Սուրեն Պապիկյանը պաշտպանում է Հակոբ Արշակյանին․ որը ում փոսն է, որը՝ ում կիքսը

Սուրեն Պապիկյանը պաշտպանում է Հակոբ Արշակյանին․ որը ում փոսն է, որը՝ ում կիքսը

Նիկոլ Փաշինյանը Երեւան-Եղվարդ մայրուղով օրերս անցել էր եւ արձանագրել, որ լավ էլ ճանապարհ է։ Իսկ դեկտեմբերի 11-ին այդ նույն ճանապարհին էին «Նաիրի ՃՇՇ» ճանապարհաշինական ընկերության աշխատողները։ Նրանք ակցիա էին անում ԶԼՄ-ների համար, նրանց օգնությամբ իրենց աշխատավարձի խնդիրն ուզում էին լսելի դարձնել երկրի բարձրագույն ղեկավարությանը։ Դեկտեմբերի 11-ին նրանք հավաքվել էին իրենց սնանկացած հիմնարկի շենքի առաջ՝ Եղվարդում, եւ պատմում էին ԶԼՄ-ներին, թե ով ինչքանով է «քցվել»՝ մեկը 1 միլիոն էր նշում, մյուսը՝ 500 հազար։

Ընկերությունը սնանկ է ճանաչվել, դատական վեճերի մեջ է, եւ բանվորներն այժմ չեն կարողանում ստանալ իրենց վերջնահաշվարկը։ «Մենք ոչինչ չստացանք, մնացինք իրեն հարգելով՝ լավ կլինի, լավ կլինի, լավն էսօր ա»,- բորբոքված ասում էր ընկերության մոտ 30 տարվա աշխատողներից մեկը։ Դեռեւս ապրիլին ճանապարհաշինության ոլորտում 30 տարվա աշխատանքի փորձ ունեցող «Նաիրի ՃՇՇ»-ն ծաղկուն ձեռնարկություն էր։ Նախարար Հակոբ Արշակյանի հետ ունեցած կոնֆլիկտից հետո ընկերությունը սնանկացավ։ Իսկ կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ Եղվարդի բնակիչներից մեկը նկարել էր ու իր ֆեյսբուքյան էջին տեղադրել, թե ինչպես են ճանշինի բանվորները թաց եղանակին փոսեր լցնում Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին։

Տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որն այն ժամանակ կանոնակարգում էր ճանշին ոլորտը, հայտարարեց, որ բանվորներին զրկելու է աշխատավարձից՝ անորակ աշխատանքի համար, իսկ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի հետ 28.12.2015թ. կնքված պայմանագիրը չեղարկելու է։ Ճանշինի ներկայացուցիչը «Հրապարակին» այն ժամանակ ասել էր, որ ո՛չ ստուգումներ են կատարվել, ո՛չ ստուգման ակտ է կազմվել, ոչ մի աշխատակից նախարարությունից չի եկել քննարկելու կամ վերստուգելու աշխատանքների որակը։ «Փոսը չորացվում է, 170 աստիճանի տակ ասֆալտը լցվում է, եւ անմիջապես ջուրը գոլորշիանում է։ Եթե չի կարելի թաց եղանակով ասֆալտ անել, բա ռուսաստաններում ամբողջ ժամանակ էլ անձրեւ ու ձյուն է, ինչպե՞ս են ասֆալտ անում»,- ասում էր նա։

Ճանշինի բազմաթիվ նամակները Հակոբ Արշակյանին մնացել էին անպատասխան։ Ի վերջո, նախարարն իրականացրել էր իր սպառնալիքը։ Հիմնարկը քայքայվեց, սնանկացավ, աշխատողներին ազատեցին աշխատանքից, բանվորները մայիս ամսից դուրս են եկել փողոց։ Մինչդեռ կարելի էր տարրական ստուգում իրականացնել, ակտավորել խախտումները, եւ այն հատվածներում, որտեղ շինարարները թերի են աշխատել, ճանշինից պահանջել կրկին փոսալցում կատարել։ «Ընդամենը երկու քառակուսու համար։ Կարող էին ասել՝ քանդեք, նորից սարքեք։ Դրա համար օրենք կա, եթե բռակ ես արել, քո փողերով պետք է վերականգնես։ Հիմա կոլեկտիվը մնաց անգործ, հիմնարկը չկա»,- ասում է «Նաիրի ճանշին»-ի սեփականատեր Յագոր Խերիմյանը։ Ֆինանսների նախարարությունը հունիսին դիմել էր գնումների հետ կապված բողոքներ քննող հանձնաժողովին՝ խնդրելով նախաձեռնել «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում։

Բողոքարկման հանձնաժողովն ուսումնասիրել է դիմումը եւ մերժել ֆինանսների նախարարությանը։ Հանձնաժողովն արձանագրել է, որ պայմանագրի լուծումն իրավաչափ չէ, որ պայմանագիրը լուծելու հիմքում որեւէ ապացույց դրված չէ, եւ աշխատանքների որակի վերաբերյալ պատվիրատուի դիտողությունները կատարողի հետ չեն քննարկվել։

Յագոր Խերիմյանն այս եզրակացությունն ուղարկել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որը կառավարության վերակազմավորումից հետո սկսել է համակարգել ճանապարհաշինության ոլորտը։

Ամիսներ սպասելուց հետո Պապիկյանից ստացել է պատասխան, թե պայմանագրի լուծարումը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ կապ չունի, որ դա արվել է տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանի օրոք։ «Նախարարության աշխատակազմից 4-5 ամիս հետո գրել են, որ Արշակյանն ա դա արել։ Էհ, ես գիտեմ, որ Արշակյանն ա արել, ես չգիտե՞մ»,- ասում է Յագոր Խերիմյանը։ Նա վստահեցնում է, որ դեկտեմբերի 11-ին «Արմենիա»-ով ցուցադրված փոսը, որը, իբր, իր շինարարներն են թողել չլցված, ամենեւին էլ իրենց փոսը չէ։ «Թող մարդկանց նկարեին, որ երեւար, որ մեր մարդիկ են կանգնած փոսի մոտ, ուրեմն մեր փոսն է, թե չէ՝ մի տեղ փոս են նկարում, ասում են՝ մեր փոսն ա։ Տենց կլինի՞»։