Այ տգետներ, դուք ի վիճակի չեք անգամ այսօր կատարված հանցագործությունները բացահայտել

Այ տգետներ, դուք ի վիճակի չեք անգամ այսօր կատարված հանցագործությունները բացահայտել

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը զոմբիների համար նոր կերակուր է նետել դաշտ՝ Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի բացահայտման թեման։ Նա կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազին՝ բացահայտել այդ հանցագործությունները։ Թողնենք, որ օրենսդիր մարմնի բարձր պաշտոնյայի կողմից նման էժանագին պոպուլիզմն ուղղակի անթույլատրելի է։ Ամենաբարձր քաղաքական մարմինն այսօր ղեկավարում են սենատորի, կոնգրեսմենի կերպարից մղոններով հեռու մարդիկ, որոնք չեն հասկանում այս ինստիտուտի ողջ իմաստն ու նշանակությունը, գաղափար չունեն, որ իշխանության ճյուղերի հակակշռման սահմանադրական պահանջ գոյություն ունի եւ իրենց գործը նախ եւ առաջ օրախնդիր քաղաքական հարցերի քննարկումն է ու գործադիր մարմնի վերահսկողությունը, այլ ոչ թե նախկինների դեմ հավերժ պայքարը՝ այն էլ մաշված գործիքակազմով։

Բայց դա էլ դեռ ոչինչ՝ մարդն ԱԺ փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում եւ չգիտի, չի հասկանում, որ այդ երկու գործի քննությունն էլ անհեռանկար, պետական մեծ ռեսուրս խլող եւ հասարակությանը ոչինչ չտվող, ավելին՝ հանրային պառակտումը մեծացնող, պետական կարեւոր հարցերից ուշադրություն շեղող պրոցեսներ են։ Եւ ամենակարեւորը՝ հին ու մաշված թեմաներ, որոնք այլեւս ակտուալ չեն։

Եթե Հոկտեմբերի 27-ի գործով հնարավոր լիներ որեւէ նոր բան հայտնաբերել կամ գործը վերաթարմացնելով՝ քաղաքական դիվիդենտներ շահել, ապա այս հինգ տարվա ընթացքում դա վաղուց եւ մեծ աղմուկով արված կլիներ։ Մանավանդ այն ժամանակ երբ ԲԴԽ, այսինքն՝ դատական համակարգի, ղեկավարը Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը 1999-ին որպես Զինդատախազ իրականացրած Գագիկ Ջհանգիրյանն էր, որն իշխանությունների ծառայելու հարցում ջանք չէր խնայում եւ առիթը բաց չէր թողնի Նիկոլ Փաշինյանին այնպիսի մեծ ծառայություն մատուցելու, ինչպիսին Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին բացահայտելն է։ 

Եթադրվում է, որ Հակոբ Արշակյանը նկատի ունի, որ 27-ի պատվիրատուն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր եւ դա է նրա պահանջը։ Ի դեպ, Քոչարյանին ատողներն այս ուղղությամբ քանի տարի է ջանք չեն խնայում՝ անգամ Արման Բաբաջանյանը գնաց բանտ, հանդիպեց Նաիրի Հունանյանին եւ հայտարարեց, որ նա ասելիք ունի։ Իսկ Անահիտ Բախշյանն էլ դիմում ներկայացրեց դատախազություն եւ անջատված մասի, այսինքն՝ կազմակերպիչների մասով, քննությունը մի քանի տարի առաջ վերսկսվեց։ Սակայն ոչ մի սանտիմետր առաջընթաց հնարավոր չեղավ արձանագրել։ Եթե մի փոքրիկ կառչելու տեղ հայտնաբերած լինեին այս բոլոր մարդիկ, վաղուց էին ընթացք տվել այդ գործին։ Չկա, չիք, նեմա՝ որքան էլ ցավալի լինի դա լսել Արշակյանների եւ մյուսների համար։
Դառնանք Մարտի 1-ին․ Այս գործը, թերեւս, ավելի կարեւոր է Նիկոլ Փաշինյանի համար, քան Հոկտեմբերի 27-ը եւ նա անչափ շատ կուզենար, որ կրակելու հրաման տված անձանց, ենթադրաբար՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեղքը հաստատվեր եւ գործն իրենց ուզած եղանակով բացահայտվեր ու նրանք պատժվեին՝ վերջնականապես հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանի եւ 2008-ի ընդդիմադիրների մեղքը լիովին բացակայում է։ Սա քաղաքական նշանակություն ունեցող գործընթաց կլիներ եւ Փաշինյանի սրտին՝ բալասան։ 

Իսկ Մարտի 1-ով գործը հիշեցնենք, որ հարուցվել է 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո եւ Ռոբերտ Քոչարյանն էլ՝ առանց դատավճռի 2 տարի բանտում է անցկացրել։ Բայց անգամ իշխանության կողմից ստրկացված Սահմանադրական դատարանը եւ դատական համակարգը չկարողացան այս գործն ավարտին հասցնել՝ հիմքեր, ապացույցներ գտնել եւ դատել գեթ մեկ անձի, որովհետեւ նախ՝ մեր իրավապահները, այսինքն՝ դատախազությունում նստած մարդիկ այնքան անգրագետ են, որ ի վիճակի չեն անգամ ճիշտ հոդվածով մեղադրանք առաջադրելու եւ ՍԴ-ն առաջադրված հոդվածը հակասահմանադրական ճանաչեց։ Այն, ինչի մասին մամուլը գրում էր գործի հարուցման առաջին պահից։ Էլ ուր մնաց, թե 24 կամ 15 տարի առաջ կատարված հանցագործությունների ողջ բնույթը բացահայտեին։ 

Տարբեր իրավապահ մարմիններում աշխատող եւ 500-600-800 հազար դրամ բարձր աշխատավարձ ստացող քննիչ-դատախազներն այնքան անգրագետ եւ քաղաքականացված են, որ ոչ այսօր տեղի ունեցած պարզ հանցագործություններն են կարողանում՝ առանց իրավախախտումների, բացահայտել, ոչ կարողանում են վերեւից իջած ապօրինի հրահանգներին հակադրվել, ոչ էլ գիտեն, թե որն է իրենց իրական առաքելությունը։ Ցանկացած քրեական գործ, որի քննության պրոցեսում ներգրավվում է քիչ թե շատ գրագետ փաստաբան, արագորեն խայտառակ իրողություն է բացահայտվում՝ նախաքննության կողմից փաստերը թաքցնելու, խեղաթյուրելու, օրենքը սխալ մեկնաբանելու, ընթացակարգերի կոպիտ խախտումների։ 

Այնպես որ, պարոն Արշակյան, զբաղվեք օրենսդրական աշխատանքով, ավելի ճիշտ՝ կոճակ սեղմելով, դա ավելի անշառ է եւ գոնե ձեր գրագիտության ու բարոյականության իրական մակարդակը չի մատնում։