Առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը
Որքա՞ն են շարունակվելու բողոքի գործողություններն ու ի՞նչ գործնական քայլեր պետք է իրականացվեն՝ պայքարը վերջնակետին հասցնելու համար, այս հարցը բարձրաձայնեց Ֆրանսիայի հրապարակում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկը։
«Դիմադրության» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, նշելով, որ, եթե չլիներ համաժողովրդական լայն ընդվզումը, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ զիջումների գնացած կլիներ։
«Մենք լուրջ ձեռքբերումներ ունենք այս ընթացքում, դա ակնհայտ է։ Առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը, այդ թվում՝ Հայաստանից որոշ տարածքներ։
Ի՞նչ պետք է անենք․ բանաձևը պարզ է և հստակ՝ պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը»,- ասաց Սաղաթելյանը։
Պայքարն այս տեմպով շարունակելու դեպքում հաջողության կհասնեն, բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացն առջևում է, շարունակեց Սաղաթելյանը։
«Այն տարբերակը, որը Նիկոլն է ասում՝ ժողովո՛ւրդ ջան, եթե սխալ եմ, ինձ պատերի տակ «գյուլլեք», այդ նախադասությունը, որն անընդհատ ասում է, մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու»։ Բայց ովքեր գործել են դավաճանություն, դատարանի առջև պատասխան տալու են, վստահ եղեք», - հայտարարեց Սաղաթելյանը:
Կարծիքներ