Իշխանությունը պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի Մամեդյարովի հարցազրույցի վերաբերյալ

Իշխանությունը պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի Մամեդյարովի հարցազրույցի վերաբերյալ

«Մանրամասների չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, առողջական լուրջ խնդիրներ չկան»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը նույնպես ներկա Է Լազարևյան ակումբի նիստին։

Սողոմոնյանը հիշեցրեց, որ ելնելով Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակից՝ ինքն իրավունք չունի կապ հաստատել վերջինիս հետ, հետևաբար տեղեկությունները մի փոքր ուշացած են տեղ հասնում, ինքը նորությունների տիրապետում է հարազատների և փաստաբանների միջոցով։

Արցախյան հակամարտությանն անդրադառնալով, Սողոմոնյանը նշեց. «Ես չեմ հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին։ Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին։ Ավելին՝ գոնe մինչև վերջերս նրանք ասում էին, որ բանակցություններ չկան»։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ այսօր հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հարցրազրույցը՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին։

«Այնտեղ պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն։ Եթե այդ հերքումներն արագ չեն հետևում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ այնտեղ խոսք է գնում, որ քննարկվում է Արցախի Հանրապետության կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում։ Հիմա այս հարցերը պարզաբանում են պահանջում։ Այդ պարզաբանումները պետք է տա իշխանությունը, և հույս ունեմ, որ դրանք կլինեն հստակ, ոչ թե լիրիկական ձևով, որը սովոր ենք տեսնել», - ասաց նա։