Գեներալ Միքայել Արզումանյանի ընտանիքին հանում են ՊՆ տրամադրած բնակարանից

Գեներալ Միքայել Արզումանյանի ընտանիքին հանում են ՊՆ տրամադրած բնակարանից

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը 2022 թվականից կալանքի տակ է: Նրա կինն ու որդիները ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով վերացնել մի վարչական ակտ, որով Միքայել Արզումանյանին եւ նրա ընտանիքի անդամներին պարտադրում են ազատել Հասրաթյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանը: 

Սա այն շենքն է, որտեղ նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ էին հատկացրել համակարգի զինծառայող չհանդիսացող եւ ՀՀ գրանցում չունեցող անձանց, եւ որի վերաբերյալ անցյալ տարվա հոկտեմբերից քրեական վարույթ կա նախաձեռնված: Դրա շրջանակներում Վիգեն Սարգսյանի եւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 
Ըստ դատախազության՝ Վիգեն Սարգսյանը, «անտեսելով կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրված 26 զինծառայողների, ինչպես նաեւ նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք հոգու»: 

Նրանց թվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի կայացրած ակտով, Արզումանյանին հատկացված բնակարանը պետք է հետ վերադարձվի նախարարությանը: Արզումանյանները ծանուցում են ստացել, սակայն համաձայն չեն այս որոշման հետ եւ դիմել են վարչական դատարան: 

Ըստ դատախազության՝ ապօրինաբար բնակարաններ են ստացել նաեւ զինծառայության եւ ՀՀ ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ: Օրինակ, Թալիշում Արցախի կառավարության նախկին ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանը, ով ժամանակին եղել է զինծառայող, սակայն բնակարանային հերթում չի եղել, նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, ով մինչ այդ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդն է եղել: 

Գործով անցնող 29 անձանցից բացառություն է արվել նրանց համար, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են լինելու թոշակի անցնելուց հետո: Իրականում սա բարդ, խճճված գործ է, գոնե արցախցիների մասով, որոնք մի քանի օրում կորցրին ամեն ինչ եւ այժմ գտնվում են սոցիալական անդունդի եզրին: 

ՊՆ մեր աղբյուրը բացատրում է, թե ինչ տրամաբանությամբ են բնակարանները հետ վերցվում տերերից։ «Մեր միջոցով է, բայց դա մեր որոշումը չէ: Միքայել Արզումանյանին եւ մյուսներին բնակարանները հատկացվել են առանց բնակարանում հաշվառվելու իրավունքի: Բնակարանում մարդը կարող է բնակվել, եթե նա բնակհաշվառման է կանգնած կամ էլ առնվազն ծառայում է ՀՀ-ում: Այս բնակարանները ծառայողական բնակարաններ են, եւ այս պահի դրությամբ, քանի որ դրանք ծառայողական նշանակության բնակարաններ են, եւ Արզումանյաններն այդտեղ փաստացի բնակվելու իրավունք չեն ունեցել, դատախազությունից մեզ գրություն եկավ, որ միջոցներ ձեռնարկենք բնակարաններն ազատելու ուղղությամբ: Մենք հանձնաժողովի նիստով քննարկեցինք, հասկացանք, որ իրենք բնակարանային հերթում էլ չեն եղել: Սա հանձնաժողովով անցած որոշում է, եւ հանձնաժողովը նիստ արեց ու որոշեց, որ այս մարդիկ տվյալ բնակարաններում ապրելու հիմք չունեն: Նիստի որոշման վերաբերյալ ծանուցումներ ենք ուղարկել, Արզումանյանները դատարան են դիմել: Մենք որքան էլ հարգում ենք գեներալ Միքայել Արզումանյանին, առաջնորդվում ենք օրենքով»,- հայտնեց ՊՆ աղբյուրը: Հարգում են, բայց մարդը մոտ 2 տարի կալանավորված է` անբացատրելի ու չհաստատվող մի մեղադրանքով, որով ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա:

Եվ հիմա, երբ գեներալի ընտանիքն ապրելու տեղ չունի, Հայաստանի իշխանությունները որոշել են օրենքի տառը պահել եւ նրանց վտարել ծառայողական բնակարանից: Հիշեցնենք․ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, վաճառել է իր երեւանյան բնակարանը, ապրում է ԱՄՆ Բելմոնտ քաղաքում, իր իսկ խոսքերով՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում: