Ապօրինի շրջափակում՝ պետության թողտվության պայմաններում

Ապօրինի շրջափակում՝ պետության թողտվության պայմաններում

Հարցազրույց «Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ

- Երեկ բավական լարված իրավիճակ էր ստեղծվել Ամուլսարի շուրջ։ Տեղի ունեցան բախումներ «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության աշխատակիցների եւ ակտիվիստների միջեւ։ Արդյոք պատճառը մամուլի այն հաղորդագրությո՞ւնն էր, որտեղ «Լիդիանն» ասում էր, թե ունի փորձագետի եզրակացություն, որ Ամուլսարի պահապանների տնակները «Լիդիանի» տարածքում էին։ Դուք պատրաստվում էիք հանե՞լ այդ տնակները։

- Ես չեմ կարող ասել, թե որքանով էր այս բեմադրությունը կապված մեր՝ ոստիկանությանը դիմում ներկայացնելու հանգամանքի հետ, բայց կարող եմ վստահեցնել, որ «Լիդիան Արմենիան» առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, եւ մեր նախաձեռնած բոլոր գործողությունները գտնվում են օրենքի սահմաններում՝ ի տարբերություն ապօրինաբար ընկերությանն իր իսկ օրինական տիրապետության տակ գտնվող տարածք մուտք գործելու հնարավորությունից զրկած մի խումբ անձանց գործողությունների։

- Երեկ ակտիվիստները խոսում էին այն մասին, որ «Լիդիանը» փորձել է մուտք գործել տարածք՝ ինչ-որ «կամազ»-ով։ 

- Առաջին հերթին եկեք մի բան հստակեցնենք․ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածք մուտք գործելու, շինարարություն իրականացնելու եւ հանքը շահագործելու իրավազորություն, ինչը ենթադրում է նաեւ տեխնիկայի ազատ տեղաշարժ։ Ակտիվիստների երեկվա բարձրացրած աղմուկի պատճառը կեղտաջրերի հեռացման համար տարածք մուտք գործած «ԿամԱԶ» մակնիշի մեքենան էր։ Ի դեպ, պետք է նշել, որ նշված «կամազ»-ը մուտք է գործել Ամուլսարի տարածք ցերեկը, առանց խոչընդոտների կատարել է իր գործառույթը՝ կեղտաջրերի հեռացումը, եւ լքել է հանքի տարածքը։ Իսկ ցուցարարներն աղմուկ էին բարձրացրել ուշ երեկոյան, երբ «կամազ»-ը, կեղտաջրերը հավաքած, արդեն վաղուց լքել էր հանքի տարածքը։

- Համացանցում մեկնաբանություններ եղան պահնորդային ծառայողների եւ «Լիդիան Արմենիայի» դեմ․ ասում էին, որ ավելի լավ է այդ պահնորդները Տավուշի սահմանին կանգնեն, այլ ոչ թե Ամուլսարում։ Ի՞նչ կարծիքի եք սրա վերաբերյալ։

- Այդ անձինք նաեւ ասում էին, որ իրենք էին ցանկանում մեկնել սահման, բայց, որքան հասկացա, իրենց հետ պահող միակ բանը դարձավ «Լիդիանի» կոյուղաջրեր տեղափոխող մեքենան։ Գիտեք, երկիրը պատերազմական իրավիճակում է, մարդիկ էլ հուզական լարված վիճակում են՝ նման էժանագին մանիպուլյացիաները, մեղմ ասած, բարոյական հարթությունից դուրս են, էլ չասած՝ իրավականը։ Ամուլսարի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության ղեկավարն արցախյան պատերազմի մասնակից է եւ, ի տարբերություն արդեն 2 տարի պետության ու տնտեսության դեմ ապօրինություն իրականացնող այս խմբի, իր պարտքը բոլորից լավ է կատարել ու կատարում երկրի առաջ, այդ թվում՝ փորձելով ապահովել օրենքի գերակայությունը՝ պետության կողմից լիակատար թողտվության պայմաններում։ Այդ՝ ճանապարհ փակողների եւ նրանց ապօրինությունը խրախուսողների ու հանդուրժողների խղճին են երկու տարի Ամուլսարի ապօրինի շրջափակման պատճառով երկիր չմտած միլիոնավոր դոլարների ներդրումները։ Եթե չլիներ այս ապօրինությունը, Հայաստանն արդեն ոսկի կարտահաներ, այն պայմաններում, երբ ոսկին վերջին 30 տարում ամենաբարձր գինն ունի։ Այնպես որ, թե ով է իրականում վնասում բանակին, ավելի քան ակնհայտ է։