Արցախի ընտրություններով պարզապես հետաքրքրվո՞ւմ ենք, թե՞…

Արցախի ընտրություններով պարզապես հետաքրքրվո՞ւմ ենք, թե՞…

2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու Ազգային ժողովի եւ նախագահի ընտրություններ: Եվս մեկ շատ լավ առիթ ու պատեհություն՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է, որտեղ իշխանությունն ընտրվում է ժողովրդի կողմից, «ժողովրդավարություն» ասվածի դրսեւորման ամենաբարձր ձեւով՝ ընտրությունների միջոցով:

Ասվել է, կարծեմ, ամենաբարձր մակարդակով, որ Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ իշխանությունները չեն միջամտելու այդ ընտրություններին, իսկ առավելագույնը, որ անելու են՝ հետեւելու են, որ արցախյան ընտրությունները լինեն մրցակցային, արդար ու թափանցիկ: Եթե ինձ մնար՝ ՀՀ իշխանություններին կասեի՝ ի՞նչ նեղություն, պարոն Փաշինյան, ուրեմն արցախցիները չե՞ն կարողանում մրցակցային, արդար ու թափանցիկ ընտրություններ անել, որ Ձեր բազմազբաղ ժամանակն եք ուզում զոհաբերել: Այնպիսի ընտրություն անեն, որ բոլորի բերանը բաց մնա: Ի դեպ՝ Ձերն էլ, պարոն Փաշինյան:

Բայց որ Նիկոլ Փաշինյանն արդեն խնդիր է դրել «գարանտ» կանգնել ԱՀ ընտրությունների արդարությանը, թող կանգնի, վնաս չունի: Մի քիչ էլ միջազգային դիվիդենտի հարց կլուծենք ՀՀ-ի համար: Դրսերում կասեն՝ բա տեսա՞ք Հայաստանն ինչ արեց, ի՜նչ վերահսկել վերահսկեց ընտրությունները Լեռնային Ղարաբաղում:

Ստարտային վիճակը վատ չէ, կարծես: Թեկնածուների պակաս չկա, ավելցուկ՝ նույնպես: Ամեն ինչ չափի մեջ է, թեկնածուները ներկայացնում են կյանքի ամենատարբեր բնագավառները՝ հաջողակ գործարար, դիվանագետ, օրենսդիր, ռազմական գործիչ՝ մեկը մեկից սիրված ու հարգված: Արցախում նրանցից որեւէ մեկի հասցեին հայհոյանք չես լսի: Միմյանց գոտկատեղից ներքեւ հարվածներ չեն հասցնում նաեւ թեկնածուները: Արցախն այս առումով Հայաստան չէ եւ վերջ: Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանին, ապա նա, եթե չեմ սխալվում, պատրաստվում է նորմալ հեռանալ եւ որեւէ կերպ չկրկնել ՀՀ նախագահների եւ հատկապես Սերժ Սարգսյանի «հերոսությունները»: Կարճ ասած՝ հեղափոխության նախադրյալներ Արցախում չկան, եւ այս առումով նույնպես Արցախը Հայաստան չէ:

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ չմիջամտել Արցախի ընտրություններին եւ չհովանավորել որեւէ թեկնածուի, ես նորմալ որոշում եմ համարում: Մնում է, որ մնա իր որոշման շրջանակներում եւ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, չմունդռի այդ ընտրությունները: Իսկ եթե սրտիս վարչապետը նեղվեց, ուրիշ ձեւով կասեմ: Պարոն Փաշինյան, տեսե՞լ եք, թե արցախյան ընտրությունների հետ կապված ինչ է կատարվում հայաստանյան լրատվական ախոռում: Ինչ է թե Վիտալի Բալասանյանը մի քանի կոշտ խոսք է ասել՝ կառավարական շրջանակներին սպասարկող ժուռնալչիները, նիզակներն առած, ընկել են գեներալի հետեւից: Կարգի հրավիրեք, խնդրում եմ, նրանց: Սա ի՞նչ բան է: Իսկ ո՞վ է ասել, որ Վիտոն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Ինչո՞ւ են այդ վնգստացող գրչակները ՀՀ իշխանություններին տրամադրում Վիտալի Բալասանյանի դեմ, վախեցնում, թե Բալասանյանի հաղթանակը կնշանակի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, այլ խոսքով՝ հակահեղափոխության հաղթանակ: Եվ այդ քարոզչությունը, որ բառիս բուն իմաստով ոչխարություն է բոլոր առումներով, պատկերացնո՞ւմ եք, պարոն վարչապետ, ընկալվում է որպես կառավարության շենքից ուղղորդվող «ոչխարություն»: Թույլ մի տվեք, խնդրում եմ, դա տգեղ միջամտություն է Արցախի ընտրություններին:

Ես արդեն 35 տարվա լրագրող եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ երբեք պետք չէ գործ ունենալ ուրիշի կնգա հետ: Մինչ օրս սրբորեն պահել եմ այդ սկզբունքը, բայց արդեն հնարավոր չէ լռել: Պարոն վարչապետ, ուրիշներն արդեն Ձեզ ակնարկել են, որ տիկին Աննան պետական գործերում չափից մի փոքր ավելի ակտիվություն է ցուցաբերում: Ես այսօր ուզում եմ դա հաստատել եւ նշել, որ նրա ընդգծված ակտիվությունը հատկապես արտաքին քաղաքական հարցերում, սխալ լինելուց զատ, նաեւ վտանգավոր է: Այն, որ նա, թույլ տվեք ասել՝ Ձեր պոչից կպած աշխարհ է պտտում, դեռ ոչինչ։ Այն, որ ՄԱԿ-ի վեհաժողովում մազերն ու մակիյաժն է ուղղում, դա էլ ոչինչ։ Այն, որ Զոհրաբ Մնացականյանն Աննայի բացակայությամբ իրեն կորցրել էր Բրատիսլավայում եւ սխալ-մխալ ելույթ էր ունեցել, դա էլ ոչինչ, մի կերպ կտանենք, բայց ի՞նչ անենք, երբ Աննան Շուշի՝ մուղամ լսելու է հրավիրում Ադրբեջանի, ոչ ավել, ոչ պակաս, փոխնախագահին:

Հիմա դու վարչապետ մարդ ես, պարոն Փաշինյան, լավ կլինե՞ր, որ երրորդ սորտի երկրներից մեկի առաջնորդի կինը փոխվարչապետ Ավինյանին հրավիրեր մի տեղ՝ «Քայլ արա դուխով» երգը լսելու: Ախր, Աննայի հրավերը, որ տարածվեց Բրատիսլավայի նախօրյակին, հեչ չի տեղավորվում որեւէ դիվանագիտության մեջ: Բայց, չնայած դրան, պարոն վարչապետ, Ձեր տիկնոջ այդ քայլից, ինչպես դա անմիջապես արտացոլվեց հայաստանյան պրոկառավարական մամուլում, նախագահի որոշ թեկնածուներ վատացան Արցախում: Անուններ չեմ տա, իհարկե, որպեսզի մի հատ էլ ես չմիջամտեմ, բայց ասեմ, որ թեկնածուներից ոմանք, չխորհրդակցելով անգամ Արցախի կառավարության հետ, տիկին Աննայի՝ Մեհրիբան խանումին արած հրավերը գնահատել են որպես «ուժեղ դիվանագիտական քայլ»:

Գուցե ինձ ասեք՝ թող չգնահատեին, ո՞վ է մեղավոր… Բայց դա իրավիճակ չի փոխի, պարոն վարչապետ: Այդ թեկնածուներն ուզում են հաճոյանալ Ձեր ընտանիքին, սա է խնդիրը, ուզում են ամեն կերպ դիտվել որպես ՀՀ վարչապետի ֆավորիտ:

Իսկ հիմա՝ հարց․ Արցախի ընտրություններով մենք պարզապես հետաքրքրվո՞ւմ ենք, թե՞, այնուամենայնիվ, միջամտում: Եվ, առհասարակ, արժե՞ փչացնել ԱՀ նախագահի թեկնածուներին, երբ թվում է, որ բոլորի ցանկությունն է՝ Արցախում ունենալ այնպիսի ղեկավար, որին կընտրի Արցախի ժողովուրդը՝ առանց կողքից բզբզոցների ու մոլորեցումների: