Երեւանի գլխավոր հատակագծից դուրս կմնան հուշարձանների շրջակա գոտիները 

Երեւանի գլխավոր հատակագծից դուրս կմնան հուշարձանների շրջակա գոտիները 

Օրերս գրեցինք, որ կառավարության մայիսի 30-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, վարչապետի կողմից ստորագրվել է նախագծային մի փաթեթ, որն իրենից ներկայացնում է Երեւանի գլխավոր հատակագծի մշակման կարգը, որի հիման վրա էլ մինչեւ հուլիսի 1-ը պետք է մշակվի ու հաստատվի գլխավոր հատակագիծը: 
Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ ոչ միայն հանրային քննարկման չի դրվել, այլեւ չի ընդունել մի շարք գերատեսչությունների դիտարկումներն ու առաջարկները` մերժելով դրանք: 

Հետաքրքիր է հուշարձանների, դրանց պահպանական գոտիների մասով նախագիծը մշակած մարմնի` քաղաքապետարանի դիրքորոշումը: Օրինակ, նախագծի վերաբերյալ ԿԳՄՍՆ-ի դիտարկումը, ըստ որի՝ ներկայացված նախագծում ընդգրկված փոփոխություններն ընդունելի չեն, քանզի դրանք չեն արտացոլում հուշարձանների պահպանական գոտիները եւ կհանդիսանան խնդիրների առաջացման հիմք, չի ընդունվել: 

«Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 16-րդ հոդվածի՝ «Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների եւ մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման եւ կառուցապատման նախագծերի համար: Համաձայն ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ի N 438 որոշման՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման» կարգի 38-րդ կետի՝ «Հուշարձաններ ունեցող բնակավայրերում հուշարձանների պահպանությունը եւ անխաթարությունն ապահովելու նպատակով ՀՀ օրենսդրությանը համապատասխան մշակվում են բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման եւ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ծրագրային փաստաթղթեր են բնակավայրի գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման եւ գոտեւորման նախագծերի կազմման համար»,- որպես առաջարկ-դիտարկում՝ արվել է ԿԳՄՍՆ-ի կողմից, ինչը մերժվել է, եւ որպես հիմնավորում նշվել է. 

««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետի համաձայն՝ լիազոր մարմինը կազմում եւ սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նշված գոտիները սահմանելու եւ որպես հետեւանք նշված հողամասերի համապատասխան իրավական ռեժիմը պարտադիր դարձնելու հանգամանքը կապված չէ գլխավոր հատակագծում գոտիները սահմանված լինել կամ չլինելու հանգամանքի հետ, բացի այդ, գտնում ենք, որ նպատակահարմար չէ նույն իրավասությունը, լիազոր մարմնից բացի, նաեւ համայնքի ավագանուն վերապահելը՝ գլխավոր հատակագծում դրանք սահմանելու կամ ամրագրելու միջոցով»: 

Ոլորտի մասնագետներից մեկի դիտարկմամբ, սրանով քաղաքապետարանը կանաչ լույս է վառում կառուցապատողների եւ ոչ միայն նրանց համար. «Նախկինում ամրագրված էր, որ ելակետային տվյալների մեջ պետք է լինեն պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիները, հիմա՝ ներկայիս նախագծի մեջ դարձել է այնպես, որ պետք է լինեն միայն հուշարձան-շենքերը, իսկ դրանց պահպանական գոտիները ցույց չեն տրվելու: Մինչդեռ պահպանական գոտիներն ընդգրկում են ոչ միայն բուն հուշարձանը, այլեւ նրա շրջակա տարածքը, որտեղ ուշադիր պետք է լինեն կառուցապատման ժամանակ։ Ահա՝ դա միջից հանել են, ինչը խնդրահարույց իրավիճակներ է ստեղծելու ապագայում եւ, ակնհայտորեն, ոչ ի շահ հուշարձանների, նրանց պահպանական գոտիների պահպանման համար»: