Հրանտ Բագրատյանի հայտարարագիրը

Հրանտ Բագրատյանի հայտարարագիրը

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, որ 2018 թվականից հետո սկսել է ավելի վատ ապրել, որ իր եկամուտները նվազել են, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց. «Դուք կյանքում լսած կայիք, որ ես 14-րդ հարկից գնացել եմ կառավարություն, վերադարձել եմ իմ 14-րդ հարկի բնակարան։ Հետո, երբեք տենց բան չեմ ասել, չէ՞։ Ինչն ա վատ ապրում, 15 միլիոն դոլար մենակ կնոջ ֆոնդերում ա։ Ծախսում են ոնց ուզում են, որտե՞ղ ա ինքը վատ ապրում։ Քանի մեքենա են քշում։ Իմ հետևից արգելված էր, հետո՞»,-պատասխանեց Բագրատյանը։

Նա շարունակում է՝ վերջապես դա ի՞նչ ասելու բան է։ «Ժողովուրդ, մեր կարգախոսներն են՝ «Չենք զիջելու» և մյուսը՝ ավելի կարևորը՝ «Արա, սովորեք հաշվել ձեր գրպանի փողերը։ Ուրիշի գրպանի փողերը մի հաշվեք, ուրիշի գրպանի փողերը հաշվող պետությունը մեռած ա»:

«Հրապարակն» ուսումնասիրեց պարոն Բագրատյանի հայտարագիրը։ Ինչ դրամական միջոցներ է հայտարարագրել «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա բավականին համեստ հայտարարագիր ունի - 0,0004 տոկոսի բաժնետոմսեր «Պեռնո Ռիկար» ընկերությունում, 3613 քառակուսի մետր տարածքով տուն՝ սեփականության իրավունքով Արաբկիրում և 158 քառակուսի մետր տարածքով բնակարան Սայաթ -Նովա 33 հասցեում, 2009 թվականի արտադրության «Ինֆինիտի» ավտոմեքենա։ Չունի  8 միլիոն դրամը գերացանցող որևէ թանկարժեք գույք։ Դրամական եկամուտներն են՝ 1 միլիոն 920 հազար դրամ աշխատավարձ Սլավոնական համալսարանից, Կիևի համալսարաններից մեկից՝ 98 000 դրամի չափով, 22 հազար 400 եվրո «Պեռնո Ռիկարի» չափաբաժնից և մեկ այլ ընկերությունից ևս 3400 դոլար։ Դրամական եկամուտները հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ՝ 93 000 դոլար։