Հողերը խոշորացնում են ապագա ներդրողի ակնկալիքով

Հողերը խոշորացնում են ապագա ներդրողի ակնկալիքով

Կառավարությունը, 2023 թվականից սկսած, պատրաստվում է հողային բարեփոխումներ իրականացնել, որոնց էությունը հողերի խոշորացումն է, այսինքն՝ նույն տարածքում գտնվող եւ տարբեր սեփականատերերի պատկանող հողային միավորները կխոշորացվեն մեծ հողատարածքի ձեւով։ Էկոնոմիկայի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ պատրաստվում են Հողային ռեֆորմն իրականացնել հողերի ձեռքբերման, օտարման, միջնորդությունների իրականացման եւ փոխանակման եղանակով։ Այսինքն՝ ենթադրվում է, որ տարբեր սեփականատերերից հողերը կգնեն, կխոշորացնեն, ապա կվաճառեն որեւէ ներդրողի, եթե, իհարկե, այդպիսիք լինեն։ Ծրագրի հեղինակն էկոնոմիկայի նախարարությունն է։

Մեր հարցին, թե ինչ է ենթադրում հողերի խոշորացման սկզբունքը, եւ որ հողերին է դա վերաբերում, էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ կառավարության 2022 թ․ հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշմամբ  հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որի նպատակն է՝ տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը եւ հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը: Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Մայիսյան, Հայթաղ եւ Նորակերտ բնակավայրերում: ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-L որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը, որի իրականացումը պայմանավորված է հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ:

Ծրագրի իրականացման նպատակն է՝ փոքր չափերով եւ մասնատված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով խթանել գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը եւ նպաստել գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը, խթանել գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը, խթանել հողերի նպատակային օգտագործումը եւ արդյունավետ կառավարումը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում մրցակցության բարձրացմանը»։ Նախարարությունից վստահեցրել են, որ հողային բարեփոխումների իրականացման արդյունքում չի նախատեսվում հողի սեփականատերերին զրկել սեփականության իրավունքից՝ նույնիսկ հարկերի չվճարման պարագայում:

Նշենք, որ այս ծրագրի իրականացման համար պետական բյուջեից 2023 թվականին կծախսվի 2.76 մլրդ դրամ, 2024-ին՝ 4.14, 2025-ին՝ 5.52 մլրդ դրամ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանին թեմայի առնչությամբ հարցրինք՝ իսկապե՞ս հողերի խոշորացումը կնպաստի ներդրումներին։ Եթե կա ներդրող, ով ցանկանում է խոշոր հողատարածք ձեռք բերել, ի՞նչն է նրան խանգարում տարբեր սեփականատերերից դրանք գնել եւ ինքնուրույն խոշորացնել։ «Գործնականում, երբ ներդրողները ցանկանում են խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել եւ, օրինակ, 30-40 հեկտար հողակտոր ձեռք բերել ու դրա վրա ինչ-որ տնտեսություն կառուցել՝ այգի, ջերմոց, ձկնաբուծարան եւ այլն, բավականին լուրջ խնդրի առաջ են կանգնում, քանի որ Հայաստանում շատ քչերը կան, որ այդքան մեծ հողակտոր ունեն, եւ նրանք ստիպված են լինում կտոր-կտոր, տարբեր գյուղացիական տնտեսություններից այդ հողը գնել, եւ լինում է իրավիճակ, երբ, օրինակ, դաշտի 9 հողակտորը կարողանում ես գնել, բայց վերջին 1 հողակտորը չի ստացվում գնել, քանի որ այդ հողակտորի սեփականատերը տեսնում է, որ մնացածը գնել ես, եւ իր գինն է սկսում թելադրել կամ ընդհանրապես, տարբեր պատճառներով, հրաժարվում է վաճառել այդ հողակտորը՝ երկրում չի գտնվում, չի ուզում վաճառել եւ այլն։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա, այո, օբյեկտիվորեն խնդիր գոյություն ունի բիզնեսի համար, եւ նման խնդրի ես էլ եմ առնչվել, երբ դրսից մի ներդրող ցանկանում էր հողատարածք գնել Պռոշյանում։ Նրան մոտ 25 հեկտար հողակտոր էր պետք, եւ 26 հոգուց պետք է այդ հողակտորը գներ մաս-մաս։  Ինքը հրաժարվեց դրանից, քանի որ դա համարում էր ծախսատար, ժամանակատար, եւ խնդիր կար, թե արդյոք կկարողանա՞ բոլոր սեփականատերերի հետ լեզու գտնել։

Այդ խնդրի լուծման մի քանի տարբերակներ գոյություն ունեն։ Մի տարբերակն այն է, որ կարելի է գյուղացիական կոոպերատիվներ ստեղծել, տարբեր հողակտորները միավորել այդտեղ, խոշոր բիզնես-պրոյեկտներ իրականացնել, մյուս տարբերակը կարող է այն լինել, որ այնպիսի հարկային քաղաքականություն վարես, գույքահարկ գանձես, որ հողամասը չօգտագործող սեփականատերը ստիպված լինի օտարել իր հողակտորը, կամ պետության կողմից գերակա շահ ճանաչվի, ինչը Երեւանի կենտրոնի դեպքում կառավարությունը մի քանի անգամ արել է, Ամուլսարի դեպքում է արել։ Տարբեր մոտեցումներ կան, բայց ամենակարեւորն այն է, որ կառավարությունը պետք է հաշվի առնի մարդու սեփականության իրավունքը, որն անխախտելի իրավունք է, եւ չպետք է պետությունը, ներդրողի շահերից ելնելով, ոտնահարի հողի սեփականատիրոջ իրավունքները»,- ասաց  Պարսյանը։

Հարցրինք՝ ռիսկ չկա՞, որ կառավարությունը հողերը գնի, խոշորացնի, սակայն ներդրողներ, խոշորացված հողերը գնողներ այդպես էլ չհայտնվեն՝ հաշվի առնելով, որ այնպես չէ, թե Հայաստանում ներդրումներ կատարելու համար հերթ է գոյացել։ «Իհարկե, նման ռիսկ էլ կա, որովհետեւ նման օրինակներ կան, երբ պետությունը հող է տվել այս կամ այն ներդրումն անելու անվան տակ, որը չի արվել, կամ դրա մի մասն է արվել։ Այդպիսի ծրագրեր թե՛ քաղաքում կան, թե՛ քաղաքից դուրս։ Այդ ռիսկը, միանշանակ կա, խնդիրն այն է, թե այս դեպքում պետությունը, որը նման նախագիծ է ուզում իրականացնել, ունի՞ այդքան ռեսուրս եւ կարողություն՝ հաշվարկելու այդպիսի ներդրումային նախագծերի ռիսկայնությունը, հնարավորությունը։ Այս պահին կարող եմ արձանագրել, որ ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ կառավարությունը նման փորձառություն, կարողություն եւ ինստիտուտներ չունեն, որ հողի ձեռքբերման բիզնեսով զբաղվեն։ Իրենք պետք է կոնկրետ իրավիճակից ելնելով դա անեն, այսինքն՝ եթե կա կոնկրետ ներդրող, թող իրենց դիմի, ասի՝ օրինակ, պետք է 40 հեկտար հողակտոր, իրենք այդ 40 հեկտարը հավաքեն, վաճառեն։ Այսինքն՝ նախնական պայմանագիր կնքվի, այդ գումարի մի մասը նախապես վճարվի եւ այլն։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում, որովհետեւ խոշորացում անել ապագա ուզողի տրամաբանությամբ, կարծում եմ, որ դա բավականին ռիսկային է, նաեւ կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետեւ Հայաստանում աղակալված, չօգտագործվող հողեր կան, որոնցից սեփականատերերն ուզում են ազատվել, բայց դրանք ուզող էլ չկա։ Կստացվի, որ կառավարությունը գնում է այդ աղակալած հողակտորները՝ լավ հասկանալով, որ բիզնեսը դրանց նկատմամբ պահանջարկ չունի»,- պատասխանեց տնտեսագետը։