Ժամանակին հեռանալը եւս առաքինություն է

Ժամանակին հեռանալը եւս առաքինություն է

Ցանկացած ռազմաքաղաքական ընտրանու հասունությունն ու լայնախոհությունը, որպես կանոն, առանձնահատուկ շեշտադրմամբ է դրսեւորվում սերնդափոխությունների ժամանակ:
Սովորաբար, կայացած եւ ավանդույթներ ունեցող պետականություններում սերնդափոխությունները ոչ միայն երկրի համար հավելյալ խնդիրներ չեն ստեղծում, այլ նաեւ նոր եւ ավելի կենսունակ գաղափարներով ու մոտեցումներով հարստացնում են պետության ռազմաքաղաքական օրակարգը: Իսկ երբ երկիրը չունի ռազմաքաղաքական ընտրանի ընտրելու ճիշտ ավանդույթներ եւ, հետեւաբար, ճիշտ ընտրված ընտրանի, ապա այդ երկրի մայրաքաղաքի փողոցներում կատարվում է այն, ինչը որ կատարվում է այսօրվա Երեւանի փողոցներում:

Սակայն, ինչպես ցույց է տալիս փողոցում կատարվողի նկատմամբ ժողովրդի դրսեւորած վերաբերմունքը, անկախ նրանից, թե տարածաշրջանի համար ինչպիսի դարաշրջան են ուզում բացել օրվա իշխանությունները, անկախ նրանից, թե Ֆրանսիայի հրապարակում ինչն ու ումից են ուզում փրկել ընդդիմադիրները, միեւնույն է՝ այս ժողովրդի համար ո՛չ իշխանությունների՝ «երկիր փրկողի» կեցվածքը, ո՛չ Ֆրանսիայի հրապարակում «երկրի փրկությամբ մտահոգ իմաստունի» կերպարով հանդես գալու ընդդիմադիրների փորձերը ոչ մի լումայի արժեք չունեն:

Ժողովուրդն այս իմաստով, իրոք, իմաստուն է: Այս պարագայում նրա իմաստնությունն արտահայտվում է Երեւանի փողոցներում կատարվողի նկատմամբ նրա դրսեւորած կրավորական վերաբերմունքով: Կրավորական վերաբերմունք, որով նա ասում է, որ այս երկրի երեսուն տարվա խաղաղությունը ձախողածներն ու պատերազմում պարտվածները պետք է հեռանան: Կրավորական վերաբերմունք, որով նա շեշտադրում էր, որ ինքը, չհավատալով այս իշխանություններին, չի հավատում նաեւ Ֆրանսիայի հրապարակին: Կրավորական վերաբերմունք, որով նա արձանագրում է, որ ինքը դեռ սպասում է: Սպասում է նրանց` այն երիտասարդներին, ովքեր նոր պիտի գան, նրանց, ովքեր աշխատել եւ երկիրն աշխատեցնել գիտեն:

Այս առումով գնացողների գնալն ու եկողների գալը ուղղակի ժամանակի հարց է: Այս երկրի այսօրվա խնդիրն ավելի շատ գնացողների գնալու եւ եկողների գալու ձեւի ու կերպի մեջ է: Ավելի ճիշտ՝ գնացողների «ժամանակին հեռանալ կարողանալու» եւ եկողներին «գալուց հետո ողջախոհ մնալու» մեջ է, որովհետեւ, ինչպես «ժամանակին հեռանալ կարողանալը», այնպես էլ գալուց հետո «ողջախոհ մնալը» առաքինություններ են: Իսկ առաքինի լինելու եւ առաքինի մնալու կարիք մենք՝ բոլորս ունենք:

Գալուստ Սարգսյան