Նրանք հպարտանում են Հայաստանին ու Արցախին խեղճացնելու քայլերով

Նրանք հպարտանում են Հայաստանին ու Արցախին խեղճացնելու քայլերով

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն այս տարվա մայիսի 26-28-ը մասնակցել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող Նեւյան միջազգային բնապահպանական համաժողովին (Невский международный экологический конгресс): 2008 թվականից անցկացվող այս ամենամյա համաժողովը բնապահպանական ոլորտում միջազգային համագործակցության եւ փորձի փոխանակման հարթակ է: Ու ինչպես Ադրբեջանն էր մինչեւ 44-օրյա պատերազմն ու Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան բոլոր հարթակներում դժգոհում, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը, ու դրա համար, ասենք, մարդու իրավունքների խախտումներ են լինում, այնպես էլ հիմա Հայաստանի թավշյա նախարարները բոլոր հարթակներում դժգոհում են Ադրբեջանից: Ռոմանոս Պետրոսյանի գործուղման հաշվետվության համաձայն,  բնապահպանական համաժողովում նա ասել է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանն արգելված զենք է օգտագործել, ու բնապահպանական ճգնաժամ ունենք: 

Նախարարը պիտի որ լսած լիներ իր վարչապետի պնդումը, թե հպարտ է 44-օրյա պատերազմի ելքով՝ Հայաստանի պարտությամբ: Ուրեմն հպարտ է նաեւ Ռոմանոս Պետրոսյանի ասած ճգնաժամով: Իսկ «ճգնաժամը» հին հունարեն «կրիզիս» բառն է, որ նշանակում է վիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամն ի հայտ է բերում անհամաչափություններ, օրինակ՝ պարտությամբ հպարտանալը: Եթե հպարտանում է, ուրեմն հպարտանում է նաեւ ճգնաժամով, ուրեմն նա հպարտանում է, որ Հայաստանն ու Արցախը չունեն նպատակներին հասնելու բավարար միջոցներ, խեղճացած են, Հայաստանում եւ Արցախում անկանխատեսելի իրավիճակներ են ծնվել: Ռոմանոս Պետրոսյանին բնապահպանական համաժողովի էր գործուղել պարտությամբ հպարտ վարչապետը: Հետաքրքիր է, ի լուր աշխարհի պարտությամբ եւ ծննդավայրին խեղճացնելով հպարտանալու հայտարարություն անելը գործուղվածի՞ նախաձեռնությունն է, թե՞ գործուղողի: Ումն էլ լինի, մտքի ճգնաժամ է՝ անհամաչափություն:

Ռոմանոս Պետրոսյանն ասել է նաեւ, որ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականություն կա: Չեն հավատա: Պարտությամբ հպարտին չեն հավատում, բուժում են: Եթե, իհարկե, դեռ բուժման հույս կա:
 

Արեգ Մարգարյան