Գագիկ Բեգլարյանը եւ նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Գագիկ Բեգլարյանը եւ նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս անգամ ուսումնասիրություն է սկսել Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա կնոջը՝ Նունե Նիկոյանին, երեխաներին՝ Նատելլա և Հրանտ Բեգլարյաններին պատկանող գույքի առնչությամբ։

Ըստ դատախազության` նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Ծանուցումը ստանալուն պես՝ մեկամսյա ժամկետում, նրանք պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանան գործի նյութերին և դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնեն:

Օրենքը նախատեսում է` եթե անձը հրաժարվում է ապօրինի ճանաչված գույքի 75 տոկոսից, մնացյալ 25 տոկոսը մնում է իրեն: Նկատենք, որ այս գործընթացը դեռեւս ընդամենը դատախազության տիրույթում է ընթացել, որեւէ գույքի հետ կապված բռնագանձման որոշում չի կայացվել եւ որեւէ անձի հետ հաշտության գործընթաց չի կայացել: Ավելին` դատական համակարգում կարծում են, որ այս օրենքը շատ թերի է եւ խոցելի` նման իրավակարգավորումներով որեւէ մեկի գույքը բռնագանձել չի ստացվելու: Իսկ եթե անգամ բռնագանձեն, ապա, անհամաձայնության դեպքում, անձը դատական կարգով կարող է այն վիճարկել մի քանի ատյաններում, ապա Եւրոդատարանում, որտեղ շատ մեծ է հավանականությունը հաղթելու, քանզի միջազգային իրավունքը շատ զգույշ է վերաբերվում սեփականության իրավունքին եւ դրա ապօրինի ծագումը հիմնավորելն անչափ բարդ է:

Նշենք, որ այս վարչությունը մեկ տարուց ավելի է, ինչ գործում է, իրականացվել է մոտ 250 ուսումնասիրություն, որից ընդամենը երկուսն է ուղարկվել դատարան։ Ուսումնասիրությունները վերաբերում են նախկին պաշտոնյաններին։