Ազատ` եթե ՔՊ ես ընտրում

Ազատ` եթե ՔՊ ես ընտրում

Մինչ Հայաստանը գնում է նոր ընտրությունների` արդեն օրը հայտնի է, երեկ հերթական ՏԻՄ ղեկավարը, մութ պայմաններում, հրաժարական տվեց` մեծ ուրախություն պատճառելով ՔՊ-ականներին: Որքան էլ օրենքը թույլատրում է, որ ոչ թե պառլամենտում իշխող կուսակցությունը հաղթի բոլոր համայնքներում, այլ ընդդիմադիր կուսակցությունները եւս կարողանան հաղթել եւ տեղական իշխանություն ձեւավորել, Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը դա ոչ մի կերպ չեն հանդուրժում: Մի կողմից՝ գիշեր ու զօր կարող են խոսել, որ 2018-ին փակել են ընտրակեղծիքների դարաշրջանը, եւ 5 տարի է՝ արդար ընտրություններ են կայանում երկրում, իսկ փաստերն այլ բանի մասին են խոսում:

Այն խոշորացված համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի կարողանում ադմինիստրատիվ ռեսուրսով ու նախընտրական ճնշումներով հաղթել, ՏԻՄ ընտրություններում հաղթած կուսակցությունների նկատմամբ աննախադեպ ճնշումներ ու հալածանքներ են սկսվում` պոտենցիալ համայնքապետերը հայտնվում են բանտում, ավագանու անդամներին ստիպում են հրաժարվել մանդատներից ու դավաճանել իրենց կուսակցություններին, ստուգումներ են ուղարկում ընդդիմադիրների համայնքներ: Վերջին «վարյանտ»` ՔՊ ավագանու անդամներն ուղղակի բոյկոտում են ավագանու նիստերը եւ արհեստական ճգնաժամ ստեղծում համայնքում, որ համայնքապետը զզվի` հրաժարական տա, կամ նիստեր չկայանան, եւ հնարավորություն ստեղծվի՝ օրենքով ավագանին լուծարել, նոր ընտրություններ նշանակել:

2018-ից առայսօր` 5 տարվա ընթացքում այս քաղաքական ուժը չսովորեց երկիրը նորմալ կառավարել, բայց շատ լավ յուրացրեց իշխանությունը զավթելու եւ քաղաքական հակառակորդներին ճնշելու բոլոր նախկին ստոր եղանակները, անգամ կատարելագործեց ու հարստացրեց այդ բազան: Ստացվեց` ընտրություններն ազատ են, եթե ՔՊ-ին ես ընտրում: