Եթե պատերազմ է

Եթե պատերազմ է

Մինչ ողջ աշխարհն անվերջ սեղմվում է համաճարակի ճիրաններում, Հայաստանի դրկից պետություն Ադրբեջանը դիվերսիոն հարձակում է գործում Հայաստանի վրա: 

Մինչ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, մեր երկիրը պարտադրաբար ներքաշելով ռազմական գործողությունների մեջ, Հայաստանի մեկ այլ դրկից պետության ղեկավարը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, սպառնալից հայտարարում է, թե իր երկիրը «չի հապաղի դեմ կանգնել Ադրբեջանի իրավունքների, ադրբեջանական հողերի նկատմամբ բոլոր հարձակումներին»: Անկարայի վախը հասկանալի է՝ ցեղասպանված հայ ժողովուրդը ղարաբաղյան ազատագրական պատերազմում ապացուցել է, որ թոթափել է զոհի բարդույթն ու թուրքական վախը, իսկ այժմ հերթը Կարսի պայմանագրի չեղարկմանն է հասել: 

Մինչ Ադրբեջանն անվերջ հրետակոծում էր Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզը՝ նշանառելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում եւ՝ Բերդ քաղաքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն Ադրբեջանին խաղաղություն էր քարոզում, իսկ որդին սխալմամբ արձանագրում էր, թե թշնամու կրակահերթերից չորս հայ զինվորները զոհվել էին «խաղաղության համար», մինչդեռ նրանք զոհվել էին հայրենիքը պաշտպանելիս, նույն հայրենիքը, որի համար նա երկու տարի ծառայում էր հայոց բանակում:

Մինչ Բաքվի փողոցներում հազարավոր ադրբեջանցի ցուցարարները, գրոհելով Միլլի Մեջլիսի շենքը, Իլհամ Ալիեւից պահանջում են պատերազմ հայտարարել Հայաստանին, մեր երկրում դարձյալ ասպարեզ է նետվում պատերազմի եւ խաղաղության թեման:

«Առավել վտանգավոր է այն խաղաղությունը, որը հղի է պատերազմով»,- նկատել է 17-րդ դարի գերմանացի գրող Ֆրիդրիխ ֆոն Լոգաուն: Հայաստանը 26 տարի ապրում է այդ վտանգավոր խաղաղության բարդ իրավիճակում: Խաղաղություն, որը միշտ հղի է եղել պատերազմով եւ ծնել է պատերազմ: Ադրբեջանը Հայաստանին զրկել է ընտրությունից: Պարտադրված պատերազմը միշտ էլ զրկում է ընտրությունից. պատերազմի ժամանակ այլընտրանքը ոչ թե խաղաղությունն է, այլ հաղթանակը: Անհնար է ընտրություն կատարել անհաստատ խաղաղության եւ անողոք պատերազմի միջեւ. այս դեպքում միշտ էլ հաղթում է պատերազմը, քանի որ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, միշտ ընտրում է պատերազմը: Պատերազմը, որը մարդկության պատմության չարիքների արմատն է, բայց եւ՝ համաշխարհային պատմության անբաժան ուղեկիցը: 

Աշխարհը պատուհասած համաճարակի այս բարդ ժամանակներում Հայաստանի դրկից երկու պետությունները մեր երկրին սպառնում են պատերազմով: Դրկիցների հարցում Հայաստանի բախտը միշտ էլ չի բերել. չորս հարեւաններից երկուսը Հայաստանի հին ու նոր թշնամիներն են: 
Ներհայաստանյան խաղաղասիրական երազանքներից անդին վերջին օրերի ադրբեջանական հարձակումները վկայում են, որ Ադրբեջանն արդեն ոչ միայն իրեն, այլեւ Հայաստանին է փորձում զրկել ընտրության հնարավորությունից՝ խելացնոր ռազմատենչությամբ եւ պատերազմի սադրանքով: Ղարաբաղյան երկու՝ 1992-1994 եւ 2016 թթ. պատերազմներում Ռուսաստանի միջոցով հրադադար աղերսող Ադրբեջանը այժմ ոչ միայն բախտն է փորձում, այլեւ հայկական կողմի համբերությունը:

Ադրբեջանական ռազմական հարձակումների եւ թուրքական սպառնալիքների հարահոսում որքան անկարեւոր է դառնում խաղաղության քարոզը, նույնքան կարեւոր է դառնում դիվանագիտական գործունեությունը: Հայկական կողմը, որպես կանոն, երբեք չի կարողացել ռազմական հաղթանակներն ամրագրել դիվանագիտական ասպարեզում, իսկ Ադրբեջանի ռազմական հարձակումները՝ դատապարտման պարտադրել միջազգային ասպարեզում: Հայաստանը հաղթել է ղարաբաղյան պատերազմում, սակայն պարտվել է տեղեկատվական եւ դիվանագիտական պատերազմներում, ավելի ճիշտ՝ նման պատերազմ չի էլ մղել: Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողություններին պետությունների հայտարարությունները վկայում են դիվանագիտության մեջ Երեւանի թերակատար աշխատանքի մասին: Ներհայաստանյան կյանքում անվերջ տեղեկատվական պատերազմներ մղող իշխանությունն անտեսել է արտաքին քաղաքականությունը: Եվ ոչ այն պատճառով, որ մեր դիվանագետներն ապաշնորհ են, այլ թերեւս այն պատճառով, որ պաշտոնական Երեւանը չգիտե, թե ինչ հանձնարարականներ տա հայ դիվանագետներին, որոնք սեփական նախաձեռնությամբ էլ առանձնապես աչքի չեն ընկնում: 
Հայաստանի արտաքին քաղաքականության վտանգավոր ճահճացումը վերստին ակնհայտ դարձավ վերջին մի քանի օրերի ռազմական գործողությունների ընթացքում: Ազգային խնդիրներն ու նպատակները չընկալող իշխանությունն անտեղյակ կամ անտարբեր է նաեւ Սփյուռքի ներուժի հանդեպ, որը Հայաստանի համար բարդ այս օրերին անչափ կարեւոր դեր պետք է ստանձնի:
Վերջին օրերի միջազգային արձագանքներում պետությունների «կոմպլեմենտար հայտարարությունների» կամ «տարածքային ամբողջականության» պահանջների իրարահաջորդության մեջ Հայաստանին անվերապահ աջակցող արձագանքները հիմնականում ինքնաբուխ էին: Այսպես: 

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը, անհանգստություն հայտնելով սահմանային բախումների հետ կապված, ընդգծել է. «Մենք սատարում ենք հայ ժողովրդին եւ հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»։ 
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը Ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը: Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ այս ագրեսիան համարժեք պատասխան կստանա, որի համար ադրբեջանական կողմը լիարժեք պատասխանատվություն է կրում»: 

ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին Թվիթերում գրառել է. «Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը»: 

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ալեսսանդրո Պագանոն, դարձյալ Թվիթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական ռազմական զարգացումներին, ընդգծել է. «Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս խաղացել է քրիստոնեական քաղաքակրթության ֆորպոստի դերը։ Նրա մեկ միլիոն զոհերը, որոնք զոհաբերվել են 1915թ. թուրքական օսմանական իսլամին, մեզ հիշեցնում են այդ մասին ամեն օր: Եվս մեկ անգամ Հայաստանը հարձակման տակ է, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»: 

Հայաստանը, որ երկու հարյուրամյակ շարունակ եղել եւ ընկալվել է որպես ռուսական ֆորպոստ, իտալացի պատգամավորի գրառմամբ վերարժեւորվեց եւ վերագնահատվեց: 
Հայաստանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը երբեք չի եղել կրոնական խնդիր, եւ Ադրբեջանի դեմ Արցախը կրոնական պատերազմ չէ, որ մղել է, այլ պաշտպանել է սեփական տարածքում ինքնորոշվելու եւ ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը: Քրիստոնյա աշխարհը վաղուց է պառակտված, եւ այդ պառակտվածության վերջին ապացույցն Այա Սոֆիայի տաճարի մզկիթացումն է եւ քրիստոնյա Եվրոպայի երկյուղած արձագանքը: 

Հայաստանը քրիստոնեության ֆորպոստն է իսլամական ծայրահեղականությամբ եռացող տարածաշրջանում: Մեր երկիրը չի կարող դառնալ կրոնական պատերազմների ռազմաբեմ, միաժամանակ երբեք չի դադարի լինել քրիստոնեության ֆորպոստ. դա նրան վերապահված է թե՛ աշխարհագրորեն, թե՛ քաղաքակրթորեն: Իսլամական ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը մերժող մահմեդական եւ քրիտոնեական պետությունները հարկ է, որ գիտակցեն. Ադրբեջանի ռազմական ներխուժման փորձերը համաճարակի այս օրերին նոր եւ վտանգավոր մարտահրավեր են աշխարհի համար: 

Հայաստանը միշտ էլ մնալու է թեպետ փոքր, սակայն անառիկ քաղաքակրթական ֆորպոստ քրիստոնեական աշխարհի համար: Այն աշխարհի, որը կա՛մ կկանխի թուրք-ադրբեջանական ռազմական արկածախնդրությունը, կա՛մ ստիպված կլինի հաշտվել պատերազմի հետ եւ ընդունել դրա հետեւանքներն ու արդյունքները: 

Եթե պատերազմ է, ապա սեփական ուժերին ապավինած, լեռների մեջ ծվարած քրիստոնեական ֆորպոստը՝ Հայաստանը, այդ պատերազմը վերջնական ավարտին հասցնելու եւ հաստատուն խաղաղություն հաստատելու բոլոր իրավունքներն ունի: