Ինչո՞ւ ենք շտապում. Բաքուն ոչինչ չստորագրեց, սպասեց 26 տարի, մինչև եկավ նրա ժամը

Ինչո՞ւ ենք շտապում. Բաքուն ոչինչ չստորագրեց, սպասեց 26 տարի, մինչև եկավ նրա ժամը

Ինչո՞ւ ենք շտապում: Ինչո՞ւ չենք ցանկանում պարզել, թե ինչ է տեղի ունեցել, որտեղ էր սխալը, ով էր մեղավոր կամ, նույնիսկ, դավաճան: Ինչո՞ւ չենք պարզում, թե ինչ կապ ուներ ՀՀ տարածքով «խաղաղապահների» վերահսկողության ներքո ճանապարհ բացելը Ղարաբաղյան պատերազմի հրադադարի հետ: Չէ՞ որ Հայաստանը դե յուրե չի մասնակցել այդ պատերազմին, նույնիսկ զորահավաք չի եղել, միայն կամավորներն են մեկնել Արցախ: 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Աստվա՞ծ էր պարտադրել, որ չի քննարկվում ու չի քննադատվում: Ինչի՞ց են վախենում քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները: Էլ ի՞նչ կարող է անել Բաքուն, որ չի արել: Հարձակվել Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ կոնտինգենտի վրա եւ զրկել Մոսկվային երկար տարիների երազանքի՞ց: Պահանջել ադրբեջանական անկլավնե՞րը: Պահանջել Սեւանա լի՞ճը: Պահանջել «Էրիվանի կրիվոյ» անվանված փողո՞ցը: Հարձակվել ու գրավել ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետությո՞ւնը, որի զինված ուժերը չկրակելու հրաման են ստացել եւ անպատասխան են թողնում Ադրբեջանի ԶՈՒ բոլոր սադրանքները: 

Արդյո՞ք հրադադարի մասին փաստաթուղթը չի հիշեցնում Մոսկվայի 1921 թվականի պայմանագիրը, երբ այն ստորագրողները որոշեցին երրորդ երկրի ճակատագիրը՝ առանց նրա մասնակցության: Չէ՞ որ այդ հայտարարությունն ստորագրողներից ոչ մեկը չուներ Արցախի ժողովրդի մանդատը, մինչդեռ ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնացել է առկախված: 

Ինչո՞ւ ենք շտապում ընտրություններ անցկացնել՝ բերելով Ադրբեջանի օրինակը: Մի՞թե նրա պարտված ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյը կամավոր հրաժարական տվեց: Մոռացե՞լ ենք, որ Սուրաթ Հուսեյնովը ռազմական հեղաշրջում կատարեց, որից հետո անցկացվեցին ընտրություններ, եւ ընտրվեց Հեյդար Ալիեւը: Եվ հենց նա հետագայում ստորագրեց կապիտուլյացիայի փաստաթուղթը: Եվ ի՞նչ, «կապիտուլյանտ» Ալիեւը հրաժարակա՞ն տվեց: 

Այս ամենը չի՞ հիշեցնում դրսից պարտադրված շոու, երբ Բաքուն ՀՀ սահմանների հետ անում է ինչ ցանկանա՝ չարժանանալով ո՛չ դրսի, ո՛չ «ներսի» հակազդեցությանը: «Ներսինի» պասիվությունը, գուցե, բացատրելի է՝ մեր բանակը ծանր վիճակում է, ժողովուրդն ընկճված ու շփոթված է, ոչինչ չի հասկանում, սպասում է հետաքննության, որը չի կատարվում: Իսկ դրսինի՞ պասիվությունը: Մենք կրկնակի ռազմական ապահովություն ունեինք՝ ՌԴ եւ ՀԱՊԿ: Ռուսաստանի մի իրական դժգոհությունը, Ադրբեջանի հետ նրա ունեցած սահմանի մոտակայքում կատարված զորքերի տեղաշարժը հերիք էին, որ Իլհամ Ալիեւը խելքը գլուխը հավաքեր: 
Իսկ ՀԱՊԿ-ն: Ըստ Արամ Զավենի Սարգսյանի, այդ կազմակերպությունը ցանկանում է մեր տարածքում անցկացնել զորավարժություններ՝ նվիրված... թմրամիջոցների դեմ պայքարին: Հայաստանում, ի տարբերություն ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, թմրամիջոցների հետ պայքարի պրոբլեմ չկա: Այդ բնագավառում, փառք Աստծո, ամեն ինչ օքեյ է: Մեր բնակչությանը հուզում է այլ հարց՝ անվտանգության հարցը, արտաքին ագրեսիան չեզոքացնելու հարցը, ինչի մասին էլ մենք ունենք ստորագրված պայմանագրեր ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ: Հենց անվտանգության հարցով կարողացան մեզ գայթակղել ու համոզել՝ հրաժարվել Եվրոպայից եւ նախընտրել ԵԱՏՄ-ն: 
Մեզ ժամանակ է պետք, որ ոչ միայն պարզենք, թե ինչ է կատարվել 2020-ին, այլեւ պարզենք, թե ինչպես տեղի ունեցան իրար շատ նման՝ 2018-ի «թավշյա» եւ 1988-ի «ղարաբաղյան» հեղափոխությունները, որոնց առաջնորդները չկատարեցին իրենց խոստումները, այլ համընդհանուր էյֆորիայի մթնոլորտում եկան իշխանության եւ, մեղմ ասենք, վայելեցին իշխանության հմայքները՝ ժողովրդին «պարգեւելով» կորուստներ, դառնություններ, չքավորություն, պատերազմ ու արտագաղթ: Ինչո՞ւ են այդ «հեղափոխականներն» իշխանության գալուց հետո հրաժարվել կատարել լյուստրացիա: Ինչո՞ւ չեն պարզել, թե ՀՀ վերնախավի շրջանում կա՞ն արդյոք օտարերկրյա լրտեսներ կամ ազդեցության վճարովի գործակալներ: Վերջապես, ինչո՞ւ է անարձագանք մնում ՀՀ եւ նրա անվտանգության բնագավառի երկար տարիների ղեկավարի փեսայի վերջերս արված մեղադրանքը՝ մեր բարձրաստիճան հեղափոխականներից մեկի գործակալ լինելու մասին: Այն ղեկավարի, որը կարողացել է հրամցնել մեզ իր մի քանի դրածոներին եւ այնպիսի մոլորության մեջ գցել, որ մենք դրանց համարել ենք ընդդիմադիր գլխավոր առաջնորդներ: 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Այսօր մեզ շատ ավելի է հուզում Ռուսաստանի, քան Իրանի հետ երկաթուղային կապ ունենալու հարցը: Իսկ Սյունիքի ամենանեղ հատվածով անցնող եւ ընդամենը մի քանի կիլոմետր երկարություն ունեցող գազամուղը չի կարող մեր երկրին բերել զգալի եկամուտներ: Մինչդեռ Ադրբեջանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին միշտ էլ եղել է եւ հիմա էլ կա: ԽՍՀՄ օրոք հենց այդ ուղիով են կատարվել մեր հիմնական բեռնափոխադրումները: 

«Մեղրիի միջանցքում» թուրք-ադրբեջանական բեռնափոխադրումների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները, իսկ մեր բեռների եւ ուղեւորների փոխադրումը Ադրբեջանի տարածքում ոչ ոք չի ապահովելու: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ հակառակը լիներ: 

Եկեք ստուգենք՝ Բաքուն իրո՞ք այդքան հանդուրժող եւ խաղաղ է դարձել, որ մեր բեռներն ու ուղեւորները կարողանան նրա տարածքով անվնաս հասնել ՌԴ: Թող Բաքուն սկզբից բացի այդ արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղային ուղին, եւ տեսնենք՝ մեր բեռներն ու ուղեւորները կկարողանա՞ն առանց միջադեպերի եւ ողբերգությունների հասնել Ռուսաստան, թե՞ ոչ: 

Մարդիկ դեռ չեն մոռացել, որ նույնիսկ սովետմիության օրոք Նախիջեւանով անցնող մարդատար հայկական վագոնները քարկոծվում էին, իսկ 1988-ից սկսած՝ Ադրբեջանով տարանցվող մեր բեռները գողանում կամ փչացնում էին:

Գրիգոր 
Էմին-Տերյան