«Հրապարակ». ԵԿՄ-ն 30-ամյակն է նշում

«Հրապարակ». ԵԿՄ-ն 30-ամյակն է նշում

ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությունը նախապատրաստվում է մեծ միջոցառման։ Այս տարի Երկրապահ կամավորականների միության կազմավորման 30-ամյակն է, որի կապակցությամբ տոնական միջոցառում կանցկացվի հուլիսի 23-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Չնայած Երկրապահի օրը Հայաստանում նշվում է մայիսի 8-ին, սակայն 1993 թվականի հուլիսի 23-ին է տեղի ունեցել Երկրապահների առաջին համագումարը, ու ստեղծվել է Երկրապահ կամավորականների միությունը։ Դրանից տարիներ անց ԱԺ-ում որոշում կայացվեց, որ մայիսի 8-ը նշվի որպես Երկրապահի տոն։

Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, լուսաբանման ենթակա չի լինի, կամ կհրավիրվեն ընտրյալ լրատվամիջոցներ։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց, թե հանձնաժողով է ձեւավորվել, որը զբաղվում է միջոցառման նախապատրաստական հարցերով եւ հանդես կգա հայտարարությամբ։