Փաշինյանի իշխանությունը դատարկում է Հայաստանը. մարդկանց պարտադրում են լքել երկիրը

Փաշինյանի իշխանությունը դատարկում է Հայաստանը. մարդկանց պարտադրում են լքել երկիրը

Վերջերս ծանոթներիցս մեկը պատմեց, որ ստիպված է  անձնական մեքենան մաս-մաս վաճառել, որ այն չընկնի հարկադիր կատարման ծառայողների ձեռքը: Ես իրավաբանական նրբություններին շատ չեմ տիրապետում, բայց պարզվում է, որ հիմա պարեկային ծառայության աշխատողները կարող են բանկին պարտք ունեցող մարդու մեքենան կանգնեցնել եւ առգրավել: Առգրավելու գործը կանեն ոչ թե պարեկները, այլ հարկադիր կատարողները, բայց էականը դա չէ, մարդը կզրկվի մեքենայից:

Ծանոթս ասում էր, որ այդ մեքենան իր ապրուստի միակ միջոցն էր, աշխատում էր առաքման ծառայությունում, սննդամթերք էր առաքում եւ պահում էր հինգ հոգանոց ընտանիքը: Հիմա այլեւս չի կարող, քանի որ մի քանի տարի առաջ բանկից վարկ է վերցրել, չի փակել այդ պարտքը, եւ հիմա այդ պարտքի համար կարող են իրենից խլել մեքենան: Ինքն էլ, նման հեռանկարից խուսափելու համար, որոշել է քանդել մեքենան եւ այն մաս-մաս վաճառել. շարժիչը, թափքը, անիվները, փոխանցման տուփն ու մյուս դետալները: Եթե ինքը մեքենան քանդի եւ մաս-մաս վաճառի, պարեկները չեն կարողանա կանգնեցնել մեքենան, իսկ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին չի հաջողվի իրենից խլել այն: Մեքենան կլինի որոնման մեջ, բայց չի հայտնաբերվի։

Մտածեցի, որ սա մասնավոր դեպք է, բայց իմ ծանոթը բացեց ֆեյսբուքյան մի էջ, որտեղ բազմաթիվ հայտարարություններ կային. մարդիկ ստիպված քանդում են իրենց մեքենաները, որ այն չընկնի հարկադիր կատարողների ձեռքը: Ավելի լավ է մաս-մաս վաճառել, ինչ-որ գումար ստանալ, քան վերջին ունեցվածքը հանձնել հարկադիր կատարողներին եւ բանկին: Թե ինչ է անելու մեքենան վաճառելուց հետո, այնքան էլ լավ չի պատկերացնում, բայց երկու տարբերակ ունի. կա՛մ վարձով ուրիշից մեքենա կվերցնի եւ կշարունակի նույն գործն անել, կա՛մ կմեկնի Ռուսաստան: Ասում է. «Հիմա 100 հազար դրամով կարելի է հասնել Ռուսաստան, մի քիչ փող լինի տեղավորվելու, ապրելու համար, մնացածը տեղում մի բան կմտածեմ: Մեկ է՝ այստեղ էլ անելու բան չկա»:

Վերջին չորսուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ շարքային մարդը Հայաստանում ապրելու ոչ մի հնարավորություն չունենա: Երկրի օրենսդրությունն աննկատ, բայց հետեւողականորեն վերափոխվել է այնպես, որ ծառայի բանկերին ու դրանց սեփականատերերին, իսկ բանկերից վարկեր վերցրածները դառնան ստրուկներ, առանց որեւէ իրավունքների եւ պաշտպանության: Արդեն մի անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ բանկային ստրկության ներդրման գլխին կանգնած է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով զբաղված է բանկային համակարգի շահերի սպասարկմամբ: Հազարավոր, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ բանկերից անմարդկային պայմաններով վարկեր են վերցրել ու չեն կարողանում վերադարձնել: Նրանք զրկված են պետական պաշտպանությունից, եւ հիմա բանկերը նրանցից խլում են ինչ կարող են, միայն թե վերադարձնեն իրենց ունեցվածքը: Չզարմանանք, եթե պարզվի, որ վաղը Մհեր Գրիգորյանը խորհրդարանում օրենք անցկացնի, որը թույլ կտա բանկերին՝ պարտք ունեցող քաղաքացիներից վերցնել նրանց երիկամները, սիրտը կամ արյան վերջին կաթիլը, իսկ եթե պարտապանի օրգանների հետ կապված լինի անհամատեղելիություն, ապա վաճառքի հանեն երեխաներին, թոռներին:

Թվում է՝ Հայաստան պետությունն ինքը պետք է պաշտպաներ իր քաղաքացիներին բանկերից, որովհետեւ, եթե չկան քաղաքացիներ, չկա նաեւ պետություն: Բայց Հայաստանում այդ սկզբունքը չի գործում եւ չի կարող գործել: Ոչ մի նորմալ երկրում հնարավոր չէ պատկերացնել, որ լրագրողը կարող է դառնալ վարչապետ, իսկ բանկիրը՝ փոխվարչապետ: Ինչպե՞ս է հնարավոր պետությունը վստահել մարդկանց, ովքեր, իրենց մասնագիտացումից ելնելով, չեն կարող պետական մտածելակերպ ու գործելակերպ ունենալ: 

Լրագրողն ու խմբագիրն իր էությամբ պոպուլիստ է, ու նրան հետաքրքրում է զուտ արտաքին էֆեկտը, իսկ բանկիրները հայտնի են փողի նկատմամբ ունեցած հիվանդագին կախվածությամբ: Ո՛չ լրագրողները, ո՛չ բանկիրներն իրենց կյանքում, իրենց գործունեության ընթացքում ոչինչ չեն ստեղծում, նրանք ապրում են որպես պարազիտ՝ այլոց ստեղծածը շահագործելով եւ այդ ստեղծածից իրենց բաժինը փախցնելով: Նորմալ է, երբ այդ մարդիկ իրենց տեղում են եւ զբաղվում են իրենց հատուկ գործունեությամբ. մեկը՝ լրագրությամբ, մյուսը՝ բանկիրությամբ: Բայց նրանք հանրության համար՝ պատուհաս, իսկ պետության հիմքերում դրված արագ գործողության ական են դառնում, երբ հայտնվում են պետական կառավարման համակարգում, իսկ մեր դեպքում՝ այդ համակարգի գլխին։ Որովհետեւ մեկը զբաղված է անընդհատ շոուներ կազմակերպելով, իսկ մյուսը՝ քաղաքացիների կաշին քերթելով: 

Դրա արդյունքում է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ երկրից արդեն փախչում են ոչ թե լավ կյանքի կամ անվտանգության նկատառումներով, այլ՝ որովհետեւ Հայաստանում ապրելը եւ նույնիսկ գոյատեւելը դառնում են անհնարին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերջերս բողոքում էր, որ սպասարկման ոլորտում կա աշխատողների պակաս: Այդ պակասն անընդհատ մեծանալու է, քանի որ աշխարհի բազմաթիվ երկրներում ստրկությունն ուղղակի արգելված է, իսկ Հայաստանում դեռ ազատ տեղաշարժը կտրուկ սահմանափակելու օրենքներ չեն ընդունվել: Եթե Քերոբյանն ուզում է այս իրավիճակը շտկել, կարող է Փաշինյանի եւ Գրիգորյանի հովանավորությամբ մի օրենք անցկացնել, որը բանկերին թեկուզ հազար դրամ պարտք ունեցողներին կարգելի դուրս գալ Հայաստանից եւ ազատագրվել ստրկատիրական կարգերից: Անկասկած, նման օրենքը հեշտությամբ կընդունվի, եւ բանկային ստրկության մեջ գտնվողները փախչելու հնար չեն ունենա: Սա ամենեւին ֆանտաստիկա չէ. չի անցնի մի կարճ ժամանակ, եւ սա նույնպես կարող է իրականություն դառնալ:

Ավետիս Բաբաջանյան