

Եթե հավատանք երեկ տարածված լրատվությանը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն իբր բացատրել է, թե ինչու է Քեմալ Աթաթուրքի առաջնորդած «Գորշ գայլերի» հրոսակախմբերի տարբերանշան-ժեստով արձագանքել հայ ցուցարարներին Մոնտեվիդեոյում` Հայոց ցեղասպանության հիշատակման ակցիայի ժամանակ։ Ասել է, որ հայերն անընդունելի, տգեղ ինչ-որ քայլ են արել (ինչը, իհարկե, ամենեւին չի բացառվում), ինքն էլ պատասխանել է: 

Չավուշօղլուի բացատրությունն իրականում ինքնախոստովանություն է առ այն, թե ինքը որքան չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ որքան է զուրկ տարրական դիվանագիտական ինքնատիրապետումից, որ փողոցում ակցիա իրականացնող ցուցարարները կարող են հանգիստ իրեն իջեցնել-հասցնել լեզվակռվի կամ ժեստերով վիրավորելու, հայհոյելու, հաշիվներ մաքրելու մակարդակի: 

Եթե խոսքը չգնար Թուրքիայի ԱԳ նախարարի մասին, այլ քաղաքակիրթ մարդկության շարքերում տեղ ու դեր ունեցող որեւէ երկրի կամ ժողովրդի նախարարի, իհարկե, կարելի էր ասել` ողբամ այն երկրին, որ նման նախարար ունի: Բայց խոսքն այստեղ Թուրքիայի ԱԳ նախարարի մասին է, եւ շան գլուխը հենց այդտեղ է թաքնված: Հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակներից, երբ Միացյալ Թագավորության մեծագույն վարչապետներից մեկը` Դեյվիդ Լլոյդ Ջորջը, գրել է Վերսալյան վեհաժողովին եւ Ազգերի լիգայի ստեղծմանը նվիրված իր հուշերի երկհատորյակը` “The Truth About The Peace Treaties”, եւ երեւի բոլոր ժամանակների համար բացականչել. «Թուրքին ընդունես որպես ջենթլմե՞ն… ա՜յ քեզ աղետ»:   

Թուրքից բարեկրթություն ակնկալելն աղետի աստիճան սխալ մի բան է: Թուրքերը հեռավորարեւելյան տափաստաններից վարգով Եվրոպա հասած եւ, դժբախտաբար, արդեն քանի դար այստեղ մնացած ցեղախմբերից են սերում, որոնց էության խորքում օրինաչափ է, որ անկրթության, վայրագության, խաժամուժի մակարդակ լինի: Չավուշօղլուի դեպքում` նույնպես:

Մանավանդ՝ այս օրերին երեւի դեր է կատարել այն, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Թուրքիայի քամելեոնությունը սկսել է հենց Թուրքիային հարվածել, Հարավային Կովկասում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներգրավման ակտիվացմամբ ՀՀ Սյունիքի տարածքով դեպի Ադրբեջան ճանապարհ ստանալու մարմաջներն են առհավետ անէացել, Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ու ջախջախմանը զուգահեռ` Սեւրի դաշնագրով հայությանը տրված իրավունքների թեման սփյուռքահայության կողմից միջազգային ասպարեզ բերելու հնարավորություն է ուրվագծվել, իսկ Սեւրյան Հայաստանի թեման, եթե միայն քաղաքական-լրատվական հարթությունում էլ հոլովվի, Թուրքիայի համար անհամեմատ մեծ խնդիրներ է ստեղծելու, քան ցեղասպանության թեման էր 1919-ի ապրիլի 24-ից ի վեր ստեղծել: Ի վերջո, հայության դեմ ներքին նյարդայնության արտահայտություն չէ՞ր, որ այս տարի Ստամբուլի նահանգապետարանը 2010-ից ի վեր առաջին անգամ արգելել էր Պոլսի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում անցկացնել։ 

Հետեւաբար, զարմանալի չէ, որ Չավուշօղլուն ուրուգվայահայ ցուցարարների արարքից (ինչ էլ այն լիներ) այնքան է ափերից դուրս եկել եւ ինքնատիրապետումը կորցրել, որ Աթաթուրքին ու բոզկուրտներին է հիշել: Ձեռքի ժեստով Չավուշօղլուն խոստովանել է, որ այդ տափաստանային խաժամուժի մակարդակին է գտնվում, ինչը վերջնահաշվում օրինաչափ է, եւ գոնե թուրքերի հետ պատմականորեն առնչություն ունեցած որեւէ ժողովրդի` հայերին, հույներին, արաբներին, բուլղարներին, ռումիններին, սերբերին, չպետք է զարմացնի:

Փոխարենը, այն, ինչ Հայաստանի նախկին նախագահներից երկուսը կամ գոնե մեկն էր իրեն թույլ ապրիլի 23-ին Երեւանի կենտրոնական հրապարակում, երբ կանգնած նայել է, թե ինչպես են ցույցի դուրս եկած մարդիկ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներ այրում, այդ կրակից ջահեր վառում ու երթով Ծիծեռնակաբերդ ուղղվում, ե՛ւ զարմանալի է, ե՛ւ անվայել: Երբ ՀՅԴ երիտասարդական թեւի պատանիներն են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները համարյա ծիսականությամբ կրակին հանձնում Երեւանի կենտրոնում ու դրանից խանդավառվում,  հավատում, թե գործ են անում, կարող ես դա պատանեկան խենթությանը, չչափավորված զգացմունքայնությանը վերագրել եւ անցնել, բայց երբ երկրի նախագահի (նշանակություն չունի` նախկին, թե ներկա) ներկայությամբ է դրոշ այրվում, դա ատելությունից գալարվելու, անուժ լինելու, սթափություն կորցնելու այնպիսի հրապարակային արձանագրում է, որի համար կարելի է միայն ափսոսել եւ ցավել: