«Հանրապետությունը» ողջունում է Փաշինյանի առաջարկը, բացառում՝ «Հայաստանի»-ի հետ աշխատելը, «Պատիվ ունեմ»-ի հետ՝ գուցե ոչ

«Հանրապետությունը» ողջունում է Փաշինյանի առաջարկը, բացառում՝ «Հայաստանի»-ի հետ աշխատելը, «Պատիվ ունեմ»-ի հետ՝ գուցե ոչ

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որով նախատեսվում է արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի համագործակցային ձևաչափ։

Հուլիսի 9-ին Փաշինյանը «կլորսեղանային» հանդիպում էր ունեցել մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման ներկա չէ «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հրապարակի» հետ զրույցում կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը վերահաստատեց իմքայլական վարչապետի այն հայտարարությունը, որ այս հանդիպումից Սարգսյանի բացակայությունը պայմանավորված էր նրա՝ հանրապետությունում չլինելու փաստով։

«Պարոն Սարգսյանը հանրապետությունից բացակայում էր, դրա համար հանդիպմանը ներկա չի եղել», - ասաց Խաչատրյանը։
 
Իսկ թե ինչպե՞ս է պակերացնում խորհրդարան չանցած «Հանրապետություն» կուսակցությունն իր գործունեությունը և ո՞ր կուսակցությունների հետ է պատկերացնում իր համագործակցությունը, քաղաքական գործիչը պատասխանեց, որ  «աշխատելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք մինչև այս»։

««Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի նախաձեռնությունը [արտախորհրդարանական ուժերի համագործակցության նախաձեռնությունը] ողջունել է։ Մենք համարում ենք, որ եթե նույնիսկ բանավեճերի ֆորմատ ձևավորվի, այդ ֆորմատում գոնե մեկ արժեքավոր առաջարկ արվի արտախորհրդարանական ուժերի մեջ, որը կընդունվի, դա շատ կարևոր է պետության և հասարակության համար։ Եթե իշխանությունն օգտվի խելոք, ճիշտ տեսակետներից, դա շատ կարևոր է հենց պետության համար։ Դրա համար մենք ողջունել ենք նախաձեռությունը», - նշեց նա։

«Հանրապետություն կուսակցությունը երկար տարիներ՝ 20 տարի քաղաքական պրոցեսում է։ Այս տարի մեր 20 ամյակն է։ Կուսակցությունը շատ քիչ է եղել խորհրդարանում և խորհրդարանից դուրս միշտ եղել է ասպարեզում։ Նույնիսկ այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս դժվար ընտրություններում, «սևի ու սպիտակի» մեջ մենք 4-րդ քաղաքական ուժն ենք։ Ու դա շատ կարևոր է մեզ համար։ Եվ մեզ տված ցանկացած քվեն ուղղակի չի լինելու․ մենք աշխատելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք մինչև այս։ Մասնակցելու ենք նաև ՏԻՄ ընտրություններին, որտեղ կունենանք թեկնածուներ», - շարունակեց Երևանի ավագանու անդամը։

Խաչատրյանն ասաց, որ «Հանրապետությունը» հանուն Հայաստանի միշտ եղել է քաղաքական դաշտում ամենաակտիվ կուսակցություններից մեկը։ «Հիմա էլ շարունակում ենք։ Կուսակցության համար նաև շատ ակտիվ շրջան է նոր անդամագրումների ու թիմում նոր անդամներ ներգրավելու առումով, որը շատ է ավելացել պատերազմից հետո։ Եվ մենք ներկուսակցական աշխատանքներ էլ շատ-շատ ունենք և անում ենք։ Այնպես որ, քաղաքական պրոցեսներում մենք հաստատ լինելու ենք առաջատարներից, անընդհատ լինելու ենք ասպարեզում», - ընդգծեց քաղաքական գործիչը։

Հարցին՝ «խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների հետ ինչ-որ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք», Անի Խաչատրյանը պատասխանեց․

«Ես բազմիցս նշել եմ, որ «Հայաստան» դաշինքի հետ «Հանրապետություն» կուսակցությունը երբևիցե որևէ համագործակցություն չի ունենա, բացի պատերազմական, Հայաստանի շուրջ սպառանացող վտանգի պայմաններում։ Ուրիշ ձևաչափով երբևիցե չի ունենա համագործակցություն։ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, ժամանակը ցույց կտա․ նայած՝ քաղաքական որ կողմում նրանք կլինեն: Եթե իրենք «Հայաստան» դաշինքի հետ չլինեն համատեղ համագործակցության շրջանակներում, միգուցե որևէ ձևաչափով ունենանք համագործակցություն, աշխատանքային շփում։ Դա ժամանակը ցույց կտա»։

Հարցին՝ Արամ Սարգսյանի և Սերժ Սարգսյանի միջև հարաբերությունները նորմա՞լ են, Խաչատրյանը պատասխանեց, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի հարաբերությունները «նորմալ են գրեթե բոլոր քաղաքական գործիչների հետ»։

«Արամ Սարգսյանի հարաբերությունները նորմալ են գրեթե բոլոր քաղաքական գործիչների հետ, մենք թշնամիներ չունենք։ Մենք չենք թշնամանում ոչ մեկի հետ։ Այո՛, Արամ Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները նորմալ են, այդ թվում՝ պարոն Վանեցյանի հետ։ Իմ հարաբերությունները շատ լավ, ընկերական են Տարոն Մարգարյանի հետ, որին ընդդիմադիր եմ եղել միշտ, Հայկ Մարությանի հետ ու առհասարակ բոլորի հետ», - եզրափակեց ՀԿ քաղաքական խորհրդի անդամը։