Դա կարող է ընկալվել որպես դիապղծում եվ հոգեբանական կտտանք ծնողների դեմ

Դա կարող է ընկալվել որպես դիապղծում եվ հոգեբանական կտտանք ծնողների դեմ

Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կորած զինվորների հարազատների հետ, Աբովյանի տուբդիսպանսերում պահվող դիակների թեմայով քննարկում է ունեցել նրանց հետ։ Ծնողների աչքի առաջ տուբդիսպանսերի վարիչին՝ Անրի Ավագյանին, ոստիկանները, թեւերը ոլորած, բերման են ենթարկել։ Ծնողները հիմա էլ համոզված են, որ Անրի Ավագյանը ձերբակալված է, եւ մեզանից իմացան, որ նրան բաց են թողել։ Փաստորեն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շոու է կազմակերպել զոհվածների ծնողների համար։
«Հանդիպման ժամանակ նա ասում էր, որ դա իր բացթողումն է, նա չի հրաժարվում դրանից, բայց մենք էլ ենք հասկանում, որ նախարարը չի կարող առավոտ շուտ վեր կենա ու մորգերով պտտվի, բայց դա չի նշանակում, որ իր կառույցում բարդակ պետք է լինի, ու ինքը տեղյակ չպետք է լինի իր ղեկավարած նախարարությունում»,-  ասում է կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։ 

Նա վստահեցնում է, որ նոր տեսանյութ ունի, որում երեւում է, թե ինչպես են մարմինները բերում Աբովյանի տուբդիսպանսեր, ինչպես են հանում բեռնատարից ու տեղափոխում։ «Ամեն ինչ ունենք, նկարված է»,- տեղեկացնում է Արսեն Ղուկասյանը։ Իսկ առողջապահության նախարարությունն արդեն երրորդ անգամ անհաջող իմիտացիա է ստեղծում, թե զբաղվում է Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի սարսափելի գտածոյով, ընդ որում՝ բոլոր արձագանքները բովանդակային առումով հակասում են մեկը մյուսին։

Երբ ցելոֆանե տոպրակներում պահվող դիակների լուսանկարը տարածվեց, նախարարը հայտարարեց, որ «դիակները ժամանակավորապես պահվում են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, որտեղ պահման պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին»։ Կորածներից մեկի հարազատ  Արսեն Ղուկասյանին զայրացրել էր նախարարի սուտը, եւ նա «լայվի» միջոցով ժամանակ տվեց նախարարին՝ ներողություն խնդրելու համար, եւ սպառնաց, որ հակառակ դեպքում սենսացիոն տեսանյութ կհրապարակի։ 
Սրան հետեւեց նախարարի ներողությունը, բայց սենսացիան, այնուամենայնիվ, կայացավ, դիսպանսերի դիակույտերն ի ցույց դրվեցին հանրությանը, իսկ առողջապահության նախարարությունը, կրկին դեպքերի հետեւից մի կերպ հասցնելով, ուշացած ու անարդար որոշում ընդունեց՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչին եւ 2 աշխատակիցների ազատելով աշխատանքից:

Ստացվում է, որ համահայկական այս խայտառակության պատասխանատուներն Աբովյանի դիահերձարանի երկու-երեք խեղճուկրակ աշխատողներն են, իսկ մյուսները՝ առողջապահության նախարար Ավանեսյանը, գլխավոր դատաբժիշկ Բիշարյանը, ՊՆ-ն՝ ողջ անձնակազմով, կարող են շարունակել գոհ ապրե՞լ։ Մեր հարցին արձագանքելով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանն ասաց, որ ԶՈՒ գլխավոր շտաբը չի զբաղվում սպանվածներով, ծնողներին տեղեկացումը բացառապես զինկոմիսարիատների գործառույթն է, որոնք ՊՆ անմիջական ենթակայության տակ են։ 

«Զորակոչի ժամանակ գլխավոր շտաբի եւ զինկոմիսարիատների գործառույթներն առանձնացված են։ Այն ամենը, ինչ վերաբերում է մոբ ռեզերվին, ծնողների տեղեկացմանը, զինծառայողի մահվան դեպքում զինկոմիսարիատների իրավասության ներքո է։ Նրանք են տեղեկացնում ծնողներին, դա պաշտպանության նախարարության գործունեության դաշտն է։ Բանակը չի վերահսկում զոհվածների դուրսբերումը։ Բանակը կարող է վերցնել մարմինը մարտի դաշտից եւ փոխանցել, ընդամենը։ Ես հանդիպել եմ որոշ ծնողների հետ, որոնք ինձ պատմել են, թե ինչպես են իրենք այդ մասին իմացել։ Նախ՝ կոդային թվերը հաճախ չեն համապատասխանել հերթական համարին, սա նշանակում է, որ Երեւան են մարմինները բերվել տարբեր ճանապարհներով, եւ եթե դրանք բերվել են Ղարաբաղից, բացառվում է, որ Արցախի առողջապահության նախարարությունը տեղյակ չլինի, որ Արցախի նախագահն ու պետնախարարը տեղյակ չլինեն, որ տեղյակ չլինեն Արցախի այլ պետական կառույցները, որոնք առնչվել են դիակների տեղափոխմանը»,- ասաց Վլադիմիր Պողոսյանը։  

Մեր հարցին, թե արդյոք ՀՀ ՊՆ-ի դեմ գործ չպե՞տք է հարուցվի, արդյոք այն չի՞ վերահսկում դիերը հանձնելու գործընթացը, զինվորականը պատասխանեց․ «ՊՆ-ն անպայման պետք է տեղյակ լիներ, պետք է տեղյակ լինեին ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն ու զինկոմիսարիատները։ Սա մեկ-երկու մարդու պատասխանատվության խնդիր չէ։ Այո, պետք է հարուցվեին քրեական գործեր, եւ ոչ միայն մարմինների պահպանման հարցում ծառայողական անփութության հանցակազմով։ Այն, ինչ կատարվել է մարմինների հետ, նաեւ կարող է գնահատվել որպես դիապղծում, ընկալվել որպես զոհվածների ծնողների վրա հոգեբանական ներազդում։ Միջազգային իրավունքում դա հոգեբանական կտտանքի ենթարկել է համարվում։ Այլ կերպ ասած՝ բոլոր առանցքային մարմինների աշխատակիցների դեմ պետք է քրեական գործեր հարուցվեն, այդ թվում՝ վարչապետի, առողջապահության նախարարի, գլխավոր բժիշկների։ Թե չէ՝ սլաքավարներին են պատժում»։